‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Անասուններ և ասուններ. կարծրատիպերը և իրականությունը’

2746

Սրանք անասուն են, թուրքից բեթար են. այս և նման բնութագրականներ հաճախ կարելի է լսել մեր իշխանության ներկայացուցիչների հասցեին: Որքանով դրանք ճիշտ են կամ սխալ՝ տվյալ դեպքում խնդիր չէ: Բայց խնդիր է այն, որ այս հասարակական խոսքի տակ հաճախ (բայց ոչ միշտ, քանի որ հանգամանքներ կան, երբ անասունը ոչ թե հայհոյանք է, այլ իրավիճակն արտացոլող հստակ բնութագրական) թաքնված է մի ենթատեքստ, որը կազմում է մեր հասարակական կարծրատիպերի համակարգի կայուն մասը:

Ենթատեքստը հետևյալն է. Հայաստանի իշխող վերնախավը բաղկացած է ի բնե ինչ-որ հատուկ հիմարների, անբարոյականների, մուտանտների հավաքածուից, որոնց հակադրվում է հիմնականում հակառակ որակները կրող հասարակությունը կամ դրա մի մասը՝ հատկապես այն, որը ներկայացնում է տվյալ բնութագրականները տվող անձը: Այն, որ մեր վերնախավի ներկայացուցիչները, մեծամասամբ, աչքի չեն ընկնում բարձր բանականությամբ և բարոյականությամբ և կրողը չեն մարդկային այլ համակրելի որակների՝ անվիճելի է: Առավել քան վիճելի և, կասեի՝ վտանգավոր է, սակայն, այն, որ հասարակական խնդիրները հանգեցվում են անձնական ինչ-ինչ որակների հարցին, որով իրավիճակը միստիֆիկացվում և վերածվում է առասպելական-գեղարվեստական պատումի կամ հնդկական կինոյի՝ բացարձակ չարի ու բացարձակ բարու բախմամբ: Բնականաբար՝ դա, մեղմ ասած, չի նպաստում իրավիճակի լուծմանը:

Նախ՝ հասկանանք, թե որտեղից և ինչու է հայտնվել իրավիճակի բացատրության այս սխեման, համաձայն որի՝ Հայաստանում տիրող իրավիճակի պատճառն այն է, որ անհասկանալի տեղից և անհասկանալի հանգամանքներում հայտնված «անասուններն» ու «մուտանտները» տիրել են իշխանությանը, իսկ լուծումը՝ դրանց փոխարինելն է լավ, անաղարտ մարդկանցով:

1. Հասարակությունն՝ իր ամբողջության մեջ, և նրա շարքային անդամներն՝ առանձին-առանձին, պարտավոր չեն հասարակական իրավիճակի խորքային վերլուծություններ կատարել և համապատասխան հմտություններ դրսևորել: Այդ գործով պետք է զբաղվեն հասարակագետներն ու փորձագետները: Նման ինստիտուտ Հայաստանում բացակայում է՝ առանձին անհատ-բացառությունները չհաշված: Հասարակագետների մեծ մասը զբաղվում է գրդոնով, որի պատճառն այն է, որ հասարակագիտական պատվերի ռեսուրս մեր երկրում կարող են տրամադրել կա՛մ իշխանությունները, կա՛մ էլ արտասահմանյան կազմակերպությունները: Երկու կողմն էլ ունեն իրենց շահերը և ռազմավարությունները, և Հայաստանի հասարակական կյանքի խորքային վերլուծությունը դրանց մասը չի կազմում և չի էլ կարող կազմել: Չենք ասում նրա մասին, որ նման պայմաններում հասարակագետների մեծ մասը, այդ թվում՝ երիտասարդները, նույնիսկ նման հարցադրում չեն ձևակերպում, որովհետև համատարած գրդոնը շատ արագ մարդկանց վարժեցնում է համապատասխան հոգեբանության: Լավագույն դեպքում մեր հասարակական իրավիճակը վերլուծվում է հրապարակախոսական կամ լրագրողական մակարդակում, բայց նույնիսկ այդ դաշտում նմանակումներն ու ֆեյքերն այնքան շատ են (և օր օրի բազմանում են), որ նույնիսկ իրավիճակների իմաստավորման այդ՝ ոչ բավարար կերպը խնդրահարույց է: Բավական է հայացք նետել, թե ինչ տիպի նյութեր են մեր կայքերում դասակարգվում «վերլուծություն» անվանում կրող բաժիններում: Բայց եթե նույնիսկ հրապարակախոսության դաշտում խնդիրներ չլինեին, միևնույն է, հրապարակախոսությունը շատ քիչ է որևէ հասարակության ինքնագիտակցության, ինքնաներկայացման և ինքնավերլուծության համար: Քաղաքական ելույթները նույնպես հիմնականում անմխիթար վիճակում են. ավելորդ է ասել, որ մատների վրա կարելի է հաշվել քաղաքական գործիչների՝ հասարակությանը գոնե տարրական վերլուծություն և իրապաշտական ելքեր ներկայացնող ելույթները:

2. Նման պայմաններում ինքն իրեն տրված հասարակությունը, բնականաբար, նկարագրում է իրավիճակն իրեն հասանելի գեղարվեստական, անձնական, կենցաղային կաղապարների օգնությամբ: Վատ և լավ տղաների մասին դատողությունը և դրանով իրավիճակ նկարագրելն ինչ-որ առանձնահատուկ բան չէ: Ցանկացած հասարակություն, որը զուրկ է իրավիճակը հիմնարար՝ գիտականորեն կամ քաղաքականապես վերլուծող հաստատություններից, դատապարտված է ունենալ ոչ միայն լեգենդար անցյալ, այլև լեգենդար ներկա: Բավական է կարդալ որևէ միջնադարյան ժամանակագրութուն՝ աշխարհի որևէ տեղից, կամ նայել որևէ թվի հնդկական կինո, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչպես են կերտվում նման կաղապարները: Հեռու չգնանք, այդպիսի ընկալման լավագույն օրինակ է Փավստոս Բուզանդի «Հայոց պատմությունը», որն այդ առումով խիստ տարբերվում է նույնիսկ միջնադարյան հայկական այլ աղբյուրներից: Փավստոսը նկարագրում է պետության պատմություն, բայց նրա պատումը բացարձակապես վիպական է՝ հերոսները գործում են այսպես կամ այնպես, որովհետև նրանք ի բնե բացարձակ բարի են կամ բացարձակ չար, ելնում են պահի իրենց հույզերից, իրականն ու հրաշապատումը միահյուսված են, գործողությունների մոտիվացիաները՝ կենցաղային-անձնական, և այլն: Եվ կարևոր է, որ Բուզանդի «Պատմությունը» ստեղծվել է ոչ թե իր նկարագրած դեպքերից շատ ուշ, այլ ընդամենը մի քանի տասնամյակ անց: Այսինքն՝ այդտեղ նկարագրվող իրադարձությունները ոչ թե դարերի ընթացքում են վերածվել վիպական զրույցների, այլ, կարելի է ասել, հենց հընթացս: Գործող անձինք և իրադարձությունները հիմնականում իրական են, բայց վիպականացված  այն աստիճան, որ գրեթե հնարավոր չէ տարբերել իրականը երևակայականից: Սա իրականության բնական կերպ է այնպիսի հասարակությունների համար, ինչպիսին էր 4-րդ դարի Հայաստանը: 21-րդ դարի հայ հասարակությանը այս ընկալումը պակաս բնորոշ չէ:

3. Հասարակությանը դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ իր կողմից չսիրված «անասուն» իշխանավորներն իր հետ ինչ-որ կապ ունեն: Հայաստանյան հասարակությունը անցյալ դարի 60-80-ական թվականներին սովոր էր ինքն իրեն պատկերացնել ու նկարագրել միայն դրական որակներով՝ կրթված, բարի, առաջադեմ, միաժամանակ՝ ավանդապահ՝ լավ իմաստով, մշակույթի կրող և այլն: Դա հնարավոր էր դարձել այն յուրահատուկ պայմաններում, որոնք ստեղծվել էին Սովետական Հայաստանի պատմության վերջին փուլում: Մի կողմից՝ 20-րդ դարի առաջին կեսի, այդ թվում՝ սովետական պատմության վաղ շրջանի համեմատ՝ կայուն և բարեկեցիկ շրջան էր, եզակի՝ մեր պատմության մեջ: Երկրորդ՝ Հայաստանը, մի կողմից, անվանապես ինքնիշխան պետություն էր, իսկ մյուս կողմից, փաստացի՝ ոչինչ ինքը չորոշող, տիկնիկ պետություն, որի տեղական ղեկավարությունը միայն վարչարարական գործառույթներ էր կատարում, այլ ոչ քաղաքական: Հասարակությունը չէր կրում պատասխանատվություն ինքն իր համար: Նա չպետք է լուծեր իր անվտանգության հարցերը, ոչ էլ կազմակերպեր ինքն իր կառավարումը: Այս գործոնների համադրությունը՝ համեմատաբար բարեկեցիկ կյանք և քաղաքական անպատասխանատվություն, ստեղծում էր յուրահատուկ ջերմոցային, քեֆ-ուրախության, տոնի պայմաններ: Այլ կերպ ասած՝ մեր հասարակությունը նման էր դեռահասի, որն այնքան մեծ է, որպեսզի ինքն իրեն գիտակցի և սիրի, բայց դեռ չի մտել իսկական մեծական կյանք, ուր մամայի սիրած բալեն պետք է մտնի իրական մրցակցության մեջ իր նմանների հետ, հասկանա, որ ինքը միակն ու առանձնահատուկը չէ, որ կան բազում այլ՝ առավել կամ պակաս հաջողակ, բայց մամայի կողմից ոչ պակաս սիրված բալաներ, որ բոլոր երազանքները չեն, որ կարող են նպատակի վերածվել, և բոլոր նպատակները չեն, որ կարող են իրականանալ, որ սեփական ներուժը կարելի է իրապես գնահատել և հասկանալ ոչ թե հայելու մեջ նայելով, այլ սեփական կյանքը կառավարելով ու կազմակերպելով և այլոց հետ մրցակցելով: Ահա այս հոգեվիճակի մեջ էլ մեր հասարակությունը դուրս նետվեց կամ, ավելի ճիշտ, վերադարձվեց պատմության մայրուղի՝ մեծական կյանք, և ստիպված լինելով ինքն իրեն կառավարել և ինքնուրույն որոշումներ կայացնել՝ բացահայտեց իր համար, որ իր բարձր ինքնապատկերցումներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Ի՞նչ անել. ընդունե՞լ, որ իշխանության մեջ հայտնված «անասունները» մեր հասարակության հարազատ մասն են և արդյունքը, թե՞ համարել, որ նրանք այլմոլորակային մուտանտներ են, անհասկանալի ծագման մի չարիք, որն ընկավ մեր գլխին չարագուշակ երկնաքարի նման:

4. Իրավիճակի լեգենդար ընկալմանը սկզբնական շրջանում նպաստեց նաև սովետական նախկին նոմենկլատուրան՝ իշխանական և մտավորական, որը, կորցնելով իր արտոնյալ դիրքերի մի մասը Հայաստանում (ի տարբերություն հետսովետական տարածքի մեծ մասի, ուր նախկին նոմեկլատուրան հիմնականում սահուն վերածվեց նոր էլիտայի), առաջինն սկսեց տարածել անգրագետների իշխանության գալու մասին առասպելը, կարծես գրագետն ինքն էր, և կարծես Հայաստանում Գրիգոր Տաթևացուց հետո, բառիս ուղիղ իմաստով, գրագետ մարդ է եղել (իհարկե, հատուկ չափազանցում եմ, բայց այս հեգնական չափազանցությունն արտացոլում է «գրագետ» լինելու սովետահայ մտավորական վերնախավի հավակնությունների ծիծաղելի անհամարժեքությունը): Հետագայում, երբ իշխանական խավերում անգրագետ դեմքերի թիվն ավելի տեսանելի դարձավ, այս առասպելն ավելի իրական հիմքեր սկսեց ստանալ: Բայց «գրագետների» և «անգրագետների» խնդիրն առանձին հարց է, որը պետք է փորձել առանձին իսկ հոդվածով լուծել:

Սրանք հիմնական պատճառներն են: Իսկ որո՞նք են նման մտայնության տարածվածության հիմնական վտանգները: Փաստացի՝ դրանց վերաբերյալ մասամբ խոսվեց: Հիմնական խնդիրն այն է, որ անիրապաշտական, գեղարվեստական, կենցաղային բնութագրականները հանգեցնում են կա՛մ անիրատեսական, գեղարվեստական և կենցաղային մակարդակի առաջարկների՝ որպես լուծումներ, կա՛մ էլ հուսահատության և անելանելիության զգացողության, որը զուգակցվում է հասարակական հիստերիզմով: Այս ամենն իրավիճակի կոնսերվացման և բյուրեղացման պատճառ է դառնում: Հայաստանի իշխող վերնախավին, որն իշխում է՝ հենվելով իրական ռեսուրսների վրա և հանուն իր իշխանության պահպանման՝  առաջնորդվում է իրապաշտական մարտավարությամբ (այլ կերպ հնարավոր էլ չէ, քանի որ խոսքն իրական հարստության և իրական իշխանության պահպանման մասին է, այլ ոչ թե մտացածին ինչ-որ բաների), անասունների և տգետների մասին ճարտասանությունը որևէ կերպ չի վնասում և չի կարող իրական մարտահրավեր հանդիսանալ: Ավելին՝ նրանց շնականությունը (ցինիզմը) բավական է, որպեսզի նրանք հարկ եղած դեպքում օգտագործեն ցանկացած, այդ թվում՝ իրե՛նց իսկ տգիտության մասին հասարակական կաղապարը, եթե դա նպաստում է իրենց իշխանության պահանմանը կամ գոնե թույլ չի տալիս հասարակությանը իրական մարտահրավերներ ստեղծել: Այս ամենը իշխանական համակարգը կարող է անել ե՛ւ գիտակցված, ե՛ւ բնազդական մակարդակով: Նույն կաղապարը կարող է հաջողությամբ օգտագործվել նաև իշխանական ներքին թևերի մրցակցության շրջանակներում, երբ մրցակից կողմերից մեկը, օգտվելով անգրագետ-գրագետ հակադրության բացարձակ անբովանդակությունից և առասպելականությունից, կարող է ինքն իրեն ներկայացնել որպես գրագետ, իսկ հակառակորդներին՝ որպես անասուն:

Շարունակելի

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Սուրիկ Խաչատրյանի տնից առգրավված զենքերից մեկը ինքնաշեն է, բայց օրինական ‘
Հաջորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունը կոչ է անում սիրիահայերին պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ ստանալ’