‘Հրանուշ Հակոբյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել. Մամուլ’

2935

Մամուլն անդրադառնում է Հրանուշ Հակոբյանի երեկվա ասուլիսին: «Հրապարակը» գրում է. Տարին «բարձր մակարդակով» ամփոփելու Հովիկ Աբրահամյանի հրահանգը նախարարները մեկ մարդու պես կատարում են՝ յուրաքանչյուրն իր ֆանտազիայի շրջանակներում: Մեկը տպավորիչ սրահ է ընտրում, մյուսը  խեղկատակության հասնող իր ունակություններն է դրսևորում՝ լրագրողների աշխատանքը գնահատելով, երրորդն իր աշխատակազմի կազմակերպած միջոցառումների ցանկն է ներկայացնում: Վերջինիս թվում էր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով կառավարության նիստից հետո մամուլի սրահ մտավ նախարարության աշխատակազմի ուղեկցությամբ՝ ավելի հանդիսավոր դարձնելով ամփոփիչ ասուլիսը: 12:30-13:10-ը տիկին նախարարը միալար պատմեց, թե ինչ հայրենասիրական միջոցառումներ են արել, ինչքան հանձնաժողով ձևավորել, կրթադաստիարակչական ինչ սուրբ գործ կատարել:

Մինչ տարերքի մեջ թվարկում էր, ընդհատեցինք՝ խնդրելով կոնկրետացնել, թե ինչ է արվել սփյուռքի նախարարության շնորհիվ: «Գիտեք, շնորհիվ չկա, ես բոլորի հետ աշխատում եմ, մեր նախարարության վարչություններն աշխատում են իրենց հետ… Սամվել Կարապետյանի ներդրումները վերջին շրջանում Ղարաբաղի հիվանդանոցի…»:

«ՀԺ»-ն գրում  է. «ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը անցնող տարում համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել: Կարելի է արձանագրել, որ նա աշխարհի ամենակարդացող մարդն է: Նախարարը մեկ տարվա ընթացքում կարդացել է 110 հազար 409 գրություն:

Այս մասին Հակոբյանը հայտնել է երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ: Եթե կատարենք թվաբանական պարզ հաշվարկ, ապա կպարզվի, որ 4.7 րոպեն մեկ` նա ընթերցել է մեկ նամակ, ընդ որում` ներառյալ գիշերները և հանգստյան օրերը: Ահա թե ով է աշխարհի ամենազբաղված, ամենաարագ ընթերցող, և ամենակարևոր նախարարության ղեկավարը»:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության անտրամաբանական գնումները. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘2014-ին Հայաստանի հետ տեղի ունեցածից հետո ճիշտ կլիներ ԱՊՊԱ կանչել. «ՉԻ»’