‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Ուղեղս երկու կես է լինում, երբ պնդում են՝ Հայաստանում այսօր ֆեոդալիզմ է կամ ինչ որ ռամզաֆեոդալիզմ’

1314

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook սոցիալական կայքի իր էջում գրում է.

«Լավ, չեմ դիմանում՝ էս էլ գրեմ: Ես հասկանում եմ, որ որոշ դեպքերում «ֆեոդալական» բառը կարող է օգտագործվել որպես փոխաբերություն, մետաֆորա՝ այսօրվա Հայաստանում առկա որոշ երեւույթներ բնութագրելու համար, թեեւ ինձ համար դա էլ անընդունելի է: Բայց իմ ուղեղը պարզապես երկու կես է լինում, երբ պատկերացնում եմ, որ կան մարդիկ՝ չափահաս մարդիկ, նույնիսկ՝ գործիչներ, որոնք, ամենայն լրջությամբ, ի լուր հայաստանցիներիս եւ ի սփյուռս աշխարհի՝ կարող են պնդել, որ Հայաստանում այսօր ֆեոդալիզմ է կամ, չգիտեմ, ինչ- որ ռամզաֆեոդալիզմ: Սա պարզապես բոլոր պատկերացումներից դուրս է: Սա նշանակում է բացարձակապես ծանոթ չլինել ֆեոդալիզմի հայեցակարգի որեւէ տարբերակի՝ լինի դա մարքսիստական, նույնիսկ՝ սովետական կեղծ-մարքստիսատական, թե ոչ մարքսիստական (ասենք՝ Մարք Բլոկի), կարդացած չլինել տարրական գրականություն՝ թեկուզ հայ ֆեոդալիզմի վերաբերյալ (թեկուզ՝ Մանանդյան կամ Ադոնց): Սա ֆանտաստիկայի ժանրից է եւ միաժամանակ լավագույն ցուցիչ նրա, թե ինչպես է մակերեսային կիսակրթությամբ, իրականում՝ խորապես լուսանցքային՝ մարգինալ խավն իրեն հեղափոխականի տեղ դրած՝ զուր վատնում մեր հասարակության ռեսուրսը: Դեռ լավ է, իրենց ողջ մտածածը չեն ասում հրապարակայնորեն, օրինակ՝ որ այսօրվա Չինաստանը կամ Իրանը քաղաքական մոդելի իդեալներ են ու «դուխովնի» երկրներ: Ու դա միեւնույն գլխի մեջ կարող է տեղավորվել հանգիստ՝ պայքարել Հայաստանում չեղած ֆեոդալիմզի դեմ, մինչդեռ Հայաստանում իշխում է ամենասովորական գիշատիչ Կապիտալը, եւ միաժամանակ համարել Իրանը օրինակելի համակարգ: Խեղճ հայ ժողովուրդ, որ սրանք են քո միտք ձեւակերպողները»:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետն այցելել է Ֆրանսիա’
Հաջորդ հոդվածը‘Զրուցասեր Արոնյանն ու գոռոզ Կառլսենը’