‘Հրանտ Բագրատյան. Իրենց մոտ իրոք ճգնաժամ է, այն էլ՝ անբուժելի ‘

4756

ILur.am-ի հարցերին պատասխանում է ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

— Պարոն Բագրատյան, կարծես առաջին անգամն էր, որ ԱԺ-ում ՀՀ պետական բյուջեի նախագիծը նման մեծ դիմադրության արժանացավ. խորհրդարանական 6 խմբակցություններից 4-ը դեմ քվեարկեցին պետական բյուջեի նախագծին: Սա, Ձեր կարծիքով, ի՞նչ էր նշանակում:

— Դա նշանակում է, որ Հայաստանում կուսակցությունների մեծ մասի մոտ երկրում տարվող տնտեսական քաղաքականության նկատմամբ ձեւավորվում է անվստահության մթնոլորտ: Մեզ հաջողվեց ցույց տալ, որ 2013թ. բյուջեն վատն է, ավելին՝ ԱԺ-ում կա կառավարությանն ալտերնատիվ տնտեսական այլ քաղաքականության մոդել:

— Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հակառակն է պնդում. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, թե այս բյուջեն իրականում լավն է, մեծ նպատակներ, լուրջ խնդիրներ են դրել իրենց առաջ:

— Դա բացարձակ սուտ է: Այս աղքատ երկրում, որտեղից 2011թ. արտագաղթել է 90 հազար, իսկ 2012թ. առաջին 11 ամսում՝ ավելի քան 100 հազար մարդ, 2013թ. մարդիկ ապրելու են 4-5,5 տոկոս ավելի վատ:

— ԱԺ-ում քննարկումների ժամանակ Դուք շատ քննադատեցիք բյուջեի նախագիծը՝ շեշտելով, որ 2013թ. բյուջեով կենսաթոշակների ու աշխատավարձերի ավելացում նախատեսված չէ: Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը, խոսելով հաջորդ տարվա բյուջեում կենսաթոշակներն ու աշխատավարձերը չբարձրացնելու խնդրի մասին, ասաց, որ իրենք կտրուկ փոխում են սոցիալական քաղաքականության ուղղվածությունը. այլեւս ոչ թե այդ գումարներն են բարձրացնում, այլ՝ նախատեսված միջոցներն ուղղելու են մարդկանց աշխատատեղերով ապահովելուն, կրթություն ստանալու հնարավորությունների ստեղծմանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հանգամանքը:

— Կատարյալ հիմարություններ: Կրթություն ստանալը կամ աշխատատեղ ստեղծելը մի բան է, կենսաթոշակը՝ մեկ այլ բան: Այդ ո՞ր երկրում են աշխատատեղ ստեղծում կենսաթոշակի հաշվին:

— Պարոն Բագրատյան, վերջերս ԱՎԾ-ն հրապարակեց մի շարք վիճակագրական ցուցանիշներ, համաձայն որոնց՝ ՀՀ-ում ավելացել է ծայրահեղ աղքատների թիվը, սակայն աղքատության ցուցանիշը նվազել է 0,8 տոկոստով՝ 35,8-ից դառնալով 35 տոկոս: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հակասությունը:

— Այդ թիվը՝ 35%, հրապարակել է ԱՎԾ-ն՝ Համաշխարհային բանկի հետ միասին։ Աղքատների թիվը բաժանում են մշտական բնակչության թվի վրա։ Հետեւաբար, թիվը մեծացնելու 2 տարբերակ կա՝ փոքրացնել աղքատների թիվը, բայց կարելի է նաեւ արհեստականորեն ավելացնել բնակչության թիվը։ Ուրեմն,  խնդիրը հայտարարի մեջ է։ Երկրից անցյալ տարի հեռացել է ավելի քան 90 հազ մարդ, այսինքն՝ բնակչության 3 տոկոսը։ Եթե ճշգրտորեն հաշվառեին բնակչության թիվը, կստանային, որ աղքատների ե՛ւ թիվն է ավելացել, ե՛ւ տոկոսը։ Իրենց «մեթոդիկայով» տոկոսը պակասել է՝ չնայած թիվն ավելացել է։ Ինչեւէ, Սերժ Սարգսյանի կառավարման 4 տարիներին աղքատությունը 23%-ից դարձել է 35% (այնինչ՝ նա խոսք էր տվել 11% դարձնել), իսկ աղքատների թիվը ավելացել է 250 հազար մարդով։   Եզրակացությունները թողնում եմ ձեզ:

— Ինչպե՞ս հասկանանք այն փաստը, որ կառավարությունը, մի կողմից՝ խոսում է տնտեսական աճի, ակտիվության մասին, մյուս կողմից` այսքան աղքատ կա երկրում: Արդյո՞ք այդ տնտեսական ակտիվությունն ու աճը ինքնաբերաբար չպետք է ազդեին, որ բնակչության կենսամակարդակը բարձրանա:

— Շատ պարզ է. ոչ տնտեսական ակտիվություն կա, ոչ էլ աճ։ Ավելին, եղածը գնալով կենտրոնանում է մի քանի մարդկանց ձեռքում, որոնք էլ սպառման շուկայի կրճատման պայմաններում (աղքատների թվի ավելացումը այլ հավասար պայմաններում նվազեցնում է համախառն սպառումը) ստիպված արտահանում են իրենց միջոցների մի մասը (կապիտալի արտահանում)։ Արդյունքում՝ նույնիսկ տնտեսության ֆորմալ աճի դեպքում (բովանդակային աճ չկա) աղքատությունն ավելանում է։

— Հրապարակված պաշտոնական տվյալներով՝ նվազել է ներդրումների ծավալը, մինչդեռ վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր ներդրումների համար ՀՀ-ում ստեղծված լավ պայմանների մասին: Սա ինչպե՞ս հասկանանք:

— Այդպես էլ հասկացեք. վարչապետ Տիգրան Սարգսյանը բացահայտ ստում է։

— Վարչապետը լրագրողներին խորհուրդ էր տալիս բացասական ցուցանիշներ մեջբերելուց բացի դրական, առաջընթացի մասին վկայող թվերը եւս նշել: Դուք, այս առումով, տեսնո՞ւմ եք արդյոք առաջընթաց:

— Ո՛չ: Միանշանակ՝ ո՛չ:

— Կարելի է ենթադրել, որ որքան գնա, այնքան վիճակը ՀՀ-ում վատանալու է, թե՞ դուք տեսնում եք իրավիճակը դրական հունով ընթանալու միտումներ:

— Համենայն դեպս՝ 2013-ի բյուջեի քննարկումները ցույց տվեցին, որ լավ բան մի սպասեք։

— Իշխանություններն ամեն անգամ իրենց թերացումները, ձախողումները մեկնաբանում են՝ «տնտեսական ճգնաժամ է եղել…»:

— Իրենց մոտ իրոք ճգնաժամ է, ընդ որում՝ անբուժելի:

— Ձեր կարծիքով, այսքանից հետո Սերժ Սարգսյանն ունի՞ բարոյական ու քաղաքական իրավունք՝ կրկին թեկնածու առաջադրվելու:

— Մի մոռացեք, որ ամեն մարդ ունի բարոյականության իր չափանիշները։

— Չնայած այս տարիներին վիճակը գնալով վատանում է, սակայն ընտրություններում իշխանությունների ձայներն են ավելանում: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Ամեն ինչ շատ պարզ է. նրանք, ովքեր լքել են երկիրը, դրսում ավելի լավ պայմաններ են գտել, մեծամասնությամբ, քան ունեին այստեղ։ Շնորհիվ իշխանությունների՝ նրանք այլեւս Հայաստանում չեն։ Եվ ահա, իրենց՝ դեռեւս Հայաստանում մնացած հատուկենտ ազգակցականների միջոցով շնորհակալություն են հայտնում՝ լուռ տանելով իշխանությունների արածները։

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Զարուհի Փոստանջյան. Բաղրամյան 26-ը ես դիտարկում եմ որպես ՀՀ քաղաքացիների թշնամի’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայում առգրավվել է 80 միլիոն դոլարի կոկաին’