‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Կարմիրներով խաղը սեւ երանգներով’

2347

Ժամանակն է արդեն հույզերը, հույս-սեր-հավատը (Պողոս առաքյալը թող ինձ ների), բարի ժպիտները եւ այլ քաղցրավենիքը մի կողմ թողնել ու «տղավարի» հասկանալ՝ ի՛նչ է կատարվում այս օրերին՝ հիմնվելով զուտ բանականության վրա, որպեսզի հետո ո՛չ զարմանանք, ո՛չ էլ իրար մեղադրենք: Րաֆֆի Հովհաննիսյանը հռչակեց հեղափոխական գործընթաց: Լավ արեց, թե վատ արեց՝ ա՛յլ հարց է, բայց փաստ է, որ հռչակեց: Ինչպե՞ս հռչակեց: Երբ կանգնում ես Ազատության Հրապարակում եւ հայտարարում ես, որ գործող նախագահն այլեւս նախագահ չէ եւ պետք է «փոխանցի իշխանությունը ժողովրդին», եւ որ դու պատրաստ ես այդ գործընթացը պաշտպանել կյանքի գնով, պայքարելու ես մինչեւ հաղթանակ, վերջնագիր ես ներկայացնում գործող նախագահին, նաեւ՝ ոչ այնքան հստակ, բայց հայտարարում ես անժամկետ գործողություն Հրապարակում, դա ոչ այլ ինչ է, քան հեղափոխության հռչակում: Այս պահին չենք քննարկում այդ ամենի ճիշտ կամ սխալ լինելը, հետագա քայլերը եւ այլն, միայն կարող ենք փաստել, որ այդ քայլն առարկայորեն արտահայտում է մեր հասարակության ընդդիմադիր հատվածի, այդ թվում՝ նաեւ Րաֆֆիին այս ընտրությունների ընթացքում ձայն տվածների մեծ մասի պահանջարկը: Կամ, եթե ավելի զգույշ ձեւակերպենք՝ արտահայտում է այն մարդկանց պահանջարկը, ովքեր այս օրերին պատրաստակամություն են հայտնել հրապարակայնորեն աջակցել նախագահի այս թեկնածուին, որն, ըստ իս, իրոք փաստացի հաղթած թեկնածուն է: Համենայն դեպս՝ հռչակելով հեղափոխական գործընթաց՝ Րաֆֆին հենց այս պահանջարկի կրող մարդկանց է, այսպես ասած, մարտակոչ անում:

            Հիմա, նախքան մնացածը՝ շատ կարեւոր է հասկանալ այս ամենի տեսական մասը, որպեսզի միայն դրա հիման վրա կարողնանք սթափ գնահատել իրավիճակը: Ի՞նչ գործոններ կան փաստացի հեղափոխական առաջնորդ հռչակված գործչի «խաղասեղանին»:

 ա. Հրապարակը: Այլ կերպ ասած՝ հեղափոխության պահանջարկը ներկայացնող «հասարակական լայն զանգվածները», այդ թվում՝ այսպես ասած, քաղաքացիական ակտիվն ու «հասարակ ժողովուրդը», ինչպես նաեւ Հրապարակը՝ որպես տարածք:

 բ. Սեփական թիմը

 գ. Այլ քաղաքական ընդդիմադիր ուժերը

 դ. Իշխանությունը

 ե. Արտաքին ուժերը

 Հիմա յուրաքանչյուր գործոնի մասին՝ առանձին:

 Հրապարակ

 Հրապարակը այս բոլոր գործոններից առաջնայինն է, հիմնականը եւ հենակետայինն է, եթե, իհարկե, հռչակված նպատակը խաղարկային չէ եւ ի սկզբանե չի ենթադրում պայմանավորվածություն որեւէ ներքին կամ արտաքին սուբյեկտի հետ, ոչ էլ ծառայում է որպես միջոց՝ այդ սուբյեկտների հետ ինչ-որ քողարկված նպատակների շուրջ «բազառի»:

 Նախեւառաջ՝ պետք է ձեւավորվի եւ օր օրի ուժեղացվի ու հասունացվի Հրապարակը: Պետք է մոբիլիզացվի հնարավորինս լայն զանգված:

Ի՞նչ ասել է ձեւավորել Հրապարակ:

Հրապարակը պետք է դառնա կենտրոն, միջնաբերդ: Ներսում այն պետք է վերածվի յուրահատուկ փոքրիկ քաղաքի, ընդհանուր հոգեբանությամբ՝ եղբայրության, միասնության եւ առօրյայից դուրս գտնվելու տոնական մթնոլորտով, որի մեջ պետք է աստիճանաբար, անկախ իրենց իսկ կամքից՝ ձուլվեն այդտեղ եկած տարբեր խմբերն ու անհատները:

«Վիրտուալ» իմատով՝ Հրապարակը պետք է նաեւ դուրս գա իր ֆիզիկական տարածքից, պետք է դառնա իրադարձությունների կենտրոնը, օրակարգ ձեւավորողը համակիրների, չեզոքների եւ հակառակորդների համար: Իսկ ժամանակ առ ժամանակ նա պետք է դուրս գա իր ֆիզիկական սահմաններից երթերի, ակցիաների եւ այլնի միջոցով՝ աստիճանաբար փորձելով իր շրջանակի մեջ ներգրավել մնացած տարածքները՝ հնարավորության դեպքում ստեղծելով փոքրիկ տեղական ֆորպոստներ (լավագույն դեպքում՝ ընդհուպ մինչեւ դասադուլ, գործադուլ եւ այլն, ինչը, սակայն Հայաստանում բարդ է առարկայական պատճառներով):

Հրապարակը պետք է ձեւավորվի խոսքով եւ գործով:

Խոսքը պետք է լինի հստակ, որտեղ պետք է՝ կոշտ, որտեղ պետք է՝ «դիվանագիտորեն» մեղմ: Օրինակ, անիմաստ է վերջնագրեր ներկայացնել, եթե լավ չեն հաշվարկված դրանց իրականացման հնարավորությունները կամ չիրականացմանը հետեւող քայլերը: Մյուս կողմից՝ անիմաստ լղոզումը նույնպես քանդում է Հրապարակը:

Սխալ է կարծել նաեւ, որ Հրապարակը միայն հույզերով է պահվում: Հույզերը շատ կարեւոր են, բայց առանց բանական խոսքի, հստակության, ծրագրային հիմնավորվածության Հրապարակը երկար չի դիմանա: Միավորող տեքստը անհրաժեշտություն է:

Այսքանը Հրապարակի մասին՝ շատ հակիրճ:

Շեշտեմ նորից ու նորից, որ միայն Հրապարակը ձեւավորելով եւ ուժեղացնելով, միայն դրա վրա հիմնվելով՝ կարելի է կառուցել հետագա հարաբերությունները մնացած սուբյեկտների հետ, եթե, կրկնեմ, խոսքը ներքին կամ արտաքին գործարքի մասին չէ, այլ տվյալ երկրի ինքնիշխանության շրջանակներում տեղավորվող գործընթացի:

Իսկ ով առաջարկում է այլ ճանապարհ՝ բացի Հրապարակից ու հանրահավաքային ալիքից, նա կամ գիտակցված դատարկաբանությամբ է զբաղված, կամ էլ իրականությունից շատ հեռու է: Հատկապես խիստ բառեր կարելի է օգտագործել այն դիսկուրսի նկատմամբ, որը պնդում է, թե Հրապարակը հին մեթոդ է: Քաղաքականության մեջ չեն լինում հին ու նոր մեթոդներ: Սա նույնն է, թե ասել, որ, ենթադրենք, չաքուչը հնացած գործիք է, քանի որ, ինչ-որ մեկին մեկ կամ մի քանի անգամ չի հաջղվել չաքուչով մեխ մեխել պատի մեջ, որովհետեւ կամ պատն է շատ հաստ եղել, կամ մեխողն է վատը եղել, կամ էլ, ասենք, չաքուչն է թույլ եղել: Հայաստանի փորձով աշխարհը չի վերջանում, սիրելի «կրեածիվշիկներ» եւ ծակ փիլիսոփաներ:

Անցնենք մյուս գործոններին:

Թիմը

Այստեղ շատ բան չունեմ ասելու: Միայն թե հայաստանյան պայմաններում կարեւոր է հստակ իմանալ եւ գործել թիմում եղած հնարավոր ականների, «սեւերի» դեմ, որովհետեւ իշխանական հիմնական ստրատեգիաներից մեկը լինելու է թիմի մեջ պառակտում մտցնելը մի կողմից՝ «ձախերի»՝ առավել արմտական դիրքերից, մյուս կողմից՝ «աջերի»՝ առավել կոմպրոմիսային դիրքերից ներկայացողների միջոցով:

Այլ քաղաքական ընդդիմադիր ուժերը

Պարզ է, որ այս դաշտում կարող են լինել ինչպես ի սկզբանե բարյացակամ կամ չեզոք, այնպես էլ անբարյացակամ ուժեր: Աշխարհը բարի փերիներից չի բաղկացած, եւ պարզ է, որ, եթե քաղաքական ուժերի մի մասը կարող է հեշտությամբ գալ համաձայնության, ապա մյուս մասը, մանավանդ՝ առավել ծանրակշիռները, կարող են եւ չշտապել: Պարզ է, որ առավել համառներին պետք է այնպիսի պայմանների մեջ դնել, որպեսզի Հրապարակ գալուց բացի՝ այլ ելք չունենան, որպեսզի նրանց չմիանալը նրանցից, այլ ոչ թե քեզանից միավորներ խլի, իհարկե, եթե խոսքը բանական հաշվարկներով եւ իր նպատակներում մեծ հաշվով անկեղծ, այլ ոչ թե իմիտացիոն ուժի մասին է: Այս նպատակն ունի միայն մեկ գործիք՝ Հրապարակդ որքան հնարավոր է ուժեղացնել: Որքան այն ուժեղ եւ կազմակերպված եղավ, այնքան ավելի մեծ է հնարավորությունը, որ այլոք կգան՝ անկախ քո հրավերից իսկ: Իհարկե, սրանք տարրական բաներ են, բայց կարծես ներկա պայմաններում իրոք կա դա բացատրելու անհրաժեշտությունը:

Բնական է նաեւ, որ հեղափոխականի թիրախը չեն կարող լինել ընդդիմադիր այլ ուժերը, որքան էլ նրանք սիրելի կամ ատելի լինեն, այնքան ժամանակ, քանի դեռ նրանք բացահայտ կամ գոնե քիչ թե շատ տեսանելի գործարքի չեն գնացել իշխանության հետ: Եթե իշխանությունից բացի՝ թիրախ են դառնում այլք, ապա, հեղափոխության նպատակը եթե ոչ կասկածելի, ապա գրեթե անիրականանալի է դառնում: Շեշտեմ, որ ոչ միայն ուղիղ, այլեւ ենթատեքստային կծմծոցները, պատահական լեզվի սայթաքումները նույնպես «հաշիվ» են, որովհետեւ այս խաղում ամեն ինչ էլ հաշիվ է: Չի կարող ոչ ոք հաջողթյան հասնել թույլի հոգեբանությամբ, նաեւ՝ երկու ճակատ բացելով, եւ չհստակված նպատակներով: Կամ նպատակդ հեղափոխությունն է, եւ միակ թիրախդ՝ իշխանությունը, կամ նպատակդ ընդդիմադիր առաջնորդի «պաշտոնի» ստանձնումն է, եւ այդ դեպքում հրապարակային գործողություն անելն արդեն ի սկզբանե սխալ էր՝ պետք էր միանգամից պայմանավորվել իշխանության հետ, այլ ոչ թե անկապ տեղը ջղայնացնել Սերժենց: Եվ այստեղ ոչ մի արդարացում չկա ու չի կարող լինել, նույնիսկ՝ եթե մյուս ընդդիմադիրներն իրենց լավ չեն պահում: Ոչ ոք չի խորանալու, ու պարտվողը դու ես լինելու:

Իշխանություն

Հայաստանում այս բառով պետք է հասկանանք բավականին լայն մի դաշտ՝ նախագահ եւ նրա անմիջական շրջապատ, իշխող քաղաքական ուժ, դրա կրտսեր դաշնակիցներ, պետական, այդ թվում՝ ուժային կառույցներ, խոշոր բիզնես, մի խոսքով՝ այն ամենն, ինչ «հասարակ ժողովուրդը» ընդհանրացնում է հարուստներ եզրով՝ «հարուստներ եւ քյասիբներ» հակադրության մեջ:

Պարզ է, հուսով եմ, որ հեղափոխական գործընթաց հռչակած ցանկացած քաղաքական միավորի համար, եթե նա պատրաստվում է հեղափոխությունն իրականացնել խաղաղ եւ օրինական ճանապարհներով, եւ հենվելով նախեւառաջ սեփական հասարակության, այլ ոչ թե արտաքին ուժերի վրա, հիմնական նպատակը պետք է լինի իշխանության թուլացումը հասարակական լայն ճնշման միջոցով: Ավելի կոնկրետ՝ հեղափոխական նպատակին կարելի է հասնել միայն այն պայմաններում, երբ իշխանությունը սկսի կորցնել իր ներքին միասնականությունը՝ հոգեբանական, այսպես ասած ֆիզիկական եւ այլն:

Մեր տիպի երկրում, որի համակարգը կարելի է բնորոշել որպես «մեղմ» բռնապետություն, իշխանության վերջին փաստարկը միշտ էլ լինելու բռնի ուժը, ընդհուպ մինչեւ զենք, եւ դա որեւէ կապ չունի տվյալ նախագահի բնավորության գծերի հետ: Բարի ու չար նախագահների մասին հեքիաթներին թող հավատան հայ մտավորականները: Իրականությունն այն է, որ այլ հավասար պայմաններում, սպառելով բոլոր հնարավոր ռեսուրսները՝ իշխանությունը կանցնի ուժային գործողությունների, եթե զգա իրական վտանգ: Այստեղ չեն օգնի, բնականաբար, նաեւ ընդդիմադիրների բարի աչքերը, հարգալից խոսքերը եւ այլ ոճական նրբություններ: Իշխանությունն ինքը կմոռանա բարության եւ քաղաքակիրթի մասին՝ հենց իրական այլընտրանքային բեւեռի հոտ առնի, եւ սկսելով սեւ քարոզչությունից՝ կանցնի անմիջական բռնության այն պահին, երբ դա անհրաժեշտ համարի: Ով հակառակն է կարծում, կարող է համարել, որ նա իզուր է շնչում այս չքնաղ մոլորակի օդը:

Հետեւաբար խաղաղ իշխանափոխության միակ հնարավորությունն այն է, որ իշխանությունը զրկվի բռնություն գործադրելու հնարավորությունից, իսկ դա հնարավոր է միայն իշխանության ներքին պառակտման միջոցով: Իշխանության մեջ եղած առանձին սուբյեկտները պետք է կամ քողարկված չեզոքության վիճակի հասցվեն, կամ էլ բացահայտ անցնեն ընդդիմության կողմը՝ աշխատելով ներսում կամ դրսում: Մինչեւ դա չլինի, ոչինչ չի լինի:

Ցանկացած իշխանության մեջ էլ ներքին բաժանումներ կան, բայց հարցն այն է, որպեսզի դրանք բավականաչափ ուժեղ լինեն, եւ հեղափոխությունը կարողանա դրանք է՛լ ավելի ուժեղացնել եւ հասուացնել: Այս պահին մեր իշխանություն կոչվածի մեջ բավականին ուժեղ են եւ բազմազան ներքին հակասությունները, ինչի վկայությունն է, ի դեպ, ընտրությունների փաստացի խայտառակ արդյունքը Սերժի համար:

Բայց որպեսզի այդ ներքին բաժանումները նպաստեն հեղափոխությանը, պետք է լինի նույն պայմանը՝ ուժեղ Հրապարակ՝ լայն մոբիլիզացիայով, համոզիչ խոսքով, կազմակերպվածությամբ եւ, տվյալ դեպքում՝ նաեւ այնպիսի առաջնորդով, որին պոտենցիալ «տակից օգնողները», բացահայտ «պերեբեժշչիկները», հրամաններ չկատորողները, սաբոտաժ անողները վստահեն:

Սա ինչ-որ ցինիկ կամ վատ սցենար չէ: Սա միակ հնարավոր հեղափոխական սցենարն է, որը մինչեւ հիմա գործել է աշխարհում, եթե բացառենք զինված ապստամբություններն ու հեղաշրջումները կամ էլ օտար կոպիտ միջամտությունը, բայց նույնիսկ այդ վերջին դեպքերում հաջողությունը հնարավոր չէ՝ առանց իշխանության ներքուստ թույլ վիճակի: Եվ եթե ժողովորդի 90 տոկոսն էլ լինի հեղափոխական, միեւնույն է, չի կարող հասնել հաջողության՝ առանց իշխանական համակարգի մեջ թույլ կետեր բացահայտելու եւ ուժեղացնելու: «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը գործում է նաեւ այստեղ: Մնացածն էլի հայ մտավորականության համար է: Եթե որեւէ մեկը հույս ունի արդյունքի հասնելու միայն «քաղաքացիականով», ապա, ինչ ասեմ, թող գնա հասնի: Եթե, շեշտեմ, ակնկալվող արդյունքը հենց իշխանության փոփոխությունն է, այլ ոչ թե երկարատեւ էվոլյուցիոն գործընթացը, ինչն ինքնին վատ չէ, իհարկե, բայց այլ թեմա է: Մենք չենք խոսում հեղափոխության ճիշտ կամ սխալ լինելու մասին, այլ դրա իրագործելիության մասին:

Կարեւորը՝ իշխանության հետ ցանկացած բանակցություն, ցանկացած առողջ կոմպրոմիս հնարավոր է միայն, եթե նախապես ապահովված է ուժեղ Հրապարակը: Մեկ օր միտինգ ու մի կիսատ գիշեր Հրապարակում մնալուց հետո հաստատ չեն գնում բանակցությունների: Կներեք, իհարկե, որ չդիմացա եւ տեսականից անցա գործնականին:

Արտաքին ուժեր

Արտաքին բարենպաստ կոնյուկտուրան, իհարկե, անչափ կարեւոր է եւ կարող է ազդեցություն ունենալ, հատկապես իշխանական ներքին տարանջատումների ուժեղացման առումով, սակայն չափազանցել այդ գործոնի դերը ոչ միայն վնասակար է երկրի անվտանգության տեսակետից, այլեւ մեծ հաշվով՝ անարդյունավետ: Եթե բացառենք ուղիղ արտաքին միջամտության սցենարը, որին, կարծում եմ, Հայաստանում ոչ մի առողջ մարդ չի կարող համաձայնել նույնիսկ ընդդեմ ամենաատելի իշխանության, ապա արտաքին գործոնը կարող է այլ հավասար պայմաններում բարենպաստ լինել միայն նրա համար, ով ապահովել է նախապես հզոր ներքին մոբիլիզացիա: Այսինքն՝ կրկնեմ նորից՝ ձեւավորել է ուժեղ Հրապարակ:

Այլ կերպ ասած՝ այստեղ էլ բանակցել է պետք ոչ թե ժողովրդին թողնելով ու ցրելով ամեն մեկն իր գործին, այլ ճիշտ հակառակը՝ ժողովրդին Հրապարակում ունենալով եւ ժողովրդի անունից: Այլապես հա՛մ շպիոնական խաղի հոտ է գալիս, հա՛մ էլ էդ խաղն էլ անլուրջ է: Ոչ ոք հանուն սիրուն աչքերի՝ քեզ համար մեծ զիջումներ չի ապահովի: Իսկ եթե նույնիսկ ենթադրենք, որ հաջողվի արտաքին ուժերին համոզել, որպեսզի իշխանությունը գնա զիջումների, կամ նման պայմանավորվածություն ի սկզբանե կա, ապա Հրապարակում ժողովրդի բացակայության պայմաններում դա ոչ այլ ինչ է, քան գործարք՝ ի հաշիվ երկրի ինքնիշխանության:

Եվ բացի այդ՝ դա Հայաստանում ժողովրդավարության հարցի լուծում չի կարող լինել, քանի որ իրական ժողովրդավարությունը (որքանով էլ այդ եզրը պայմանական է՝ ավելի հստակեցնելու համար ստիպված պետք է ավելի երկար ժամանակ ծախսեի եւ ծավալվեի), նույնանալով ինքնիշխանության հետ, կարող է ապահովվել միայն ու միայն ներքին շարժման արդյունքում, իսկ արտաքին գործոնները միայն կարող են օգտագործվել որպես բարենպաստ ֆոն: Հրապարակի դատարկության պայմաններում ցանկացած հեղափոխական գործընթաց իմիտացիոն է, եւ եթե նախապես պայմանավորված խաղ չէ իշխանության հետ, ապա գրեթե անխուսափելիորեն կարող է վերածվել տարբեր արտաքին ուժերի ազդեցության գործակալների պայքարի:

Ամփոփում

Ինչպես տեսնում եք, Րաֆֆի Հովհաննիսյանի կոնկրետ գործողություններին գրեթե չեմ անդրադառնում՝ հարգելով շատերիս կողմից լռելյայն ընդունված լռության օրվա, այսպես ասած, խորհուրդը: Սակայն բացարձակ լռությունն անիմաստ կլիներ այս պայմաններում: Մնացածի մասին կխոսենք հետո, եթե առիթ կլինի: Եզրակացություններն էլ ինքներդ կարող եք անել: Հուսամ՝ սա չի ընկալվի որպես «նենգ» հարված, իսկ եթե ընկալվի էլ, ապա դրա դեղատոսմն էլ կա այս նյութում՝ ոչ ոք չի կարող ոչ մեկին խանգարել, եթե նա ինքն իրեն չխանգարի: Ի վերջո, եթե նույնիսկ սխալներ են արվել, ապա պետք է կարողանալ դրանք գնահատել եւ հնարավորինս ուղղել:

Շատերն, իհարկե, կարող են ասել՝ քննադատելը հեշտ է, եկեք դուք արեք: Հեղափոխություն անել՝ որեւէ մեկի փոխարեն, անշուշտ, ոչ ոք չի կարող: Ես էլ հաստատ չեմ ուզում նմանվել այն մարդկանց, որոնք, ըստ Արմեն Մարտիրոսյանի ու Իզաբելլա Աբգարյանի, երեկ փորձում էին սադրանք կազմակերպել: Սադրանքը չգիտեմ, բայց համաձայն եմ, որ մարդիկ ձայները տվել են ոչ թե ինձ կամ ինչ-որ մեկին, այլ շատ կոնկրետ մարդու, եւ նա էլ պետք է այս ընթացքում անի քայլերը: Մնացածը, կներեք, բայց էլի պիտի ասեմ՝ հայ մտավորականության համար է միայն թեմա:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Աղբյուրը՝ ustahrant.blogspot.com

Նախորդ հոդվածը‘Միքայել Լաուդրուպը` «Ռեալի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու’
Հաջորդ հոդվածը‘Ինը բրիտանացիների մեղավոր են ճանաչել ահաբեկչություն կազմակերպելու մեջ’