‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Գազի խողովակի շուրջ կայսրություն չեն ստեղծում’

1739

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը «Ֆեյսբուքում» գրում է.

«Սիրելի իմ հայ ժողովուրդ, եթե իմ համեստ կարծիքը ուզենաք լսել, ապա ասեմ, որ իզուր եք ինքներդ ձեզ վախեցնում Ռուսական կայսրության վերականգնմամբ կամ էլ ՍՍՀՄ 2-ով եւ նման այլ բաներով: Իհարկե, փաստ է, որ այս պահին ռուսները հաջողության մի ալիքն են բռնացրել, բայց այդպիսի ժամանակավոր ալիքներ՝ առաջխաղացման եւ նահանջի, շատ կարող են լինել, դա դեռ ոչինչ չի նշանակում: Ոչ ոք պատմության մեջ դեռ կայսրություն չի կառուցել գազի խողովակի շուրջ: Իսկ եթե մի կողմ թողնենք ճարտասանությունը, ապա Ռուսաստանն այսօր ոչ այլ ինչ է, քան գազի մեծ խողովակ: Սա ոչ թե ասում եմ որպես վատ կամ լավ բան, այլ որպես առարկայական փաստ: Ռուսաստանը գազի խողովակ է, իսկ աշխարհի մասշտաբով՝ Եվրոպայի հումքային կցորդ: Կայսրություն կառուցելու համար, այսինքն՝ կարճաժամկետ առաջխաղացումը երկարաժամկետ ամրապնդման համար՝միայն այդքանը շատ քիչ է: Նախ՝ ընդհանրապես տնտեսական հզորությունը շատ քիչ է, բայց առավել եւս հումքային տնտեսությունը չի կարող հիմք հանդիսանալ լիարժեք կայսերական նախագծի համար: Հիշենք, որ 20 թվին, երբ ռուսները դարձան մեր տարածաշրջան, նրանք չունեին ոչ միայն գազ, այլեւ հաց, բայց ունեին կայսրություն վերականգնելու համար այլ, ավելի կարեւոր ռեսուրսներ՝ գաղափարական, քաղաքական, հոգեբանական: Այն ժամանակ նրանց կողմից էին չարենցները՝ որպես կոմունիստական գաղափարի հավատավորներ, այսօր ռուսները չունեն որեւէ իդեալ, եւ իդեալիստ համակիրներ: Բացի այդ, կարեւոր է քաղաքական համակարգը: Այսօրվա Ռուսաստանը, որպես քաղաքական համակարգ՝ կառուցված է ընդամենը մեկ անձի շուրջ: Եվ դա ոչ թե ժառանգական միապետ է, որը բացի անձնական խարզիմայից եւ լեգիտիմությունից, ունի արքայական տան, ազնվական դասի, դարավոր ժառանգության հենարանը, այլ ընդամենը մեկ կոնկրետ անձ: Ընդ որում՝ այդ անձն այսօր, ի տարբերություն երեկվա, մեծ հաշվով՝ չի վայելում ռուսական երկու մայրաքաղաքների միջին դասի աջակցությունը, ինչը հեռանկարում կարեւոր է: Բացի ոչ արտադրող, հումքային տնտեսությունից, նույնն է այսօր նաեւ ռուսական ոչ նյութական՝ մշակութային «տնտեսությունը»: Ռուսաստանը չունի ասելիք աշխարհին: 20-ր դարի սկզբին նա խոսում էր իր մեծ գրողների միջոցով՝ Դոստոեւսկուց մինչեւ Մայակովսկին, որքան էլ տարբեր գաղափարների կրողներ էին դրանք: Այսօր նա լեզու չունի: Ապաբանական կեղծ պահպանողական ճարտասանությունը՝ աղքատների հոգեւոր սուրոգատ հացը չի կարող լինել նման լեզու: Ոչ ոք աշխարհում չի ձգտում ապրել ռուսների պես, լինել ռուսների պես: Չկա ռուսական գաղափար (ներքին սպառումը հաշիվ չի): Ուրեմն չկա եւ չի լինելու որեւէ լիարժեք ռուսական կայսրություն: Միակ կայսերական ատրիբուտը միջուկային զենքն է՝ ժառանգություն անցյալից, բայց դա ինքնին չի կարող վճռական դեր կատարել, եւ մեծ հաշվով կոնտեքստից դուրս է, այնքանով, որքանով այսօրվա Ռուսաստանը չէր կարող երբեք դառնալ ատոմային գերտերություն: Մի խոսքով, ասածս շատ երկար ստացվեց, բայց իմաստն այն է, որ պետք է ավելի հանգիստ գնահատել երեւույթները եւ ավելի լայն ու հեռանկարային նայել դրանց: Սա ոչ հակառուսական, ոչ էլ ռուսասիրական գրառում էր, սա իմ կարծիքն էր, որը փորձել եմ հնարավորինս առարկայական բաների վրա կառուցել»:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունն ընդդեմ ընդդիմադիրների. Դատական նիստեր’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Չարը ‘