Հրանտ Մաթևոսյան. Պետք է սիրեինք այս հայրենիքը

1419

Մտավորականների ուղերձի հետ կապված բանավեճի առիթով ստորև հրապարակում ենք մի հատված Հրանտ Մաթևոսյանի «Մի ուրացեք ձեր եղբորը» գրքից:

iLur.am

«Մի բան ստույգ կարող ենք — մտածել մեր երեխաների մասին և չխելագարվել, ասել է՝ մեզ չափի բերել, մեզ մեր չափին բերել, տեղավորել մեզ բանականության սահմաններում, Աստծո օրվա առջև ետ քաշել սև վարագույրը մեր երեխաների դեմից, ողբի ու տառապանքի պատ չկապել ողջ հանրության ու յուրաքանչյուր անհատի շուրջը, միևնույն է, նրանք գլուխներն այդ պատին ծեծելով չէ որ ապրում են, նրանք երգի ու օրհներգի իրենց օրվա մեջ ոխն ու ողբը մի համեստ անկյունում ծվարած են տեսնում: Այսքանը ահա կարող ենք, և այսքանը քիչ չէ, բայց այսքանի առջև վրիպելը ներելի չէ, այնինչ վրիպում ենք, դարձյալ վրիպում ենք:

Խոսքն այստեղ թշնամուց կորզելիք մեր օգուտների մասին չէ և թշնամուն պատճառելիք մեր վնասների մասին չէ և ոչ անգամ դեպի արևելք նրա երթը խոչընդոտելու մասին — մեր իսկ հանդեպ մեր պահվածքի մասին է խոսքը. ցեղովի խոսում ու գործում ենք հանուն ցեղասպանության ճանաչման, ցեղի մեծուփոքրով ծնկի ենք եկել մեր անթաղ մեռելների վրա և չենք տեսնում՝ որ հենց ցեղն ենք մսխում — ցեղի կարողությունն ու կենդանի շունչը. արդարությամբ ու Աստծով խոկում և հատուցումն ու պահանջատիրություն ենք հուսում և չենք տեսնում՝ որ սպառվում է ինքը պահանջատերը:

Պետք է մտածեինք պահանջատիրոջ մասին և ոչ պահանջատիրության: Պետք է սիրեինք այս Հայրենիքը, հոգայինք այսօրվա հոգսը: Այլապես, հնարավոր է, վաղը պահանջատիրությունը բավարարվի՝ մեջտեղը պահանջատեր չլինի, մանավանդ որ այսպես մի անգամ արդեն եղել է. ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք»:

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանովն Ինստագրամից հեռացրել է Ռուսաստանի եւ Հայաստանի դրոշները
Հաջորդ հոդվածը«Ռոման» հաղթել է «Ատալանտային», Մխիթարյանը կարմիր քարտ է ստացել և հեռացվել