‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Նենգ օտարները եւ հայի պատասխանատվությունը’

2351

Փետրվարին լրանում է Ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձը: Եթե չլիներ Ղարաբաղի խնդիրը, որի շուրջ ծավալված շարժմամբ մեր հասարակությունը, արագ քաղաքական զարգացում ապրելով՝ հասունացավ անկախության պահանջին եւ ի ցույց դրեց ինքնակազմակերպման իր ներուժը, ո՞վ գիտի, թե հայաստանցին ինչպե՞ս էր վերաբերվելու անկախանալու խնդրին, երբ դա այսպես թե այնպես ծառանալու էր մեր առջեւ ՍՍՀՄ փլուզմամբ՝ 1991-ի վերջին: Կարելի է ենթադրել, որ անկախությունն այդ դեպքում ոչ թե լինելու էր ներսից հասունացած պահանջ, այլ դրսից՝ արտաքին հանգամանքներով թելադրված, անսպասելի, եթե չասենք նույնիսկ՝ ընկալմամբ աղետալի մի դիպված, ինչպես որոշ չափով եղավ 1918-ի մայիսին: Համենայն դեպս՝ վերհիշելով, թե որքան քիչ մարդու համար էր արդիական անկախության ոչ թե պահանջը, այլ մի՛տքն իսկ 1988-ի սկզբի դրությամբ, կարելի է բավականին վստահ լինել՝ այլընտրանքային պատմության նման սցենարի առումով: Բայց սկզբնապես զուտ «ազգային» (չակերտում ենք, որովհետեւ սխալ է քաղաքական խնդիրները բաժանել «ազգայինի» եւ «ապազգայինի») ընկալվող հարցը, դիմադրություն հանդիպելով կայսրության կողմից, արագ «շողուլի» բերեց հայկական գիտակցությունը՝ բացահայտելով նրա առաջ հարցերը սեփական ուժերի վրա հենվելով լուծելու՝ անկախության եւ իրապաշտական, սթափ քաղաքականության ուղին:

Պատառ-պատառ եղած Արեւելահայաստանը

Դա չի նշանակում, որ եղածը զուտ պատահականություն է կամ նույնիսկ՝ կուրիոզ, կամ, առավել եւս, որ մեր հասարակության իսկական հայելին վերը նկարագրած այլընտրանքային սցենարն էր, ինչպես, անշուշտ, կարող է մտածել առավել պարզունակ հայացքը: Եթե հայաստանյան հասարակությունը չունենար իր մեջ քաղաքական հասունության թաքնված ներուժ, նրան չէր օգնի ոչ մի հարց եւ ոչ մի շարժում: Բայց հարցն այն է, որ այդ թաքնված, հասարակության իսկ կողմից չգիտակցված ներուժը պետք է բացահայտվի, եւ այստեղ արդեն իր դերը կարող է ունենալ նաեւ պատմական պատահականությունը:

Պատահականությո՞ւն: Իսկ որքանո՞վ էր իրոք պատահական Ղարաբաղի հայտնվելն Ադրբեջանի կազմում: Ունենք «ինչո՞ւ Ղարաբաղը դարձավ Ադրբեջանի մաս» հարցի հայտնի պատասխաններ, եւ թվում է, թե նոր հարցադրման կարիքը չկա: Մեղավորը «նենգ» Ստալինն էր, թուրքի հետ դաշնակցած «չար» բոլշեւիկները, ռուսական կայսրության ավանդական «ուխտադրժությունը» հայերի նկատմամբ….: Մի քիչ ավելի նեղ շրջանակին հայտնի է նաեւ ոչ պակաս «ուխտադրուժ» անգլիացիների դերը 1919 թ.: Արդյո՞ք այս պատասխանները պետք է այսօր էլ բավարարեն մեզ: Հարցը պարապ չէ՝ դրա պատասխանից շատ բան է կախված մեր պատմական, հետեւաբար նաեւ՝ քաղաքական գիտակցության հետագա հասունացման առումով:

Հարցը միայն Ղարաբաղը չէ, որն այժմ, մեծ զոհերի գնով՝ մերն է: Իսկ ի՞նչ եղան Արեւելյան Հայաստանի մյուս մասերը՝ Հյուսիսային Արցախը, Շարուր-Նախիջեւանը, Ջավախքը, դեռ չհիշատակելով Կարսն ու Սուրմալուն, որոնք նույնպես Արեւելյան Հայաստան էին: Ինչո՞ւ այնպես ստացվեց, որ դրանք բոլորը հայտնվեցին Հայաստանի սահմաններից դուրս, եւ բացի Ջավախքից՝ բոլորն էլ այսօր անհայաբնական են: Մի՞թե պատճառը միայն «հայի բախտն» է ու արտաքին ուժերի նենգությունը (եւ ինչո՞ւ են բոլորը միշտ «նենգ» մեր նկատմամբ):

Քրֆելու ձրի «կայֆը» եւ պատասխանատվության հարցադրումը

Նախ՝ տեսնենք վերոհիշյալ՝ արտաքին գործոնների հետ կապված պատասխանների տարբերակները: Դրանք, ընդհանուր առմամբ, իհարկե, ճիշտ են (կարեւորագույն բայցով, որը հետո կտեսնենք): Այն, որ բոլշեւիկները, հաստատվելով Անդրկովկասում, բացի Զանգեզուրից, բոլոր մնացած հողային հարցերը լուծեցին հօգուտ Ադրբեջանի, փաստ է (թե ի՛նչ հաշվարկներից ելնելով՝ այլ հարց է): Փաստ է եւ այն, որ դրանից առաջ էլ Ռուսական կայսրությունը «խասյաթ» ուներ հարցերը լուծել ի վնաս հայերի, եւ ոչ միայն 1905-07 թթ., երբ հովանավորում էր հայերի ջարդերը կովկասյան թուրքերի (թաթարների, ապագա ադրբեջանցիների) կողմից, այլեւ, թեկուզ 19-րդ դարի սկզբում, երբ նույն Ղարաբաղի մելիքների գործուն օժանդակությամբ հաստատված ռուսական գերիշխանությունը Անդրկովկասում դարձավ փաստացի վերջը Ղարաբաղի հայերի՝ դարերով պահպանված ինքնավարության, իսկ Ղարաբաղի թուրք խաները՝ ղարաբաղցի հայերի եւ ռուսների հակառակորդները, հաստատվեցին իրենց իրավունքների մեջ: Սխալ չէ նաեւ այն, որ 1919-ին հայերի դաշնակից համարվող անգլիացիները, մուտք գործելով տարածաշրջան, նույնպես լուծեցին Ղարաբաղի հարցն ի վնաս հայերի (նույնը փորձեցին անել նաեւ Զանգեզուրում, բայց չստացվեց): Այս բոլոր դեպքերում մեր պատմագիտությունը սիրում է շանթ ու անեծք թափել՝ արտաքին ուժերի հակահայկական քաղաքականության առիթով: Անգլիացիներին քրֆելն ընդհանրապես ձրի է, իսկ ռուսներինը՝ մի քիչ ավելի թանկ, բայց գոնե վերջին մոտ 30 տարում նույնպես հասանելի «կայֆ» է: Թվում է, սակայն, թե հերթական դաշնակցի (հակառակորդների մասին՝ է՛լ չասած) հերթական «նենգությունը» մերկացնողներից քչերի մոտ է հարց առաջացնում՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ էս լեն ու բոլ աշխարհում հենց մենակ հայերի դաշնակիցներն են այդքան նենգ, այդ ինչո՞ւ են բոլորը հակահայկական քաղաքականություն որդեգրում, արդյո՞ք ռուսները, անգլիացիները, ֆրանսիացիները եւ մյուս բոլորը, ովքեր մեր դաշնակիցն են համարվել, «մանկուց երազել են» հակահայկական քաղաքականության մասին, դա ի՞նչ կախարդական շղթա է: Եթե պատմագիտությունը չի պատասխանում այդ եւ նման հարցերի, կամ եթե գոնե չի դնում նման հարցադրում, այսինքն՝ չի փորձում բացատրել իրողությունները, այլ միայն շարադրում է դեպքերի հերթականությունը եւ հյուսում նենգության եւ բախտի մասին քնարական զեղումներ դրանց շուրջ, ապա դա ոչ թե պատմագիտություն է, այլ, լավագույն դեպքում՝ զուտ «պատմիչություն», ժամանակագրություն, իսկ վատագույն դեպքում՝ ժամավաճառություն:

Նպատակ չունեմ այս հարցի համապարփակ պատասխանը տալ: Հարցադրում անելն իսկ ինքնին արժեք է: Ոչ էլ նպատակ ունեմ Ղարաբաղյան հարցի մանրամասն վերլուծության՝ պատմական այս կամ այն ժամանակահատվածում՝ դա նեղ մասնագետների խնդիրն է, որին միջամտելը հարցը բազմակողմանիորեն չուսումնասիրած անձանց կողմից կարող է ավելի մեծ չարիք լինել, քան կարծրատիպի վերածված պատումներն արտաքին ուժերի «նենգության» մասին:

Մենք կարող ենք, տվյալ դեպքում, միայն, մի կողմից՝ ավելի համեստ, մյուս կողմից էլ՝ ավելի ընդհանրական մի հարցի պատասխանը փնտրել: Ինչո՞ւ 1918-21 թթ. ընթացքում այնպես ստացվեց, որ Լեռնային Ղարաբաղը եւ Արեւելյան Հայաստանի մյուս տարածքները դուրս մնացին Հայաստանից: Ինչո՞ւ ստիպված եղանք 20-րդ դարի վերջին մեծ ջանքերի եւ զոհերի գնով վերադարձնել դրանցից միայն մեկը՝ Լեռնային Ղարաբաղը, որի շուրջ հակամարտությունը շարունակվում է ցայսօր: Արդյո՞ք այդ ամենի մեջ, բացի օտարների «նենգությունից», կա նաեւ մեր՝ հայերիս պատասխանատվությունը, որի չափը պետք է սահմանել, հասկանալ եւ ընդհանրացնել՝ այսօր եւ վաղը նմանատիպ սխալների մեջ չընկնելու համար:

Հենց այս հարցին էլ կփրձենք պատասխանել հաջորդիվ:

 

Շարունակելի

Նախորդ հոդվածը‘Անկարան բացատրություններ է պահանջել ԱՄՆ-ից’
Հաջորդ հոդվածը‘Աշոտյանը չի բացառել, որ պաշտոնանկ է արվելու’