‘Հրանտ Բագրատյան. 2013 թվականի բյուջեի տրամաբանությունն ամբողջությամբ սխալ է ‘

1227

Ծայրահեղ անբավարարված եմ 2013 թվականի բյուջեի որակից, դրա տրամաբանությունը, գաղափարախոսությունն ամբողջությամբ սխալ են: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա համոզմամբ՝ գտնված չեն ճիշտ միջոցները՝ այս դժվարին վիճակում երկրի ֆինանսական վիճակը ադեկվատ պահելու:

«Կառավարությունն ասում է՝ բյուջեն սոցիալական է. սրանք վարչապետի խոսքերն են: Ստիպված ես լինում բացատրել, որ ոչ սոցիալական բյուջե չի լինում: Բյուջեն ֆինանսավորում է հանրային կարիքները, իսկ դրանք բոլորն էլ սոցիալական են: Ի՞նչ թեզով են նրանք այսպիսի խոսք ասում արդեն  տարիներ շարունակ՝ չեմ կարող ասել»,- նշեց Բագրատյանը:

Նրա խոսքով՝ բյուջեում ձևավորված չեն միջոցներ, որ կարողանանք աճ ստանալ, ու բյուջեի աճ չունենք: Բագրատյանը նշում է, որ առերևույթ118 միլիոն դրամի աճ կա, բայց եթե չեզոքացնում ենք գնաճը, եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը և նոր հարկային վարչարարությունը, տակը բան չի մնում:

«Ազգային ժողովում, չգիտես ինչու, բյուջեի քննարկումը սկսում են ծախսերից: Սկզբում եկամուտը քննարկեք, հետո ծախսերը: Երբեմն ես իրենց չեմ կարողանում հասկանալ, որովհետև ես հասկանում եմ, որ մենք տարբեր տրամաբանական դաշտերում ենք»:

Նշենք, որ այս օրերին Ազգային ժողովում ընթանում են 2013 թվականի բյուջեի նախագծի քննարկումները:

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական պայմանավորվածություն ձեռք չի բերել’
Հաջորդ հոդվածը‘«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի հայտարարությունը’