‘Հրանտ Բագրատյան. Կենտրոնական բանկը բռնել է տնտեսության ամորձիներից’

1452

Ազգային ժողովի այսօրվա նիստում, խոսելով Հայաստանի ֆինանսական համակարգի արատներից, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն առանձնացրեց բանկերի չափազանց արտոնյալ պայմանները:

«Բանկերը կենտրոնացնում են հարստությունը: Բանկերը փողը վերցնում են աղքատներից, տալիս են հարուստներին, վերցնում են մարզերից, տալիս են Երեւանին: ԿԲ-ն ճնշում է ողջ ֆինանսական դաշտը: Դուք չեք թղնում՝ բորսաները կայանան: Տնտեսության մեջ երկար փող չկա: Ներդրումների համար փող չկա: Այս ինստիտուտը ռմբահարվում է բանկերի, կառավարության կողմից», — մասնավորապես՝ նշեց նա:

Ըստ Բագրատյանի՝ պետությունը վախենում է երկարատեւ բիզնես-ծրագրերից, քանի որ դրանք իրականացնողները մտածող մարդիկ են, իսկ մտածող մարդուց իշխանությունը վտանգ է տեսնում: Հայաստանը, Հրանտ Բագրատյանի խոսքերով, դարձել է բուրժուա-ֆինանսական պետություն, որը մտածում է միայն խոշոր կապիտալի մասին: «Դրա համար էլ Բագրատաշենից օրական 4-7 ավտոբուս է մեկնում», — նշեց նա:

Ըստ պատգամավորի՝ բանկերը հավասարապես պետք է կիսեն ռիսկը  կարկուտից տուժած գյուղացիների հետ: Բագրատյանի խոսքով՝ նույն կերպ բանկերը պետք է հավասարապես ռիսկի ենթարկվեն  դրամի փոխարժեքի կտրուկ տատանման դեպքերում: «Ինչպե՞ս է ստացվում, որ Ուկրաինայում գրիվնայի 60 տոկոս անկման ժամանակ պետությունը կորուստները կիսեց հավասարապես բանկերի եւ վարկառուների միջեւ, իսկ մեզ մոտ ամբողջ ռիսկը վարկառուինն է», — հարցադրեց պատգամավորը:

«ԿԲ-ը եւ ֆինանսական համակարգը բռնել են հանրապետության տնտեսության ամորձիներից, չեն թողում, որ զարգանա», — եզրափակեց կոնգրեսական պատգամավորը: 

Նախորդ հոդվածը‘Զիդանի վարպետությունը նույնն է մնացել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘«Բարև, Երևանը» չի մասնակցի քաղաքապետի երդմնակալության արարողությանը’