‘Հրանտ Մաթեւոսյանի կնոջ բաց նամակը Սերժ Սարգսյանին ‘

2638

Հրանտ Մաթեւոսյանի տիկինը՝ Վերժինե Մովսիսյանը, բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Նախ՝ թույլ տվեք սգակցությունս հայտնել Ձեր հոր՝ Ազատ Սարգսյանի մահվան առնչությամբ։ Ավագի, ծնողի, մեծի մահը ծանր է և անհամակերպելի, որքան էլ որ տրամաբանորեն անխուսափելի և կենսափորձ ունեցող հասուն մարդուն առարկայական թվա։ Իմ կենսափորձի ամեն այդպիսի բաժանումն ու լքումը այդպես էլ դժվար սպիացող վերք են մնացել։

Մի քանի օր առաջ Հրանտ Մաթևոսյանի մահվան տարելիցն էր, իսկ ընդամենը մեկ տարի և մեկ ամիս անց՝ նրա ութսունամյա հոբելյանը կլինի։ Մաթևոսյան մտավորականի իրական մեծության ու տրամաչափի մասին շուրջ մեկ ամիս առաջ գրողի որդուն՝ Դավթին Մոսկվայում պատահական, բայց օրինաչափ մի հանդիպման ժամանակ արժևորման ճշգրիտ խոսքեր է ասել Լեվ Տոլստոյի ծոռը՝ Վլադիմիր Տոլստոյը՝ ՌԴ նախագահի խորհրդականը։ Թերևս իր խորհուրդն ունի և այն, որ ռուս գրականության հսկաների ժառանգների տագնապի կոչով էր գումարվել «Գրական համաժողովը», ուր բացեիբաց, երես առ երես մտավորականությունը ՌԴ նախագահ Պուտինին հրամցրեց մշակույթի, լեզվի և գրականության ծանրագույն վիճակն այդ երկրում և հաշիվ պահանջեց։ Պուտինն իր հերթին լսեց, հաշվետու եղավ և քայլերի դիմեց. միայն այն, որ նա 2014-ը գրականության տարի է հայտարարել, համոզված եմ, նշանակելու է ոչ թե սոսկական միջոցառումների իրականացում, այլ առավելապես հաջողված ռազմավարական քայլերի պլանի իրականացում։

Ինչևէ, Վլադիմիր Տոլստոյի` Մաթևոսյանին բնորոշող խոսքերը՝ «իմ ամենասիրած գրողը, ..մեծություն, ..հսկա», առիթ դարձան այս նամակիս համար։  Գրողի մահվան օրվանից առ այսօր պետական, քաղաքական գործիչներից, մտավորականներից զորակցության բազում խսոքեր են լսվել, իսկ որոշների ջանադրությամբ էլ՝ քայլեր արվել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության և ժառանգության պահպանման, ուսումնասիրման, տարածման քաղաքականություն իրականացնելու համար։ Անդրանիկ Մարգարյանի, Տիգրան Սարգսյանի, Հասմիկ Պողոսյանի, Արտաշես Թումանյանի, Գագիկ Բեգլարյանի, Նարեկ Սարգսյանի, Տարոն Մարգարյանի, Հովհաննես Թոքմաջյանի ջանքերի և օժանդակության համար երեկ, այսօր և վաղը երախտապարտ եմ։ Առանձնացնում եմ միջնորդավորված կերպով ինձ հասած՝ Ձեր ջերմ վերաբերմունքի և պատրաստակամության վկայությունները։

Գրողի մահվանից անցել է տասնմեկ տարի, իսկ մեկ տարի անց նրա ութսունամյակն է։ Փաստ է այն, որ Մաթևոսյանի մեծության գիտակցման առհավատչյա, բազում մտադրություններից, նախագծերից գեթ մեկը՝ պետական մտահղացմամբ և ծրագրով «Հրանտ Մաթևոսյան» հաստատության կառուցմումն ու գործարկումը տարուց տարի է անցնում սողալով, և տպավորություն ունեմ, որ եթե մենք չհիշեցնենք այդ մասին, այդպես էլ կմոռացվի-կգնա։ Հաստատության  կառուցման համար հատկացված առաջին հողակտորի ճակատագրի մասին Ձեզ վերջերս նամակ էի հասցեագրել, Փառք Աստծո, ՀՀ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը քննություն են սկսել հողակտորի և  դրան առնչվող անբարեխիղճ հարևան-գործարարի վարքաբանության վերաբերյալ։ Սա մի կողմ։ Մաթևոսյան հաստատության, կամ մշակութային կենտրոն-թանգարանի կառուցման համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոգածությամբ արդեն մեկ տարի առաջ մեզ է տրամադրվել, այլ, ոչ պակաս բարենպաստ տարածք, ուր հնարավոր է թե շենքի կառուցում, թե մաթևոսյանական միջավայրի հայեցակարգով բնության մի անկյունի ձևավորում…Սակայն մեր հաստատությունը, ինչպես և ութ տարի առաջ, շարունակում է էսքիզա-հատակագծային փուլում մնալ, քանի որ լուծված չէ կառուցումն ապահովելու ամենահիմնական՝ ֆինանսական խնդիրը և այս բոլոր տարիների ընթացքում հասկանալի է միայն, որ քննարկվում է երկու տարբերակ՝ կառուցման լրիվ պետական ֆինանսավորում, կամ երկրորդը, երբ պետբյուջեից պիտի հատկացվի կառուցման գումարի մի զգալի մասը, ապա հանրությանը՝ քաղաքացիների, ունևորների, գործարարների շրջանում միջոցներ նվիրաբերելու կոչով հանգանակություն հայտարարվի։ Տեղեկացնում եմ, որ հաստատության կառուցման ավետիսն իմանալով, մեզ մինչ այդ անծանոթ, ՀՀ վաստակավոր բժիշկներ Տեր և Տիկին Եսայաները առաջինն են զգալի գումար նվիրաբերել Հրանտ Մաթևոսյան հիմնադրամին, այնպես որ հանգանակության իդեան, այո, կարող է աշխատել և արդյունավորվել։ Տեղեկացնում եմ, որ կան էլի քաղաքացիներ, գործարարներ, պատրաստ օժանդակելու և հովանավորելու շինարարությունը։

Կամքի և ըմբռնման խնդիր է։ Անհրաժեշտության գիտակցման խնդիր է։ Մշակույթի առկայությունը, նրա որակն է պայմանավորում  գաղափարի առկայությունը կամ բացակայությունը որևէ հանրության, ժողովրդի մեջ, որևէ երկրում։ Տնտեսությո՛ւն, ֆինանսնե՛ր, բանա՛կ-այո՛, այո՛, այո՛, բայց առանց գաղափարի չկա այդ ամենի տիրապետում, այսինքն չկա ոչինչ։ Մաթևոսյանի ձևակերպմամբ՝ պռատ մշակույթները պարտվում են, և ռազմական ու տնտեսական հաղթանակներն ու պարտությունները նախ մշակույթի, գաղափարի հաղթանակներ կամ պարտություններ են։ Ուստի, ի վերջո, Մշակույթը որևէ ազգի ու  պետության միակ զենքը, կռվանն է։ Հատկապես այսօր։ Առավել ևս «փոքր» ազգի և «փոքր» պետության համար։ Ուստի մշակութային քաղաքականությամբ են լուծելի աշխարհի որևէ ծագում, առավել ևս Հայաստանում առկա գաղափարական, գաղափարաբանական, պրակտիկ-քաղաքական բոլոր տապալումները, անհաղթահարելի թվացող ճահճացումները, հանգույցները։ ԵՍ ԵՍ ԵՄ՝ Մաթևոսյանի մեկ այլ պարզ ձևակերպմամբ, բանաձևով, եթե անձը՝ անհատ, տարածքը՝ երկիր լինի, առ ի չիք կդառա հյուսիս, թե հարավ, արևելք, թե արևմուտք, եվրոինտեգրում, թե մաքսային միություն որևէ դատարկ տվայտանք, որովհետև ՀԱՅԱՍՏԱՆԸ կկանգնի այդ ամենի կենտրոնում: Սա Մաթևոսյանի ժառանգորդներիս հավատամքն է։ Ըստ իս՝ Մաթևոսյանի ժառանգությունն ու նրա անձը գերակա շահ են մեր պետության համար:

Դարձյալ Մաթևոսյանի խոսքն է՝ Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։ Ավելացնեմ՝ առավել ևս, եթե հավաստել եք՝ չկա չկամություն, ու  կոչ անեմ Ձեզ՝ այս մեկ,  փայլուն օրինակով՝ Մաթևոսյան հաստատության կառուցմամբ և նրանում ու նրա շուրջ մշակույթի իրական միջավայրի ձևավորմամբ, Մաթևոսյանի և հայ մշակույթի մեծերի արժեքային հենքով,  այդ հենման կետից սկսել Հայաստանում ՀԱՆՈՒՆ ԼՄԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ, ազգային-պետական գաղափարի և նոր արժեհամակարգի ձևավորումը։

Դա պարզ և բարդ, հեշտ և դժվար է։ Բայց իրականանալի է։ Պարզապես պետք է քայլ անել։

Ակնկալում եմ, որ Ձեր հանձնարարությամբ Նոր տարին՝ 2014-ը սկսենք գործուն աշխատանքային խմբի հավաքից, ապա անցնենք գործնական քայլերի։ Հաջողություն բոլորիս:

Հարգանքով՝

Վերժինե Մովսիսյան

«Հրանտ Մաթևսյան» հիմնադրամի հիմնադիր-հոգաբարձու»:

 

Նախորդ հոդվածը‘Լ.Զուրաբյան. Իշխանությունները կարող են խորհրդարանում կատարվածն օգտագործել պայմանագրերը վերաբանակցելու նպատակով’
Հաջորդ հոդվածը‘Պայքար ոչ թե հետեւանքի, այլ պատճառի դեմ ‘