‘Հրանտ Բագրատյանը չի ներկայացնում ՀԱԿ խմբակցությունը’

2567

Հայ ազգային կոնգրեսի խմբակցության՝ օգոստոսի 9-ի հայտարարության մեջ ներկայացվում է հետևյալ իրողությունը.

Սահմաններում իրավիճակի սրման հետ կապված` օգոստոսի 4-ին ՊՆ Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ։ Համատեղ որոշում է կայացվել «հանդես գալ հայոց բանակին և զինվորներին աջակցելու միասնական հայտարարությամբ, ինչպես նաև խմբակցությունների ղեկավարների համատեղ այցով մեկնել ճակատի գիծ և հանդիպումներ անցկացնել հայրենիքի պաշտպանության գործով զբաղված զինվորների և հրամանատարական կազմի հետ»։

Սակայն, օգոստոսի 7-ին Կոնգրեսի խմբակցությանը տեղյակ է պահվել, որ կայացված պայմանավորվածությունը վերանայվել է՝ այդ հանդիպման հետ որևէ կապ չունեցող Հ. Աբրահամյանի կողմից։ Ըստ այդ «վերանայման»՝ ճակատի գիծ է այցելելու Հ. Աբրահամյանը, իսկ խմբակցությունների ղեկավարներին հրավիրում է մաս կազմել իր պատվիրակությանը։

Կոնգրեսի խմբակցությունն արտառոց այս փաստը գնահատել է հետևյալ կերպ. «Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը, տեղեկանալով ԱԺ խմբակցությունների միջև օգոստոսի 4-ին ձեռք բերված համաձայնության մասին, որոշել է օգտագործել այն սեփական անձի գովազդման նպատակով, ինչպես նաև, կցելով խորհրդարանական պատվիրակությունն իրեն, փոխարինել ազգային շահերի շուրջ համախմբման խորհրդանիշը՝ իշխանության շուրջ համախմբման պատրանքով: Հովիկ Աբրահամյանի նման գործելակերպը ուղղված է, ըստ էության,  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնության և ձեռք բերված համաձայնության տապալմանը»:

Խմբակցությունը, որպես հստակ քաղաքական դիրքորոշում, հայտարարել է, որ «մերժում է Հովիկ Աբրահամյանի քարոզարշավին մասնակցելու հրավերը և վերահաստատում իր պատրաստակամությունը իրականացնելու Սեյրան Օհանյանի հետ օգոստոսի 4-ին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ զորամասեր և շփման գիծ կատարվելիք ինչպես համատեղ, այնպես էլ առանձին այցերի վերաբերյալ»:

Եւ ահա, Հ. Աբրահամյանի՝ օգոստոսի 10-ին իրականացրած հիշյալ այցի մասին տրվող հաղորդագրություններում կարդում ենք, որ նրա պատվիրակության կազմում, ի թիվս այլոց, եղել է «ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը»։

Պարզից էլ պարզ էր, որ այս ամենը իշխանությունները փորձելու են վերածել փիառ շոուի: Տարօրինակ է միայն, որ այս ամենը հասկանալի չէ տարիներ շարունակ Հայաստանի վարչապետի բարձր պաշտոնը զբաղեցրած, քաղաքական կուսակցության ղեկավար մարդու համար։ Բացի դրանից, նման քայլ անելուց առաջ, նա առնվազն պետք է հայտարարեր, որ համաձայն չէ խմբակցության որոշման հետ, հիմնավորեր, թե ինչու, և որ Հ. Աբրահամյանի պատվիրակության կազմում ինքը սահման է մեկնում որպես մասնավոր անձ և ոչ մի կերպ չի ներկայացնում ՀԱԿ խմբակցությունը։ Եւ անգամ այս դեպքում նրա քայլը քաղաքական իմաստով պիտի մնար դատապարտելի։ Հ. Բագրատյանը պատգամավոր է դարձել Կոնգրեսի համամասնական ցուցակով՝ շնորհիվ այդ ցուցակը գլխավորողների հեղինակության, բազմաթիվ ՀԱԿ անդամների ջանքերի ու տասնյակ հազարավոր համակիրների տված ձայների։

Հրանտ Բագրատյանի կատարած ոչ կոռեկտ քայլը քաղաքական (և ոչ միայն` քաղաքական) իմաստով դատապարտելի է։ Չենք ուզում հուշել, բայց քաղաքական տարրական արժանապատվությունը նման դեպքերում պահանջում է անել նաև վերջին քայլը։

Վարդան Եղիազարյան

Նախորդ հոդվածը‘Կասպարովն ու Իլյումժինովն այսօր կպայքարեն ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնի համար’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոն. «Իտալական ֆուտբոլի պարտության առաջին քայլը կատարված է»’