‘Հրանտ Մաթեւոսյանն այսօր կդառնար 79 տարեկան’

1106

Այսօր 20-րդ դարի հայ արձակի ամենանշանավոր դեմքերից մեկը` Հրանտ Մաթեւոսյանը կդառնար 79 տարեկան:

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. Լոռիում, Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Գրական գործունեությունը սկսել է 60–ական թվականներից։
Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց։

1960-ական թվականները գրական վեճերի և որոնումների տարիներ էին։ Դրանք առանձնապես արդյունավետ եղան արձակում: Նոր սերնդի արձակագիրները, որոնց մեջ էր նաև Մաթևոսյանը, որոնում էին կյանքի պատկերման նոր եղանակներ, ուշադրություն էին դարձնում կյանքի այն կողմերին, որոնք դուրս էին մնացել գրականության ուշադրությունից։ Գրականություն եկավ նոր տիպի հերոս, որը շատ էր մտածում, շատ էր քրքրում իր և ուրիշների կյանքը՝ փորձելով հասկանալ կյանքի դժվարին ու դրամատիկ ոլորանները։ Արձակի այս շարժման մեջ Մաթևոսյանը մեծ ներդրում ունեցավ։ Նա գրում էր համեմատաբար քիչ, բայց նրա վիպակներն ու պատմվածքները հասարակական լայն արձագանք էին գտնում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և նախկին Խորհրդային Միության այլ հանրապետություններում։

Մաթևոսյանի ամենահայտնի գործերից մեկը «Տերը» վիպակն է։ Նրա հերոսը գյուղացի է, գյուղի անտառապահը, որը կապված է իր գյուղին ու բնությանը և շատ է ուզում, որ գյուղը չլքվի, չվերանա, իսկ անտառը չթալանվի։ Նա իրեն տեր է համարում։ Նա պայքարում է բոլոր նրանց դեմ, ովքեր գյուղին ու բնությանը մոտենում են գիշատիչների պես, թալանելու և հարստանալու համար միայն։  (ըստ Alaverdi.am-ի):

Հրանտ Մաթեւոսյանը վախճանվեց 2002-ի դեկտեմբերի 18-ին Երեւանում:

Սա հեշտ է, սա դժվար չէ, եթե դժվար չէ այս հողի վրա արյուն-քրտինք թափելը, խոսքի ու գործի այս աղբից հրապարակը մաքրելը, բանվորի-զինվորի-գործչի-գիտնականի-գրողի քո գործին չխարդավանելը։ Այլապես մարդկանց երկիրը նույնպես մեքենա է, չի կարողանում խաբվել։ Այլապես պահած ուրիշ անուն ունեն նահատակ քո ժողովրդի համար, քո հեռանալուն են սպասում։
Մեր պատմության ծանրությունը լիուլի բավ է մեզանից ամենադիմացկունին անգամ տապալելու – ողջերս չծանրանանք ողջերիս վրա, չծանրանանք։

Հրանտ Մաթեւոսյան, “Լինել”

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույցերը կարող են վերաճել համազգային գործադուլի. Մետրոն ոտքի է ելել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Փոխքաղաքապետի տիկնոջ եկամուտները գերազանցում են ամուսնու եկամուտները – Panorama.am’