‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Եթե աշխատավարձի չափը համարենք արտագաղթի պատճառ, ապա Հայաստանում արտագաղթը կասեցնել հնարավոր չէ’

1308

Դա բացարձակ անհեթեթություն է, բնականաբար` 1991 թվականի ընտրությունները ոչ Հայաստանի ներսում են քննադատվել, ոչ էլ Հայաստանից դուրս: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը: Նշենք, որ Սերժ Սարգսյանն ասել էր, թե ինքը կարծում է, որ առաջին ընտրությունները շատ ավելի են քննադատվել, քան մեր վերջին՝ խորհրդարանական ընտրությունները:

«Ինձ թվում է՝ քննադատության որևէ դեպք չի հիշում մեր հանրությունը: Այստեղ հետաքրքիր կապ կարելի է տեսնել, որովհետև եթե հիշենք Էդիկ Մինասյանի պատմության չարաբաստիկ բուհական դասագիրքը, այնտեղ անդրադարձ կա 1990 թվականի Գերագույն խորհրդի նախագահի ընտրություններին: Եվ շատ հետաքրքիր է, որ դասագրքում 2008-ի, 2003-ի և մյուս ընտրությունների մասին չի ասվում, որ դրանք կեղծվել են, կամ գոնե հանրության մի մասի կողմից են որպես կեղծված ընկալվել, սակայն 1990 թվականի ընտրությունները ներկայացվում են, որ բռնաճնշումների, ինչ-որ էլի շատ վատ բաների արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ՝ այն դեպքում, երբ բոլորս հիշում ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իրոք հանրության աջակցությունն ուներ»,- ասաց Տեր-Աբրահամյանը:

Անդրադառնալով հարցազրույցի այն հատվածին, որտեղ Սերժ Սարգսյանը նշել էր, թե Հայաստանում  աշխատանքի խնդիր չկա, այլ կա բարձր վարձատրվող աշխատանքի խնդիր, ու այսօր որևէ մի մարդ չի ուզում 150 հազար դրամից մի լումա պակաս աշխատավարձով աշխատել, Հրանտ Տեր-Աբրահամյանն ասաց, որ եթե աշխատավարձի չափը համարենք արտագաղթի պատճառ, ապա պետք է համակերպվենք այն բանի հետ, որ Հայաստանում արտագաղթը կասեցնել հնարավոր չէ:

«Պարզ է, որ մոտակա 20, 30, 50 տարվա մեջ Հայաստանում չի կարող լինել այնպիսի աշխատավարձ, որքան, ասենք, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Նույնիսկ լավագույն կառավարման դեպքում: Ես չեմ կարծում, որ արտագաղթի պատճառը միայն աշխատավարձի չափն է, որովհետև բազմաթիվ այլ, ինձ թվում է՝ կարևոր պատճառներ կան: Հիմնական պատճառն այն է, որ մարդիկ հեռանկար չեն տեսնում, մարդիկ տեսնում են, որ օրենքը չի գործում երկրում, շատերը ուզում են բիզնես բացել, բայց հանդիպում են բազմաթիվ խոչընդոտների և այլն: Ես չեմ կարծում, որ մարդկանց համար այդքան հեշտ քայլ է աշխատավարձի չափի համար հայրենիքը լքելը: Հայրենիք՝ բարձր իմաստով չէ, ուղղակի մարդը սովոր է այստեղ ապրել: Էդքան հեշտ քայլ չէ՝ վերցնել, ընտանիքով գնալ, ինչ է թե՝ աշխատավարձը, հնարավոր է, ավելի բարձր լինի: Սա անհեթեթ պատճառաբանություն է»:

Հարցազրույցում Սերժ Սարգսյանը հարցնում է՝ «Արդյոք բոլոր մարդի՞կ են, որ ի վիճակի են գործարարությամբ զբաղվել, չէ՞ որ գործարարությամբ զբաղվելու համար որոշակի ջիղ, որոշակի կարողություններ են անհրաժեշտ»: Տեր-Աբրահամյանի խոսքով՝ բիզնես բացելիս մարդ պետք է իմանա, որ մտնում է մի դաշտ, որտեղ պետությունն իր հետ ազնիվ կանոններով է խաղալու, ինքը անիմաստ խոչընդոտների չի հանդիպելու, եթե խոսքը մանր բիզնեսի մասին է՝ ինչ-որ տեղ նաև պետության աջակցությունն է ստանալու, համապատասխան օրենսդրական դաշտ է լինելու, և ինքը պիտի իմանա, որ իր բիզնեսը չունի աճելու ինչ-որ սահման:  

«Այսինքն՝ ինչ-որ սահմանից հետո չի կարող, չէ՞, մեզ մոտ բիզնեսը աճել, արդեն մտնում ես մոնոպոլիայի դաշտ: Ազատության ինչ-որ պուճուրիկ տեղ է քեզ տրվում, բայց ավելին դու չես կարող: Բացի այդ, բոլորս այդ օրինակները գիտենք, որ եթե բիզնեսմենն ինչ-որ քաղաքական ուժի է աջակցում, որը իշխանական չէ, նա միանգամից բիզնեսից զրկվում է: Սա բիզնես չէ, սա արդեն դառնում է քաղաքականություն»,- եզրափակեց հրապարակախոսը:

Նախորդ հոդվածը‘Ընտրախախտումների համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է 12 հանցատեսակ’
Հաջորդ հոդվածը‘Հայ եւ ադրբեջանցի ֆուտբոլիստները՝ մեկ հյուրանոցում’