‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Հայկական ազգայնականությունը 4. Անիծյալ օձը’

4252

Նախորդ հատվածում կանգ առանք «վնասազերծված» հայկական հայրենասիրության համակարգի առաջին՝ հայ-թուրքական հարաբերության տարրի վրա: Այժմ համառոտ դիտարկենք նույն համակարգի մյուս տարրերը, որոնք ձեւակերպել էինք հետեւյալ կերպ՝

«բ. Ռուսաստանը՝ ցարական թե սովետական, որպես հայ ազգի փրկիչ, եւ բոլոր աչքի ընկնող, «լավ» հայ գործիչները՝ որպես մոլի ռուսամետներ

գ. Հայոց պատմությունը մշտական ողբերգություն, աղետ, ձախողում, գրեթե՝ երեքհազարամյա ցեղասպանություն եւ օտար նվաճումների ու տիրապետումների շղթա

դ. Հայերը քաղաքական բնազդից զուրկ, հայոց պատմությունը՝ ապաքաղաքականացված

ե. Հայկական բոլոր շարժումները կազմակերպվածությունից զուրկ, տարերային, ինքնաբուխ, «ժողովրդական»»։

Այս չորսը պետք է դիտարկել միասնության մեջ, որպես մեկը մյուսից բխող եւ մեկը մյուսին հիմնավորող:

Անփոփոխ տարրեր՝ փոփոխական համակարգեր

Ռուսաստանի կամ մեկ այլ քրիստոնյա ուժի՝ Անգլիայի, Ֆրանսիայի, Հռոմի Պապի, Գերմանական կայսեր եւ նույնիսկ Վրաստանի միջոցով հայ ազգը «փրկելու» ծրագիրն, իհարկե, անչափ ավելի հին է, քան ՍՍՀՄ-ը, բայց այս դեպքում էլ այդ կետը ստանում է յուրահատուկ, այսպես ասած՝ «տոտալ»՝ այլընտրանքներ չենթադրող մեկնաբանում: Այսօր էլ այդ մեկնաբանությունն աշխատեցվում է հրապարակային խոսքը մենաշնորհելու ձգտող խմբերի՝ «արեւմտամոլների» եւ «ռուսամոլների» կողմից, որով լուսանցքային կամ զուտ ձեւական խոսքի դաշտ է տեղափոխվում Ղարաբաղյան շարժման օրերին հաղթանակած հայաստանակենտրոն՝ «հույսը սեփական ուժերի վրա» դնելու հղացքը: Պետք է շեշտենք, որ այստեղ կարեւոր է ոչ թե կոնկրետ Ռուսաստանի, այլ ընդհանրապես՝ արտաքին որեւէ ուժի միջոցով «փրկության» գաղափարը: Ռուսաստանի հետ դրա վերջնական նույնացումը պատմական պատահականության արդյունք է: Գրեթե բոլոր եվրոպական մեծ տերությունները հերթով հասցրել են «լինել» հայ ժողովրդի «փրկիչը» եւ այսօր էլ լուրջ հավակնորդների շարքում են:

Կոնկրետ Ռուսաստանին Հայաստանի միացումն, անշուշտ, ունեցել է թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր ու հետեւանքներ, ու, թերեւս, ամենավերջին հաշվով դրականը մի փոքր գերակայում է (բայց վերջնական պատասխան կարող է տալ միայն դեռեւս չիրականացված պատմագիտական հիմնարար վերլուծությունը): Բայց մի բան է դրականի ու բացասականի բանական վերլուծությունը, այլ բան՝ կրոնին, ոչ թե քաղաքականությանն ու գիտությանը հարիր փրկչաբանությունը: Քաղաքական փրկչաբանությունը ենթադրում է բացարձակ, ոչ թե հարաբերական՝ «ե՛ւ, ե՛ւ» ձեւակերպումներ:

Եվ ահա այստեղ օգնության են գալիս մյուս երեք կետերը՝ հայոց պատմությունը որպես աղետ եւ ձախողում, հայոց պատմությունն՝ ապաքաղաքականացված, հայկական շարժումները՝ տարերային եւ անկազմակերպ: Հենց այս տարրերի շնորհիվ է հիմնավորվել «բացարձակ փրկչաբանությունը»:  

Բոլոր նշված կաղապարները հայոց պատմության մասին ձեւակերպվել են դեռեւս մեր ազատագրական շարժման ամենավաղ փուլերում՝ առնվազն 19-րդ դարի սկզբում (ըստ էության՝ կան արդեն Շահամիրյանի մոտ, օրինակ), բայց ազատագրական գաղափարաբանության համակարգում դրանք ա՛յլ իմաստ են ունեցել՝ կոչված լինելով բացատրել եւ բացահայտել հայության ներկա վատ վիճակը եւ հիմնավորել ազգային կյանքի հեղափոխման անհրաժեշտությունը:

Ոչ մեկն այդ կետերից չունի խորը գիտական հիմք. դրանք մեծամասամբ հիմնված են բավականին պարզունակ մտածողության վրա եւ ոճով ու նպատակով զուտ հրապարակախոսական են: Արտացոլում են, մի կողմից՝ 18-19-րդ դդ.-ի գիտության եւ աշխարհընկալման մակարդակն ու կարծրատիպերը, մյուս կողմից էլ՝ մասամբ ժառանգում են միջնադարի կղերական ճարտասանական կաղապարները՝ պատմական ճակատագիրը որպես Աստծո պատիժ մեղքերի դեմ, վախճանաբանական սպասումներ, որոնց շրջանակում ցանկացած փոփոխություն գուշակում էր աշխարհի մոտալուտ վախճանը կամ պարզապես առիթ էր այս կամ այն հեղինակի ճարտասանական հմտությունները հայտնաբերելու՝ ողբի, քարոզի եւ այլ միջնադարյան գրական սեռերում:

Տարբեր ժամանակներում, ուրեմն, նույն տարրերը մաս են եղել տարբեր աշխարհայացքային համակարգի (տարրի իմաստը ոչ թե ինքն իր մեջ է, այլ համակարգի, այսինքն՝ տարրերի միջեւ կապերի): Եվ ահա նոր՝ «արտոնված» սովետահայկական հայրենասիրության համակարգի մեջ հայոց պատմության աղետալիության, հայերի ապաքաղաքական բնավորության եւ անկազմակերպության մասին դրույթները պետք է ծառայեին նոր նպատակի՝ ապացուցել, թե ինչո՛ւ հայերը երջանիկ եւ ապահով կարող են լինել միայն հզոր արտաքին, տվյալ դեպքում՝ ՍՍՀՄ հովանու ներքո: Այսօր այդ համակարգն իր հին ձեւով կարծես թե չի գործում կամ թուլացել է, բայց տարրերը, որոնք եղել են դրա հիմքում, մեծամասամբ կենդանի են եւ ձեւավորում են մեր ազգային գիտակցությունը՝ խորապես վնասելով իրապես անկախ Հայաստանի կայացմանը:

Չնվաճված Հայաստան

Մի քանի խոսք այս կարծրատիպերի պատմական հիմնավորության մասին:

ա. Հայոց պատմությունը որպես շարունակական աղետ եւ ձախողում: Սա ծիծաղելի եւ անհեթեթ դրույթ է արդեն այնքանով, որ չի կարող մի ազգի պատմությունը լինել շարունակական աղետ, բայց այդ ազգը շարունակի գոյատեւել 3000 տարի նույն տարածքում եւ մի բան էլ՝ քաղաքական վերածնունդ ապրել ու անկախ պետություն կերտել նոր դարաշրջանում: Հայոց պատմությունն իրականում ողբերգական է այնքանով, որքանով ընդհանրապես ողբերգական կարող ենք համարել համամարդկային կամ տարածաշրջանային պատմությունը, եւ պատմականորեն հայերս հաջողված կամ ձախողված ենք, մեծ հաշվով՝ ոչ ավել կամ պակաս աշխարհի մյուս բոլոր ազգերից: Իսկ եթե պարտադիր է ընտրել հաջողման եւ ձախողման միջեւ, ապա ճիշտ է առաջինը՝ հաջողումը, որովհետեւ հնարավոր չէ ձախողում համարել Մերձավոր Արեւելքի քրիստոնյա մի ազգի պատմությունը, որը ոչ միայն պահպանել է իր գոյությունն ու ազգային ինքնությունը, այլեւ իր համեստ ուժերի համեմատ՝ բավականին լուրջ քաղաքական դեր է խաղացել նորագույն շրջանում: Միայն ծայրահեղ անիրատես, անտեղյակ, Լուսնի վրա եւ անդին բնակվող մտածողությունը կարող է սա համարել ձախողում կամ հատուկ դժբախտություն: Իհարկե, դա չի նշանակում, որ չենք ունեցել կոնկրետ ձախողումներ կամ անկման փուլեր ու աղետներ: Ունեցե՛լ ենք, ինչպես եւ բոլորն են ունենում, ինչպես եւ կյանքը հնարավոր չէ առանց ձախողումների եւ հաջողությունների, անկումների եւ վերելքների:

Բայց ինչպե՞ս թե՝ կասեք: Ահա, մեր պատմությունն ուսուցանում է, որ Հայաստանը եղել է շարունակ նվաճված, օտար դաժան լծի տակ եւ այլն: Նախ՝ օտար լծի տակ իրենց պատմության մեծ մասն անցկացրել է աշխարհի ժողովուրդների մեծամասնությունը: Երկրորդ՝ որքան էլ տարօրինակ է, բայց Հայաստանը բառիս բուն իմաստով երբեք չի նվաճվել մինչեւ ուշ միջնադար: Չի կարելի հնի արտաքին կախվածությունը շփոթել ուշ դարերի նվաճումների հետ: Օրինակ՝ պարսիկների կամ արաբների տիրապետությունը Հայաստանում օսմանցիների կամ ռուսների տիրապետության հետ. դրանք միանգամայն տարբեր, արմատապես այլ բնույթ ունեն: Քանի դեռ գոյություն է ունեցել հայկական ազնվականությունը՝ հայկական ռազմական դասը, Հայաստանը ենթարկվել է օտար տիրապետության, բայց երբեք չի նվաճվել: Արտաքին կախումն ու ներքին նվաճումը տարբեր են, ինչպես, օրինակ, այսօրվա Աֆղանստանը հնարավոր է գրավել, բայց հնարավոր չէ նվաճել, նույնը եղել է եւ հին ու միջնադարյան Հայաստանի հետ: Այդ շրջանի «նվաճված» Հայաստանն ավելի անկախ եւ ավելի ուժեղ է եղել, քան այսօրվա անկախը, քանի որ ավելի հզոր է եղել նրա քաղաքական-ռազմական ներուժը: Հայաստանն իրապես նվաճվել է միայն այն բանից հետո, երբ բյուզանդացիներն արմատախիլ արեցին հայկական ազնվականությունը բուն Հայաստանի մեծ մասում: Իսկ այն տեղերում, ուր հայկական ազնվականության մնացորդները պահպանվեցին, հիմք դարձան նոր շրջանի ազատագրական պայքարի վերելքի: Կարճ ասած՝ հայերը գրեթե միշտ ունեցել են իրենց թեկուզ համեստ, բայց կարեւոր տեղը որպես քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային գործոն տարածաշրջանում, եւ ոչ մի առանձնահատուկ ողբերգություն եւ շարունակական աղետ մեր պատմության մեջ չկա:

Մշակույթ եւ քաղաքականություն

Նույնի շարունակությունն է հայերին որպես պատմականորեն քաղաքական բնազդից զուրկ ազգ ներկայացնելը: Արդեն նախորդից պարզ է, թե որքան անհամարժեք պատկերացում է սա: Մեր «արտոնյալ հայրենասիրությունը» կառուցված է «մշակութապես հզոր», բայց «քաղաքականապես թույլ ազգ» դրույթի վրա: Համակարգային իմաստով սա նշանակում է՝ թույլատրելի է հպարտանալ մշակույթով, բայց քաղաքականությամբ զբաղվելը, այսինքն՝ անկախ լինելը հայի բանը չէ՝ քաղաքականությամբ չզբաղվողը հպատակը կամ ստրուկն է: Զարմանալի կարող է թվալ, բայց այսօր էլ, երբ անկախ ազգ ենք, շարունակում ենք նույն կաղապարով առաջնորդվել: Մեր գիտակցության մեջ ազգի երեւելիների մեջ մտնում են գիտնականը, գրողը, նկարիչը, նույնիսկ զորավարը, բայց բուն քաղաքական գործիչը կամ դուրս է այս ցուցակից, կամ մի տեսակ ավելի նվաստ դեր է խաղում: Եթե փորձենք հիշել մեր իմացած երեւելի հայերի անունների ցանկը, ապա զուտ քաղաքական դեմքերը դրանում առավել համեստ տեղ են գրավելու:

Բայց այստեղ կարեւոր հակասություն կա, որը չենք գիտակցում: Ոչ մի ազգ չի կարող տեւականորեն մշակութապես հզոր լինել, եթե քաղաքականապես կամ տնտեսապես թույլ է: Դրանք բոլորը շաղկապված են իրար հետ, եւ եթե կան համաշխարհային պատմության մեջ որոշ բացառություններ, ապա հայերն այդ բացառություններից չեն: Եթե հայերը լինեին միայն մշակութապես հզոր ազգ, ապա վաղուց չէին լինի կամ լավագույն դեպքում կպահպանվեին որպես փոքրամասնություն եւ սփյուռք, ինչպես՝ ասորիները եւ ղպտիները: Միջնադարի մեր բոլոր մշակութային արժեքները, որոնցով հպարտանում ենք, ստեղծվել են հզոր քաղաքական կամ գոնե տնտեսական հովանու տակ: Եթե 14-րդ դարի մղձավանջային թվացող պայմաններում եղել է մի Գրիգոր Տաթեւացի, ապա եղել է նաեւ Հայաստանի արեւելյան ծայրամասում քիչ թե շատ ուժեղ դիրք պահպանած Օրբելյանների իշխանություն, որի գոյությունը երաշխիք է եղել Տաթեւացու հանրագիտարանային գործունեության: Այս կամ այն ճշտմամբ՝ այս օրինակն օրինաչափ է բոլոր ժամանակների եւ դեմքերի համար: Իսկ երբ չի եղել հայկական իշխանություն, ապա եղել է գոնե հայկական կապիտալ՝ որպես մշակույթի ստեղծման հիմք:

Մենք մնացել ենք Արեւելքի միակ քրիստոնյա ազգ (վրացիներից բացի), որովհետեւ ժամանակին ունեցել ենք հզոր բանակ, քաղաքական կազմակերպություն եւ տնտեսական հզորություն: Ասորիները մեզնից պակաս քրիստոնյա չեն եղել, ավելին՝ մեր ուսուցիչներն են եղել քրիստոնեության մեջ, բայց մեծամասամբ ձուլվեցին եւ իսլամացան: Մեր Եկեղեցին ի սկզբանե ո՛չ աստվածաբանության, ո՛չ էլ նույնիսկ բարոյականության մեջ առաջատար էր, եւ Արեւելքի մյուս եկեղեցիների կրտսերն էր, բայց նա դարձավ Արեւելքի քրիստոնեության առաջատար, որովհետեւ թիկունքում ուներ հայկական քաղաքական, ռազմական եւ տնտեսական ուժը՝ ի վերջո դառնալով նաեւ զուտ կրոնական հարցերում առաջինը՝ կրտսերից վերածվելով ավագի: Նույնիսկ, չնայած նրան, որ միջնադարյան հայկական քաղաքական եւ ռազմական ուժը բավականին շուտ վերացավ, միեւնույն է՝ դրա շնորհիվ ստեղծված դիրքերն այնքան ամուր էին, որ նոր շրջանում էլ կարեւոր սկզբնական ռեսուրս եղան մեր վերածննդի: Նոր շրջանի մասին չեմ խոսում, բայց այստեղ էլ ոչ մի հարց չի լուծվել առանց նշված գործոնների: Հայերը եղել են եւ ե՛ն քաղաքական ու ռազմական գործոն եւ այսօր էլ ունեն դրա ներուժը՝ նույնիսկ այս խեղճացած վիճակում: Հայաստանի անկախությունը ոչ թե շնորհ է երկնքից կամ պատահականություն, այլ իրապես նվաճված, իրապես աշխատված արդյունք սերունդների ջանքերի:

Արգելված պտուղն ու անիծված Օձը

Վերջապես անհեթեթություն է նաեւ մեր քաղաքական պայքարի ներկայացումը՝ որպես զուտ տարերային «ժողովրդական» հուզումների պատմություն: Չի լինում պայքար առանց կազմակերպության եւ ղեկավարման: Չեն լինում տարերային ապստամբություններ, անկազմակերպ պատերազմներ, անհեղինակ հաղթանակներ: Ոչ մի բան մեր պատմության մեջ եւ հատկապես նորագույն շրջանում չի եղել ինքն իրեն, միայն ժողովրդական բնազդով, միստիկ հրաշքներով, հանկարծակի ոչ մի տեղից եկած պոռթկումներով, այլ ամեն ձեռքբերման կամ կորստյան, հաջողման կամ ձախողման, հաղթանակի կամ պարտության թիկունքում կան նախապես մտածված միտք, գործադրված կամք, կազմակերպված աշխատանք, կոնկրետ հեղինակ: Ոչ մի բան չի եղել, ու նաեւ չի՛ լինելու:

Բայց հայերը չպետք է իմանան այս գաղտնիքը, որովհետեւ իմացողը մտնում է «մեծերի», անկախների, որոշողների շարքը: Ինչպես Աստվածաշնչի սկզբում Աստված արգելում է Ադամին ու Եվային՝ ուտել Չարի ու Բարու իմացության ծառի պտղից, իսկ երբ նրանք ուտում են դա, վտարվում են դրախտից, որովհետեւ Աստված ասում է, թե իմանալով չարն ու բարին, նրանք կդառնան «մեզանից մեկը», այսինքն՝ կաստվածանան, այդպես էլ՝ հայ ժողովրդին թույլատրված է ապրել «մշակութային ազգ» դրախտում անմեղ ու անշառ Ադամի կարգավիճակով, բայց արգելված է իմանալ «Չարնուբարին»՝ քաղաքականության գաղտնիքը, որպեսզի հանկարծ չդառնա «նրանցից մեկը»՝ անկախ ազգ:

Իսկ այն օձը, որը կհուշի հայերին՝ թողնելով անշառ կյանքը, ճաշակել Իմացության ծառից, դարերով անիծված պետք է լինի աշխարհի մեծերի կողմից:

Նախորդ հոդվածը‘Ամենաերջանիկներն ու ամենադժբախտները’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Ցավալի է, երբ ամսվա ամենագեղեցիկ գոլը քո թիմի դարպասն են խփում»’