‘Հրանտ Մարգարյան․ «Վարչապետը պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը»’

1223

Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացեիբաց ասել է, որ պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց ՀՅ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: 

Նրա խոսքերով՝ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցության մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատվիրում:

Նշենք, որ մամուլը գրել էր, թե Դաշնակցության ներսում լուրջ դժգոհություններ կան, մասնավորապես, որ փորձեր են արվում կուսակցության Բյուրոյի ղեկավարի պաշտոնից հեռացնել Հրանտ Մարգարյանին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյո՞ք դաշնակցականները դժգոհում են իրենից, և իսկապե՞ս լուրջ խմորումներ են տեղի ունենում ավանդական կուսակցությունում, Հրանտ Մարգարյանը ասաց, որ իսկապես հարցեր եղել են, մասնավորապես՝ դժգոհություններ ընտրություններում Դաշնակցության գրանցած արդյունքներից, բայց դրանք արդեն լուծվել են, և այսօր որևէ խնդիր չունեն:

Այն, ինչ մամուլում գրվում է, որևէ առնչություն չունի իրականության հետ, դրանք դրսից գործադրվող ճիգեր են Դաշնակցության մեջ ճեղքեր գտնելու և խնդիրներ հարուցելու համար, վստահեցրեց Մարգարյանը՝ հավելելով, որ խոսքը տվյալ դեպքում վարչապետի մասին է:

«Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր տնտեսական ապիկար գործունեության պատճառով [Դաշնակցության կողմից] քննադատության ենթարկվելուց հետո բացեիբաց հայտարարել է, որ ինքը պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, և այս տեսակ կեղտոտ լրատվություն, կեղտոտ բամբասանքանման լրատվությունը իր գործն է,  — ասաց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը և շարունակեց․ — Մարդը, որ թույլ է, տկար է , այս միջոցներով է փորձում հարցեր լուծել»:

«Ուրիշ ոչինչ չկա՝ մենք ոչ սիրահարված ենք և ոչ էլ ատում ենք այդ վարչապետին, բայց ձախողակ վարչապետ է, և դրա համար այս մեթոդներն է օգտագործում իր հարցերը կարգավորելու համար», — հայտարարեց Հրանտ Մարգարյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որտե՞ղ է վարչապետը հայտարարել պատերազմի մասին, նա արձագանքեց․  «Իր շրջանակներում, ինքը գիտի՝ որտեղ է հայտարարել»: Նա ընդգծեց, որ հստակ տեղեկատվություն ունեն այդ մասին:

Թե ինչ մեթոդներով է դիմակայելու այդ պատերազմին Դաշնակցությունը՝ Հրանտ Մարգարյանն ասաց, թե այդ պատերազմը ավելի շատ Տիգրան Սարգսյանին է վնասելու՝ ոչ Դաշնակցությանը:

Ինչ վերաբերում է  վարչապետի անվան հետ կապվող «օֆշորային» հայտի սկանդալին, Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչն ասաց, թե գնահատական արդեն տրվել է, իսկ Տիգրան Սարգսյանն էլ իր բացատրություններով ինքն իրեն դրել է ծիծաղելի վիճակի մեջ:

«Այսինքն՝ չե՞ք  հավատում վարչապետի այն բացատրություններին, որ տեղյակ չի եղել, թե ինչպես է իր անունը հայտնվել օֆշորային կազմակերպության բաժնետերերի ցանկում», — «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Մարգարյանը պատասխանեց․  «Եթե ինքն այդպես է ասում, ուրեմն ծիծաղելի է»:

Նա ևս մեկ անգամ համոզմունք հայտնեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է պաշտոնանկ արվի, ինչի մասին Դաշնակցությունը բազմիցս ասել է․  «Եթե երկրի մեջ վերջին հույսի նշույլը չենք ուզում սպանել, դա նվազագույն քայլն  է, որ պետք է արվի, և ոչ միայն վարչապետը՝ բավականին մարդ կա, որ պետք է փոխվի»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե նախագահի փոփոխությունն է՞լ են  պահանջում, Հրանտ Մարգարյանն արձագանքեց․  «Նախագահի փոխվելը ժողովրդի կամքից է կախված, նրան փոխում է ժողովուրդը»:

«Վարչապետը մեծ հարգանքով է վերաբերվում ավանդական կուսակցություններին»

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով Դաշնակցության բյուրոյի ներկայացուցչի վերոհիշյալ հայտարարությունները՝ վարչապետի օգնական Հարություն Բերբերյանը ասաց․  «Նախ զարմացած ենք, թե ընդհանրապես ինչ պատերազմի մասին կարող է խոսք գնալ, և ինչ ի նկատի ունի պարոն Մարգարյանը»:

«Վարչապետ Տիգրան Սարգսյանը մշտապես մեծ հարգանքով է վերաբերվել և վերաբերվում ավանդական կուսակցություններին՝ շեշտելով, որ դրանք ազգային հարստություն են: Ինչ վերաբերում է ՀՅ Դաշնակցության ներքին զարգացումներին, ապա դրանք կուսակցության ներքին խնդիրներն են, և Տիգրան Սարգսյանը, հանդիսանալով Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, այլ կուսակցութունների խնդիրներով չի զբաղվում», — ընդգծեց Բերբերյանը:

«Տնտեսական քաղաքականության վերաբերյալ գնահատականների հետ համաձայն չենք, և եթե այդ գնահատականները ուշադրություն գրավելու նպատակ ունեն, ապա դա այլ խնդիր է», — «Ազատություն» ռադիոկայանին ասաց վարչապետի օգնականը:

Նախորդ հոդվածը‘Վարչապետի խոսնակ. Կառավարության կայքից գնումների մասին ինֆորմացիան բացակայում է տեխնիկական պատճառներով’
Հաջորդ հոդվածը‘Կայացել է Նալբանդյան- Ֆյուլե հանդիպումը’