‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Սարգսյանի «յուրացման» մարտավարությունը եւ Մարտի մեկը’

8766

Բավականին շատ քննարկումներ եղան այն մասին, թե ինչպես վերաբերվել այս տարվա մարտի մեկի երթին ոստիկանների ներկայությանը ծաղիկներով: Իմ ընկեր Առաքել Սեմիրջյանը նույնիսկ հոդված գրեց մեր կայքում, որում փաստը գնահատում էր դրական: Առաքելի փաստարկներն ինչպես միշտ ինքնատիպ էին եւ իրավիճակին մի քիչ դրսից նայելու փորձով, բայց, այդուհանդերձ, անձամբ ինձ համար՝ անհամոզիչ: Ես ճիշտ հակառակ տեսակետն ունեմ խնդրի մասին եւ ուրախ եմ, որ կարող ենք մի փոքր ընկերական բանավեճ ծավալել:

«Յուրացում»՝ լղոզում եւ փչացում

Հարցը հասկանալու համար պետք է այն դիտարկել ոչ թե առանձին, ինքնին վերցված, այլ ընդհանուր քաղաքական տրամաբանության մեջ: Պարզ է, որ Հայաստանում ոստիկաններն իրենք չեն որոշում, թե ինչպե՛ս մասնակցել Մարտի մեկի հիշատակին նվիրված երթին՝ ծաղիկներով, մահակներո՞վ թե՞, ասենք՝ ռումբերով: Պարզ է նաեւ, որ այդ հարցը չի լուծվում նույնիսկ ոստիկանապետի մակարդակով: Ուրեմն, ընդհանուր քաղաքական տրամաբանություն ասելով պետք է դիտարկենք հարցը Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության շրջարկում:

Սերժ Սարգսյանի քաղաքական մարտավարությունն արդեն 8 տարի հնարավորություն ունենք դիտարկելու, եւ ժամանակն է հասկանալու դրա գլխավոր սկզբունքը: Ա՛յն է՝ Սերժը ոչ թե հակադրվում է, ոչ թե բանավիճում է, այլ «յուրացնում է»: Թե ի՛նչ է տվյալ դեպքում նշանակում յուրացումը, կփորձենք բացել նախ օրինակներով, հետո՝ ընդհանրացմամբ: Այսպես, ամենասկզբից՝ դեռ նույնիսկ 2008-ի իր նախընտրական արշավից սկսած՝ ՀՀԿ առաջնորդն ակտիվորեն յուրացրեց ընդդիմադիր խոսքը: Նրա ե՛ւ 2008-ի, ե՛ւ 2013-ի նախընտրական արշավի ելույթներից, հոլովակներից շատերը ոչ թե իշխանական, այլ խիստ ընդդիմադիր թեկնածուի արտադրանք էին թվում: Սա կարելի է բացատրել զուտ նախընտրական մարտավարությամբ, բայց, նախ, նույնիսկ այդ դեպքում չափն անցած էր՝ Սարգսյանի որոշ ելույթներ բառացիորեն հեղափոխական երանգավորում ունեին, երկրորդ՝ ամեն դեպքում սա նորույթ էր Հայաստանի համար, քանի որ նախկինում իշխանական թեկնածուները նման ոճով չեն հանդես եկել, երրորդ՝ նույն միտումն առկա է ոչ միայն նախընտրական շրջաններում եւ ոչ միայն Սերժի ելութներում: Միանգամից նշենք, որ ընդդիմադիր խոսքի եւ կեցվածքի յուրացումը չի նշանակում, թե ՀՀԿ առաջնորդը պատրաստվում է մի օր իրականացնել նաեւ համապատասխան քայլեր: Ո՛չ, խնդիրը ոչ թե գործողություններն են, այլ քարոզչական մարտավարության յուրահատկությունը՝ ոչ թե հակադրվել հակառակորդին, այլ փոխառել նրանից՝ լղոզելով քաղաքական մրցակցության կողմերի տարբերությունը: Հենց այս լղոզումը, անորոշակիությունն էլ խնդրի մեխն է: Ուրեմն, «յուրացնելը» Սարգսյանի տարբերակով, նախ, նշանակում է՝ սահմանների լղոզում, տարբերությունների անորոշացում, որի կարեւոր հետեւանքը հասարակության ապակողմնորոշումն է:

Նույն մարտավարության շարունակությունն է ընդդիմադիր գործիչների, ուժերի եւ ԶԼՄ-ների ակտիվ սեփականաշնորհումը, որը շարունակական գործընթաց է: Ընդ որում, «սեփականաշնորհվածներից» միայն առավել անհույսներն են այս գործարքի շրջանակներում պարտավորված՝ բացահայտորեն գովել Սերժին եւ հանդես գալ իշխանամետ դիրքերից: Մեծ մասի համար պայմանները շատ ավելի արտոնյալ են՝ այս կամ այն չափով եւ կերպով շարունակել ընդդիմադիր գործունեությունը, բայց «հանուն արդարության» չմոռանալ «կպնել» նաեւ նրանց, ում Սարգսյանը համարում է իր իրական քաղաքական մրցակիցներ (կարող են լինել եւ այլ պայմաններ, բայց այս պահին դրանց մեջ չենք խորանում): Սա ձեռնտու է երկու կողմերին էլ, մանավանդ «յուրացվածներին», որոնք գոնե առժամանակ հասարակության աչքին մնում են մաքուր, իշխանության հետ համագործակցությամբ «չպղծված», բայց միաժամանակ բարելավվում է նրանց, այսպես ասած, «սոցիալական վիճակը»: Այս սխեման վաղուցվանից փորձարկված է եւ քիչ թե շատ լավ աշխատում է: Ավելորդ է ասել, թե այս մարտավարությունից առավելապես տուժում է հասարակությունը, որը պարզապես ի զորու չէ արդեն տարբերել, թե ո՛վ ի՛նչ խաղ է խաղում: Սա էլ հավելյալ բոնուս է Սարգսյանին. նույնիսկ նրանք, ում չի կարողացել կամ չի էլ փորձել «յուրացնել», ընկնում են կասկածի տակ, որովհետեւ սահմանների հստակությունը լղոզվել է ա՛յն աստիճան, որ նույնիսկ քաղաքական կյանքին ամենօրյա ռեժիմով հետեւողները միշտ չէ, որ ի զորու են արագ կողմնորոշվել. մի քիչ ա՛յս կողմ չափազանցես՝ կդառնաս պարանոյիկ, մի քիչ ա՛յն կողմ չափազանցես՝ կհայտնվես հարիֆի վիճակում: Սա էլ՝ «յուրացման» երկրորդ իմաստը սարգսյանական համակարգում, որն է՝ «փչացնելը»: Կարծիք կա, որ ՀՀԿ առաջնորդն այդպիսով բացում է մարդկանց իրական դեմքն ու արժեքը, բայց ես դրան էլ համաձայն չեմ: Մարդը, մեծ հաշվով, չունի «իրական» դեմք: Եթե մի կողմ թողնենք եզակիորեն ուժեղ եւ շեշտված անհատականություններին, ապա մարդու «դեմքը» որոշվում է ա՛յն ժամանակով եւ ա՛յն համակարգով, ա՛յն խաղի կանոններով, որոնցում նա ձեւավորվում է եւ որոնցում գործում է: Բազմաթիվ են օրինակները, երբ միեւնույն մարդը դրսեւորում է տարբեր հատկություններ՝ տարբեր պայմաններում: «Յուրացման» մարտավարության առանձնահատկությունն այն է, որ նա շեշտը դնում է յուրաքանչյուր մարդու միջի բացասականի, վատի, թուլության վրա: Դա այդքան էլ բարդ չէ, քանի որ պարզ է՝ ամեն մարդու մեջ էլ կարելի է գտնել թույլ կետ, եւ թույլ կետը զարգացնելն ու բացելն ավելի քիչ ջանք է պահանջում, քան ուժեղի եւ դրականի մշակումը:

«Խեղճ Սերժը» եւ իշխանական քարոզչությունը

Վերադառնանք քարոզչական մարտավարության նյութին: Ի՞նչ է քարոզում, օրինակ, նախագահականի վերահսկողության տակ եղած կայքերի մեծ մասը: Նրանցից ոչ մեկն ուղղակիորեն չի պաշտպանում Սերժ Սարգսյանին՝ երկրի ընդհանուր վիճակը ներկայացվում է որպես վատ, իշխանությունը քննադատվում է, իսկ իշխող ուժի ներկայացուցիչների մեծ մասը փչացվում է անխնա թափով եւ գրեթե ամենօրյա ռեժիմով: Իսկ Սերժի դիրքերի պաշտպանությունն իրականացվում է տակից, ենթատեքստով, պարզունակ, բայց աշխատող սխեմաներով («Սերժը վատն է, բայց մյուսները նրանից լավը չեն», «Սերժը չի կարող ոչինչ անել, որովհետեւ համակարգն է այդպիսին», «խնդիրների աղբյուրը ոչ թե երկրի ներսում է, այլ դրսում» եւ այլն): Արդյունքը նույնն է՝ սահմանների լղոզում, տարբերությունների անորոշակիություն, փչացում:

Չնայած այս ամենին՝ մենք կարծես այս նոր իրողությունը մինչեւ վերջ չենք կարողանում մարսել: Մինչդեռ այստեղ ոչ մի «միստիկա» չկա, այլ պարզ հաշվարկ է: Զուտ իշխանամետ քարոզչությունը պահանջում է շատ ավելի մեծ ջանք՝ շատ ավելի փոքր արդյունքով. մարդիկ ընդհանրապես հակված չեն վստահելու որեւէ իշխանամետ քարոզչության: Բայց հարցը միայն նվազագույն ջանքերը չեն: Քարոզչությունն ընդհանրապես չի կարող լինել միայն ուղղակի: Կան բազմաթիվ այլ տարբերակներ՝ ընդհուպ մինչեւ առերեւույթ «ինքնաքննադատությամբ» որոշակի նպատակի հասնելը: Սերժ Սարգսյանի տեսակետից՝ կարեւոր են միայն այնպիսի քննադատությունն ու հակադրությունը, որոնք իրական վտանգ կարող են ստեղծել նրա մենիշխանական դիրքի համար՝ այսօր կամ ապագայում: Մնացած ամենը տեղավորվում է «այն՝ ինչը չի սպանում ինձ, միայն ուժեղացնում է» նիցշեական դրույթի մեջ: Եթե մի կողմ թողնենք հուզականությունը, ապա Սարգսյանին ոչ միայն չի խանգարում, այլեւ շահավետ է իշխանական քարոզչության այն ձեւը, որն անխնա քննադատում է իշխող խմբին, հատկապես Սերժի տակ եղած «իշխող» ուժին: Եթե Սարգսյանի իրական դիրքերը միայն ամրապնդվում են նրանից, որ փչացվում են նրա զինակիցները, կամ որ՝ իր կողմից որպես իրական մրցակից ընկալվողները դրվում են իր հետ նույն հարթության մեջ, ապա նպատակն արդարացնում է միջոցները: Քարոզչության այս անուղղակի ձեւին վաղուց պետք է սովորենք եւ հասկանանք, որ դա ոչ թե ինչ-որ վատ երազ է կամ անհավատալի դավադրություն, այլ հաշվարկով հիմնավորվող եւ արդյունք տվող, թեկուզեւ իր թերություններն ու ռիսկերն ունեցող աշխատաոճ:

Սերժ Սարգսյանը եւ Մյասնիկյանի արձանը

Գալով Մարտի մեկի թեմային. ինչպե՞ս են նախագահականից վերահսկվող նույն կայքերը լուսաբանում այդ թեման: Բոլորն էլ խստորեն դատապարտում են 2008-ին տեղի ունեցածն ընդդիմադիր այս կամ այն չափի դիրքերից, իշխանական վարկածը չեն պաշտպանում, մանավանդ որ՝ գրողների զգալի մասն էլ 2008-ի նախկին ընդդիմադիրներից են կամ գոնե համակրողներից: Մարտի մեկը որակվում է որպես իշխանության հանցագործություն ԶԼՄ-ների կողմից, որոնք ուղղակիորեն ոչ թե միայն վերահսկվում, այլեւ հաճախ պարզապես խմբագրվում են անմիջապես նախագահականից… Հասկանո՞ւմ եք խնդրի ողջ ծավալը: Իսկ դուք զարմանում եք ծաղիկ բռնած ոստիկանների վրա: Ընդհանրապես, ԶԼՄ-ների դաշտից էլ դուրս, ե՞րբ եք վերջին անգամ լսել, տեսել, կարդացել եւ այլն մեկին, որը պաշտպանի մարտի մեկին տեղի ունեցածի երբեմնի պաշտոնական վարկածը: Ո՞վ է այսօր պնդում, թե Ազատության հրապարակում գտնված զենքերն իրոք ընդդիմությանն են եղել, ո՞վ է պնդում, թե ընդդիմությունը կրակել է «զորքի» վրա երեկոյան: Ոչ ո՛ք՝ տեղի ունեցածի պաշտոնական, իշխանական վարկած վաղուց գոյություն չունի: Իսկ չէ՞ որ հենց նշված զենքի եւ կրակելու փաստերն էին հանրահավաքը ցրելու եւ արտակարգ դրոթյուն մտցնելու պաշտոնական հիմքերը, այլ ոչ թե, ինչպես կարծում են իրավունքից եւ քաղաքականությունից ծայրահեղ հեռու եւ կենցաղային ստորոգություններով մտածող մեր հայրենակիցներից ոմանք՝ հանրահավաքային ելույթները կամ, ասենք՝ հանրահավաքների մասին օրենքի տառի եղած կամ չեղած խախտումները:

Հիմա ինչ՝ ուրախանա՞նք այն փաստից, որ ինքն՝ իշխանությունը, վաղուց չի պնդում պաշտոնական վարկածը, ընդհանրապես դուրս է մղել շրջանառությունից Սարգսյանի կառավարման գրեթե հենց սկզբից: Ուրախանալուց կամ տխրելուց առաջ պետք է հասկանալ, թե ի՛նչ է տեղի ունենում եւ հանուն ինչի՛: Սերժի նախորդի օրոք, օրինակ, մենք կունենայինք այլ վիճակ: Իշխանամետ շրջանակները կպնդեին իրենց վարկածը պատին ճակատով խփողի համառությամբ, ընդդեմ բոլոր տեսակի փաստարկների եւ փաստերի, իսկ ընդդիմությունն էլ կպնդեր իրենը. կունենայինք հասարակական բանավեճի դասական իրավիճակ: Ընդ որում, այս իրավիճակում պարտվողն ուշ թե շուտ լինելու էր իշխանությունը: Բայց Սարգսյանի համակարգը չի գնում առճակատման, ընդհանրապես ոչինչ չեն ասում թեմայի շուրջ, ոչինչ չեն պնդում: Բանավեճ չկա, թեմայի շուրջ առճակատում չկա: Թեման լղոզվում է, անորոշանում է, տեղափոխվում է «մարդկային» ոլորտ, զրկվում է իր քաղաքական, իրավական եւ բարոյական նյութականությունից: Մեղավոր են «բոլորը» («օբյեկծիվիզմը»), իշխանություն եւ ընդդիմություն, առհասարակ բոլորս պետք է դառնանք «ավելի լավը», «մաքրվենք»… Բոլորս սգում ենք, ցավում ենք, եւ ի վերջո ոստիկանները գալիս են երթի ծաղիկներով՝ բացահայտ յուրացման առաջին նշանը: Իրենք էլ են սգում, չնայած, իրենք եւ սպանվածների ճնշող մեծամասնությունն այդ օրը բարիկադների տարբեր կողմերում էին: Զգո՞ւմ եք՝ յուրացումն ուր է տանում: Չզարմանանք, ուրեմն, որ մի օր էլ ՀՀԿ պատվիրակությունը սկզբում ինչ-որ մի երիտասարդի, իսկ հետո, ինչո՛ւ ոչ՝ Սերժի իսկ գլխավորությամբ այցելի Մյասնիկյանի արձան: Անհնա՞ր է: Բայց Սարգսյանն արդեն հասցրել է «յուրացնել» եւ «յուրացնելով» փչացնել մարտի մեկի ընդդիմադիր հարթակի զգալի մասին, եւ գործընթացը դեռ չի հասել իր ավարտին, դեռ հերթի մեջ նորերը կան: Մարտի մեկի փչացման սերժական մարտավարությունն արդեն ահագին առաջ է գնացել, այնպես որ՝ ոչ մի անտրամաբանական բան չկա, որ մի օր ցինիզմը հասնի իր գագաթին:

Բայց մենք պետք է հիշենք՝ 2008-ի մարտի մեկն ինչ-որ անորոշ երկրում, անորոշ պայմաններում, բնության արհավիրքի կամ գերբնական հրաշքով տեղի ունեցած դեպք չէ, «մարդկային» անորոշ խնդիր չէ: Դա կոնկրետ հանցագործություն է, որն ունի իր քաղաքական, իրավական եւ բարոյական պատասխանատուները: «Ուրախանալու» ժամանակը կգա միայն այն ժամանակ, երբ բացահայտվի հենց այդ պատասխանատվությունը: Մնացածը կեղծիք է եւ կեղծիքի վատագույն տեսակ, երբ զոհն ու անպատիժ դահիճը միասին սգում են: Կեղծիքը ոչ միայն ուրախության առիթ չէ, այլեւ կեղծիքի դեմ պետք է պայքարել, պետք է մերկացնել՝ ցույց տալով դրա իրական դրդապատճառները:

Նախորդ հոդվածը‘Օսկանյան. 6 առաջարկ ԸՕ-ի հետ կապված ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Նալբանդյան. Մեզ չի կարող դուր գալ, որ Բաքուն զենք է գնում մեր դաշնակցից’