‘Հրանտ Բագրատյան. Ո՞վ է գողացել այդ 1 միլիարդը’

1499

Իմ կարծիքով՝ իրավիճակը բյուջեի շուրջ բավականին բարդ է կառավարության համար: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

«Բանն այն է, որ առաջին անգամ խորհրդարանական մարդիկ պահանջեցին բյուջեի ամբողջական քննարկում՝ ոչ միայն ծախսերի, այլև եկամուտների: Պարզվում է՝ ավելի քան  մեկ տասնամյակ է՝ բյուջեի եկամուտները երբեք չեն քննարկվել: Եթե չգիտես եկամուտները, ապա ի՞նչ ես քննարկում: Ոչ միայն կառավարությունը, այլև Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը տոն էր տալիս այս արատավոր պրակտիկային»,- ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ կառավարությունը և ԱԺ իշխող մեծամասնությունը փաստի առջև են կանգնած:

Բագրատյանը մանրամասնեց, որ բյուջեի նախագծում գրված է, թե ՀՆԱ-ն կլինի 4 տրիլիոն 567 միլիարդ դրամ, այսինքն՝ պետության եկամուտները, գումարած մարդկանց եկամուտները, գումարած բիզնեսմենների շահույթների գումարը՝ պիտի նույն թիվը տա:

«Հիմա չեն կարողանում բերել, գումարել, էդ թվերը տալ: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ամենաքիչը 300 միլիարդ ուղղակի չկա հարկերի գծով: Նաև կա անուղղակի հարկերի դերը, սա էլ նայում ենք՝ արտահանում-ներմուծումն ինչքան է, և ներմուծման նկատմամբ կիրառում ենք ավելացված արժեքը, գումարում ենք այն ավելացված արժեքի հարկը, որը գոյանում է երկրի ներսում: Այստեղ էլ գոյություն ունի պրոբլեմ 80-ից 100 միլիարդ դրամի չափով: Այսինքն, ավելի քան 1 միլիարդ դոլար չկա: Առաջարկվել է ՀՀԿ մեծամասնությանը գտնել այդ մեկ միլիարդը: Ո՞վ է գողացել այդ 1 միլիարդը»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ընդդիմության բարձրացրած սոցիալական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է 75-80 միլիարդ դրամ՝ 150 միլիոն դոլար:

Նախորդ հոդվածը‘Ռուդ Գուլիտ. Գվարդիոլան չի կարող նույն գետը երկու անգամ մտնել’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիան ընդլայնել է պատժամիջոցները Սիրիայի դեմ ‘