‘Հրանտը Հրանտի մասին. Վարչապետի թեկնածո՞ւ’

1358

Նախորդ երկու հոդվածներում խոսեցի առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված որոշ ընդհանուր հարցերից, այժմ ուզում են առանձին անդրադառնալ թեկնածուներից մի քանիսին:

Առաջինն այս շարքում Հրանտ Բագրատյանն է, մանավանդ, որ նրա թեկնածությունը պաշտպանող ընկերներիցս մեկին խոստացել եմ տոներից հետո առավել մանրամասն ներկայացնել իմ տեսակետները այս թեկնածուի մասին: Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ Հրանտ Բագրատյանի թեկնածության մասին շրջանառվող վարկածներից է այն, որ նա փաստացի ոչ այնքան նախագահի, որքան վարչապետի պաշտոնի համար է պայքար մղում: Բագրատյանի կողմնակիցներն էլ իրենց հերթին պնդում են, որ նա կարող է դառնալ իրական այլընտրանք իշխանական թեկնածուին: Մեր նպատակը պետք է լինի, որպեսզի շահագրգիռ եւ ազնիվ քաղաքացին կարողանա կողմնորոշվել այս իրավիճակում՝ հաշվի առնելով այն, որ մամուլի մեծ մասը զբաղված է «մուտիտներ»-ով՝ ամեն մեկը ելնելով իր քաղաքական բացահայտ կամ քողարկված նպատակներից: Միակ ելքն այս պայմաններում մնում է առաջնորդվել ոչ թե «վստահելի աղբյուրներից» փոխանցված «հավաստի» տեղեկություններով եւ այլ բանավոր «ինֆոներով», այլ բաց հրապարակային տեքստերի ուշադիր ընթերցմամբ եւ վերլուծմամբ: Խնդիրն այն չէ, որ փակ աղբյուրների հաղորդումները կամ տարբեր տիպի «գաղտնազերծումները» միշտ անվստահելի են՝ դրանց մի մասը հաճախ կարող է իրոք, հավաստի տեղեկություններ պարունակել, բայց շարքային քաղաքացու համար դրանց ճշմարտացիությունը մեծամասամբ անստուգելի է: Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ բաց աղբյուրները հիմնականում պարունակում են այն ամենն, ինչը հավակնում են հաղորդել «հավաստի» եւ փակ աղբյուրները: Այս իմաստով այս կամ այն գործչի հրապարակային տեքստերը մնում են իրավիճակը հասկանալու գլխավոր աղբյուր: Հրանտ Բագրատյանն էլ բացառություն չէ: Այս պահին կարող ենք հիմնվել այդ թեկնածուի առաջին իսկ հրապարակային ելույթի վրա, որպես նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության համագումարում անցյալ տարվա վերջին: Այդ ելույթի առանցքային կետերն են՝ ա. մեզ իշխանություն պետք չէ,բ. ի տարբերություն 2008-ի իշխանափոխության շարժման, մենք ուզում ենք հանդես գալ,որպես կոնկրետ գաղափարական՝ ազատական (լիբերալ) հոսանքի ներկայացուցիչներ, գ. ելույթի հիմնական մասը նվիրված էր տնտեսական հարցերին, թեեւ` համաշխարհային ընդգրկմամբ: Շեշտեմ, որ այս կետերը ոչ թե առանձին-առանձին են կարեւոր, այլ իրենց կապի մեջ: Կարծում եմ, ցանկացածին, ով հետեւում է քաղաքական ելույթներին, պարզ է, որ տվյալ դեպքում Բագրատյանը, որը նախկինում աչքի էր ընկնում իր հեղափոխական ելույթներով ՀԱԿ հանրահավաքներին՝ «թունիսացման» եւ «եգիպտացման» կոչերով, հրաժարվում է հեղափոխական հռետորիկայից եւ մարտավարությունից: Պարզ է, որ նա հրաժարվում է նաեւ իշխանություն ստանձնելու իրական հավակնություններից, քանի որ, եթե Հայաստանում խնդիրը լիներ գաղափարական տարբեր հոսանքների մրցակցությունն ընտրություններում, ապա որեւէ կարիք չէր լինի զանգվածային, հրապարակային շարժումների, ընդդիմադիր դաշտի համախմբման փորձերի, եւ առհասարակ օրակարգային կլինեին բոլորովին այլ ներքաղաքական հարցեր, քան այսօր ե՛ն: Ակնհայտ է, որ Հայաստանում գաղափարական-քաղաքական մրցակցություն չկա, ոչ թե որովհետեւ չկան այս կամ այն գաղափարը դավանող ուժեր կամ անձինք, այլ` որովհետեւ չի աշխատում մրցակցության հիմնական մեխանիզմը՝ համապետական ընտրությունները: Հետեւաբար որեւէ ոչ իշխանական քաղաքական ուժ, ինչ գաղափարախոսության կրող էլ լինի կամ, որ հասարակական շերտն էլ ներկայացնի, գաղափարական իր ծրագրերն իրականացնելու հիմնական՝ իշխանական լծակին տիրապետելու համար, ստիպված է մասնակցել այլ եւ հաճախ՝ հակադիր գաղափարները ներկայացնող քաղաքական ուժերի լայն համախմբմանը: Եթե այս պայմաններում որեւէ գործիչ մասնակցում է նախագահական ընտրություններին, հակադրելով իր մարտավարությունը «իշխանափոխության շարժմանը» եւ հայտարարելով գաղափարական մասնակցություն, պարզ է, որ նա փաստացի հրաժարվում է, հանուն նախագահի պաշտոնի, իրական պայքարից: Հետեւաբար, այստեղ իրոք, առավել հավանականը դառնում է Բագրատյանի, որպես վարչապետի պաշտոնի հավակնորդի վարկածը, որովհետեւ բարդ է պատկերացնել, թե այս ամենը չի հասկանում ինքը` թեկնածուն: Ուզում եմ հատուկ շեշտել, որ սրանից չի հետեւում, թե Բագրատյանին համարում եմ դավաճան, ծախված, վատ մարդ եւ այլն: Ո՛չ, դրա համար չկան բավարար որեւէ հրապարակային փաստեր: Ավելին ասեմ, չեմ էլ պատրաստվում, նույնիսկ դատապարտել նախկին վարչապետի նման մարտավարությունը: Եթե մարդն իրոք, համարում է իր ծրագիրն իրատեսական՝ կարծում է, որ կարող է ընտրություններում բավականաչափ ձայներ հավաքելով, հավակնել վարչապետի պաշտոնի, եւ այդ պաշտոնում օգուտ բերել մեր երկրին իր գիտելիքներով եւ հմտություններով, ապա` Աստված օգնական: Այլ բան է, որ անձամբ ես այդ ծրագիրը նախ իրատեսական չեմ համարում, քանի որ փորձը, կարծես, հուշում է, որ Սերժ Սարգսյանը հավասար, պարտնյորային քաղաքական հարաբերությունների հակված գործիչ չէ եւ նախընտրում է գործ ունենալ վերջնականապես փչացած՝ գեղամյանատիպ անձանց հետ կամ էլ վերջին պահին գցել պոտենցիալ պարտնյորին՝ քաղելով քաղաքական հնարավոր դիվիդենտները: Երկրորդ՝ նույնիսկ, եթե ծրագիրն իրատեսական է, ես անձամբ որեւէ փաստարկ չեմ գտնում այն աջակցելու կամ այլոց աջակցության կոչ անելու համար:

Ուստա Հրանտ

«Հայկական Ժամանակ» 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Հասկանո՞ւմ եք` ինչ է նշանակում մրցել Հայրիկյանի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Արոնյան – Հոու Յիֆան. Ուղիղ’