‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Ինչո՞վ եւ ո՞ւմ է ձեռնտու «մանդատները վայր դնելու» գաղափարը ‘

1968

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

Ինչպես խոստացել էի՝ մի փոքր փորձեմ բացել վերաբերմունքս «մանդանտները վայր դնելու» կարգախոսին: Կարող է մի քիչ երկար գրեմ՝ ներող եղեք:

1. Դեռ գարնանն եմ նկատել, որ այդ գաղափարը նետվում է տեղեկատվական դաշտ՝ ճիշտ այն պահերին, երբ նկատվում է պառլամենտական ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացված գործողություն, կամ՝ դրա գաղափար: Գարնանն այդ գաղափարը հրապարակ նետվեց, երբ խոսք էր գնում ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու մասին: Հենց միասնական ցուցակի թեման ջրվեց, անմիջապես կորավ եւ վայր դնելու թեման: Ընդ որում, թեման հայտնվեց ոչ թե աստիճանաբար, ինքնաբուխ, այլ մեկ-երկու օրում, սինխրոն՝ ԶԼՄ-ներում եւ ֆեյսում, ու նույն սինխրոնությամբ էլ անհետացավ: Այսինքն՝ գործածվեց պարզ տեխնոլոգիա: Այս անգամ չեմ հետեւել թեմայի տարածման աղբյուրներին, բայց ենթադրում եմ, որ դրանք նույնը պետք է լինեն: Մեկ-երկու օջախում նման թեմաները ձեւավորվորվում են, իսկ հետո ինքնաբուխ տարածվում են արդեն նորմալ, անկեղծ մտահոգ մարդկանց կողմից: Ակնհայտ է, որ իշխանությունը նյարդայնանում է ոչ իշխանական ուժերի գործողություններից ԱԺ-ում, դրա համար էլ հրաարակ է նետում վայր դնելու դեմագոգիան:

2. Պառլամենտական ընդդիմությունը որքան էլ փոքրամասնություն լինի, չի կարելի անտեսել դրա դերը որեւէ երկրի քաղաքական կյանքում: Կոչ անել մանդատները վայր դնել, նույնն է, թե ասել, փողոցում մարդիկ քիչ են հավաքում, եկեք ցրվենք տներով: Բայց միայն դա չի խնդիրը. կան կարեւոր դետալներ:

2.1. ԱԺ-ում ներկայացված լինելը նշանակում է ներկայացված լինել ընտրական հանձնաժողովներում: 2013-ի նախագահական ընտրությունների փորձը ցույց տվեց, որ դա բավականին ուժեղ լծակ է, քանի որ այն տեղերում, ուր հանձնաժողովի ընդդիմադիր անդամները բավականին պատրաստված են եղել՝ կեղծիքները դժվարացել են եւ ընդդիմադիր թեկնածուն ստացել է պաշտոնական ռեկորդայի թվով ձայներ:

2.2. Պառլամենտում փոքրամասնությունն ու մեծամասնությունը որքան էլ տաօրինակ հնչի, բավականին պայմանական հասկացություններ են: Խնդիրն այն է, որ ճգնաժամային իրավիճակում, փոքրամասնությունը սահուն կարող է դառնալ մեծամասնություն: Իսկ թե ե՞րբ կգա ճգնաժամային իրավիճակը, ոչ մեկս չգիտենք: Եթե երկրում մի օր նորից գա հրապարակային զանգվածային գործողությունների փուլը, ապա հաշվի առնելով հակասությունների աստիճանը ներկա իշխող վերնախավում՝ իրավիճակը կարող է ստանալ տարբեր հանգուցալուծում, քան եղել է ցայսօր. կարող է առաջանալ իշխանական ճգնաժամ, որի պարագայում ԱԺ-ն կարող է կարեւոր տեղ դառնալ: Հիշենք, թե ինչ տեղի ունեցավ պառլամենտում 1998-ին:

2.3. Ուշադրություն դարձրեք, որ Ուկրաինայում ընդդիմության ազդեցությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ ԱԺ-ում ունեն զգալի ներկայություն: Եթե հաջողվի այսօրվա ոչ իշխանական պատգամավորների գոնե մեկ մասից ավելի լայն կոալիցիա ձեւավորել, ապա դա կարող է արմատապես ազդել իրավիճակի վրա Հայաստանում:

3. Եթե նույնիսկ բոլոր բերածս փաստարկները համոզիչ չեն, ապա միեւնույնն է՝ մնում է հարցի տեխնիկական կողմը: Ենթադրենք՝ ոչ իշխանական ուժերը հրաժարվում են մանդատներից: Ի՞նչ է տեղի ունենում: Խմբակցություններից եւ ոչ մեկը չի կարող 100 տոկոսով երաշխավորել 2012-ի թվականի իր ցուցակների մարդկանց: Հրաժարվող պատգամավորների փոխարեն, ըստ օրենքի՝ մանդատները հասնում են ցուցակով հաջորդներին: Պարզ է՝ ինչպես 2×2, որ «ցուցակիստների» մի մասը հաստատ չեն հրաժարվի մանդատից եւ կդառնան պատգամավոր: Ասենք՝ բավական է, որ ՀԱԿ ցուցակից միայն 5 հոգի համաձայնեն դառնալ պատգամավոր, եւ դուք կունենաք ՀԱԿ ներկայիս խմբակցության փոխարեն մեկ այլ ՀԱԿ խմբակցություն՝ պարզապես այլ անուններ կլինեն: Բնականաբար, դրանք կլինեն իշխանության հետ գործարքի գնացած մարդիկ, եւ լիովին կվերահսկվեն իշխանության կողմից: Նույնը, վստահ եմ, կլինի Ժառանգության, Դաշնակցության, ԲՀԿ-ի դեպքում: Այսինքն՝ մանդատներից հրաժարվելու փայլուն գործողության արդյունքում, մենք գրեթե վստահաբար կունենանք նույն ԱԺ-ն, նույն խմբակցություններով, բայց այլ պատգամավորներով: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչո՞վ եւ ո՞ւմ է դա ձեռնտու:

4. Ընդհանրապես, շատ կուզենայի հասկանալ, թե մանդատից հրաժարվել առաջարկողները զարգացումների ի՞նչ հետագա սցենար են պատկերացնում: Թե չէ միայն կարգախոսով հո չի՞: Ամեն գործողություն պետք է ունենա իր հստակ կոնտեքստը, տրամաբանությունը, տեղավորվի քայլերի հետեւողականության մեջ, այլապես դա ոչ թե գործողություն է, այլ՝ ինքնանպատակ ոչմիբան: Հաճույքով կլսեմ ձեր հակափաստարկները, հուսամ՝ համակարգված եւ հարցի տարբեր կողմերին անդրադարձող»: 

Նախորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան. Կառավարությունը պետք է փոփոխություններ մտցնի «գազային համաձայնագրերի» մեջ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վահան Բաբայան. Հայաստանում այսօր ստեղծվեց նոր քաղաքական իրավիճակ’