‘Հրանտ Դինքի գործով կալանավորվել է Ջիզրեի նախկին ոստիկանապետը’

944

Ստամբուլում հայերեն և թուրքերեն հրատարակվող «Ագոս» շաբաթաթերթի հանգուցյալ գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կալանավորվել է Ջիզրեի նախկին ոստիկանապետ Էրջան Դեմիրը։

IHA հաղորդման համաձայն, հետաքննության շրջանակում հունվարի 12-ին դատախազ Գյոքալփ Քյոքչուն որպես կասկածյալ հարցաքննության էր ենթարկել նաև Դեմիրին, ինչից հետո դատախազը նախկին ոստիկանապետի նկատմամբ կալանք կիրառելու պահանջ էր ներկայացրել դատարան, որը, սակայն, մերժել էր այդ պահանջը` սահմանելով միայն երկրից դուրս գալու արգելք։ Դատախազը բողոքարկել էր ոստիկանապետին ազատ արձակելու որոշումը: Ստամբուլի քաղաքացիական հերթապահ դատարանը բավարարել է դատախազի պահանջը, և Էրջան Դեմիրի նկատմամբ կալանավորման որոշում է կայացրել։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքն սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` «Ագոս» թերթի խմբագրության շենքի առջև: Մինչև սպանությունը նա հաղորդել էր, որ իր հասցեին  սպառնալիքներն ավելի հաճախակի են դարձել: Բացի այդ, նա դժգոհել էր, որ ոստիկանությունը հրաժարվում է իրեն պաշտպանել հնարավոր մահափորձից: Դինքի գործով դատավարությունն ավարտվել էր բավականին անփառունակ: Այդպես էլ չէին բացահայտվել սպանության պատվիրատուները, չէին ուսումնասիրվել դատարան ներկայացված որոշ փաստեր և վկայություններ: 2011 թվականի հունվարի 17-ին 25-րդ դատական նիստի ժամանակ ազատ էր արձակվել սպանության կազմակերպման համար կասկածյալներից մեկը` Էրհան Թունջելը: Դատարանը միայն 22 տարի 10 ամիս ազատազրկման էր դատապարտել Օգյուն Սամասթին, որը սպանության գործիք էր դարձել: Իսկ Յասին Հայալը, որը մեղադրվրում էր սպանության դրդելու համար, դատապարտվել էր ցմահ բանտարկության: 2013 թվականի սեպտեմբերի 17-ին դատավարությունը վերսկսվել է: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիները մոմեր և ծաղիկներ են բերում Ազատության հրապարակ (ֆոտոշարք)’