‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Քաղաքացիական vs քաղաքական’

1956

Հրանտ Տեր-Աբրահամյան. Քաղաքացիական vs քաղաքական

Մետաֆորա 

Քաղաքականի ու քաղաքացիականի հարաբերությունը կարելի է մոտավորապես հետեւյալ փոխաբերությամբ բնորոշել: Մաքուր քաղաքականը՝ 100 տոկոսանոց մաքուր սպիրտի է նմանվում: Անխառն վիճակում դա խմելը դժվար է, թեեւ փորձի տեսակետից գուցե հետաքրքիր՝ https://www.youtube.com/watch?v=klD6OcPItk0: Քաղաքացիականը՝ մաքուր ջուր է: Դա, իհարկե, խմել, ի տարբերություն 100 տոկոսանոց սպիրտի, հնարավոր է («հնարավո՞ր է»), բայց խնջույքի միջինացված սեղանին (հեղափոխությունը մեր քեֆի սեղանն է) ցանկալի է երկուսի՝ սպիրտի ու ջրի ինչ-որ կշռույթ (տվյալ դեպքում՝ բալանս): Թե ինչ տոկոսով՝ ամեն մեկի ճաշակի հարցն է, մեկը կնախընտրի 70 տոկոսանոց հոնի արաղ, մյուսի համար 7 տոկոսանոց գարեջուրն է լավ տարբերակ: Երրորդն էլ կարող է ալկոհոլը խմել ու վրայից էլ «զապիվատ» անի ջրով կամ հյութով: Քչերը քեֆ կանեն միայն ջրով կամ հյութով, թեեւ այդպիսիք էլ կլինեն:

Տեսություն

Հիմա գանք տեսական մասի: Քաղաքականն ինքն իրենով ազատություն չի կարող բերել: Քաղաքականը ձգտում է երկբեւեռ պայքարի (երրորդ բեւեռը գրեթե մշտապես ձախողվող նախագիծ է, որովհետեւ, երբ քաղաքականը ծավալվում է, նմանվում է պատերազմի, կամ թիմային սպորտի, որտեղ երրորդ կողմ չի կարող լինել ըստ սահմանման): Դա ո՛չ լավ է, ո՛չ վատ, պարզապես քաղաքականի կառուցվածքն է: Ոնց որ ֆուտբոլում չի լինում երրորդ կողմ, նույնպես եւ բուն քաղաքական պրոցեսի մեջ երրորդ կողմը կեղծիք է: Հանգիստ, այսպես ասած, խաղից դուրս ժամանակներում դեռ կարող են լինել երրորդ քաղաքական նախագծեր, բայց գագաթնակետային պահերին բնականից մնում են միայն երկուսը` https://www.youtube.com/watch?v=psSy1asRleM: Դա կոշտ պայքար է, ուր կան միայն ընկերներ ու թշնամիներ: Ընկեր-թշնամի հակադրությունը նույնքան բնական է քաղաքականի համար, որքան բարոյականի համար՝ բարին ու չարը, գեղագիտականի համար՝ գեղեցիկն ու տգեղը, եւ այլն: Ցանկացած բան քաղաքականացվում է, երբ մտնում է ընկեր-թշնամի բաժանումը: Սա նման է պատերազմի, միայն թե ոչ-բռնապետական կարգերում դա կարգավորված պատերազմ է:

Պարզ է, որ այդ կոշտ հակադրությունից ինքնին ազատություն չի կարող ծնվել: Ազատությունը կարող է գալ երրորդից: Բայց երրորդն արդեն քաղաքական չէ, այլ այն, ինչ լայն եւ պայմանական իմաստով կարող ենք կոչել քաղաքացիական, այսինքն՝ հասարակական մի գործընթաց, որտեղ ընկեր-թշնամին չի գործում: Ուրեմն երրորդը՝ բուն ազատության միջավայրն է: Բայց ի՞նչ անի ինքը երկու բեւեռների հետ:

Չնայած երկբեւեռ համակարգը ազատության չի բերում, բայց որպեսզի երրորդը ծնվի ու զարգանա, նրա կենսական շահերից է բխում, որ քաղաքական դաշտում ծնվի եւ գոյատեւի երկրորդ՝ ընդդիմադիր բեւեռը, ընդ որում՝ այնպիսին, որը բավականաչափ ռեսուրս ունենա առաջինի՝ իշխանականի առջեւ լուրջ խնդիրներ առաջ քաշելու համար:

Այլ կերպ ասած՝ ազատությունը կծնվի երրորդից, բայց, եթե նախապես երկրորդն առաջ չգա ու չուժեղանա, երրորդը չի ծնվի: Յուրահատուկ հասարակական Երրորդություն: Աստվածաբանության մեջ էլ ազատությունը երրորդն է՝ Սուրբ Հոգին, բայց նա չի կարող գալ առանց երկրորդի՝ Որդու՝ Բանի նախապես հայտնման: Որդին սերն ու պայքարն է, Հոգին՝ սերն ու ազատությունը: 

Եթե երկրորդը չկա, իշխանությունն իր ռեսուրսներըն ուղղում է քաղաքացիականի դեմ, եւ գործում ավելի կոշտ: Ցանկացած իշխանության բնական ձգտումն է՝ տարածվել այնքան, մինչեւ այնտեղ, ուր հանդիպում է սահմանի: Դա կապ չունի անձերի հետ: Մենք էլ լինեինք, նույնն էր լինելու: Սահմանները կարող են լինել երկրից դուրս. ասենք, ամեն դեպքում որքան էլ եվրոպացիներին քննադատենք, եթե նրանք չլինեին, մեզ բոլորիս պատի տակ սատկացրել էին: Եվ, իհարկե, երկրի ներսում: Քաղաքացիները որքան առաջ տանեն ներքին սահմանը, այնքան իշխանությունը դիմադրություն զգալով կկանգնի: Եթե իշխանությունն ունի քաղաքական ընդդիմություն, ինքն իր ուժերի մի զգալի մասը ստիպված է ծախսել ընդդիմադիր ճակատում, եւ դա արդեն լուրջ սահման է: Այդ արանքում քաղաքացիականը կարող է հասնել հաջողությունների, ինչպես մեզ մոտ վերջին տարիներին եղավ:

Ուրեմն, քաղաքացիականը մի կողմից պիտի գիտակցի իր ինքնուրույնությունը ու կարեւոր առաքելությունը՝ չձուլվելով քաղաքական ուժերին, այլապես երրորդ դաշտը չի ծնվի, բայց մյուս կողմից պիտի գիտակցի նաեւ իր շահերը՝ հնարավորինս չխփելով որեւէ առկա երկրորդին: Որոշ հարցերում նրանք կարող են համագործակցել, որոշներում՝ բանավիճել կամ անտեսել միմյանց: Բայց խփելը խաղի կաննոներից դուրս է:

Կարեւոր է նաեւ սահմանազատել նպատակները:

Ի՞նչ կարող է անել քաղաքականը եւ ինչ չի կարող անել, եւ նույնը քաղաքացիականի վերաբերյալ:

Քաղաքականը կարող է խաղաղ իշխանափոխություն անել: Այն բոլոր խոսակցությունները, թե քաղաքական դասական ճանապարհով հնարավոր չէ այդ նպատակին հասնել, թե հանրահավաքները, ընտրությունները եւ մնացածը հնացած «ծիխնոլոգիաներ են» եւ այլն՝ հայկական գեղական ֆուֆլո բաներ են: Եթե Հայաստանում ցայսօր դա չի ստացվել, դա դեռ ոչինչ չի նշնակում: Ամբողջ աշխարհում իշխանությունը փոխվել է մեկ պարզ ճանապարհով՝ հզոր շուրջօրյա միտինգային ալիք, դրան զուգահեռ դասադուլներ, գործադուլներ, ամենատարբեր ուժերի միավորում՝ անկախ իրար նկատմամբ անցյալում ունեցած վերաբերմունքից: Նպատակն է՝ իշխանության ներսում պառակտում ստեղծելը, որպեսզի իշխանության մեջ եղած տատանվողները կա՛մ բացահայտ միանան ժողովրդին, կամ էլ՝ վճռական պահին հրաման չկատարեն: Ամեն տեղ այդպես է փոխվել իշխանությունը՝ վերջին պահին բռնության հրամանները չեն կատարվել: Եթե մեզ մոտ դա չի ստացվել, ադ մեր պրոբլեմն է:

Ինչ չի՛ կարող անել քաղաքականը: Իշխանափոխությունը այլ հավասար պայմաններում կարող է երկրին առաջընթաց ապահովել, բայց չի կարող ինքնին ազատություն ստեղծել, ոչ էլ հրաշքով մի օրում Հայաստանի պես երկիրը դարձնել Շվեյցարիա: Կա Վրաստանի փորձը: Այո, երկիրն ակնհայտ առաջ գնաց, բայց մնաց կիսաբռնապետական: Իշխանափոխությունը ինքնանպատակ չէ: Այստեղ էլ գալիս է քաղաքացիականի անելիքը:

Քաղաքացիականը չի կարող ինքն իրենով իշխանություն փոխել: Դա ուտոպիա է, ոչ մի տեղ տենց բան չի եղել: Հայաստանում առավել եւս չի լինի: Բայց հեչ էլ պետք չի, որ քաղաքացիականն այդ նպատակը դնի: Ինքն ավելի կարեուր առաքելություն ունի՝ երկարատեւ, հեռանկարային փոփոխություններն են, որոնց հասնում է քայլ առ քայլ, տեղական փոքր հաղթանակներով, որոնք հետեւողական լինելու դեպքում փոխում են մարդկանց գիտակցությունը եւ հասարակության կառուցվածքը: Կարծում եմ, ինքն հասկանալի է ինչ եմ ասում:

Ուրեմն, կարեւոր է, որ ամեն մեկն իր նպատակներն, իր կարողություններն իմանա, եւ սխալ պահաջներ չդրվեն:

Իրականություն /https://www.youtube.com/watch?v=ndPWuTvppfQ/

Հայաստանը բավականին է փոխվել այս տարիների ընթացքում: Պատճառը հասարակության ակտիվությունն է՝ քաղաքական եւ քաղաքացիական: Նույնիսկ իշխանությունն արդեն հին լեզվով չի խոսում: Նա կեղծում է հասարակության լեզուն ու պահանջները:

Բայց կան կարեւոր ծուղակներ:

Հիմնականը, երեւի գաղտնիք չէ՝ քաղաքականի ու քաղաքացիականի հակադրման փորձը:

Սա ունի իր երանգները, ոնց որ ասենք Եկեղեցու եւ Պետության բաժանման խնդիրը:

Բոլորս էլ ասում ենք ու գիտենք, որ քաղաքական ու քաղաքացիականը պետք է ինքնուրույն գործեն, քաղաքացիականը չպետք է միաձուլվի քաղաքականի հետ, որպեսզի իր դեմքը չկորցնի, եւ իր առաքելությունը պահի:

Բայց այդ արանքի մեջ անպայաման պետք է փորձեն մտնել ու մտնում են քաղաքական շահեր հետապնդողները ու նախեւառաջ՝ իշխանական տարբեր թեւերը:

Բռնապետական իշխանությունը նախեւառաջ վախենում է քաղաքական ընդդիմությունից: Ինչո՞ւ: Որովհետեւ բռնապետությունը հեռանկարով առաջնորդվող համակարգ չի: Իրանը «նաղդն ա»: Նաղդը իշխանության եւ կապիտալի կորստի վտագն է: Իսկ քաղաքացիականը հեռանկարային գործընթաց է, որի պտուղները ուշ հասնող են: Հետեւաբար բռնապետությունը նաղդի հարցն է նախ ուզում լուծել: Ի՞նչ պիտի անի: Մի երկու պարզագույն քայլ՝ https://www.youtube.com/watch?v=qrHdOSez6wg

Նախ՝ քաղաքացիականին պուպուշ անի՝ ամեն գնով հակադրելով դա քաղաքականին: Իշխանական այսպես կոչված երիտասարդական թեւի քարոզչությունը հիմա զբաղված է նրանով, որ քաղաքացիական մեթոդները հակադրի քաղաքականին: Յանի, քաղաքականը սուտ է, հնացած է, չի աշխատում, քաղաքացիականն է միայն ճիշտ, եւ այլն: Այսինքն՝ ոչ թե երկու զուգահեռ ճանապարհ, ամեն մեկն իր մեթոդով ու նպատակով, այլ՝ մեկը մյուսով նենգափոխելու ուղի: Այս ամենը գրվում է վերլուծության տեսքով, բայց իրականում հիմնավորումները զուտ աֆորիստիկ են, դեմագոգիկ, նենգափոխված ու էմպիրիկ՝ ոչ մի տեսություն ու իրական վերլուծություն չկա, դե ռեսուրսն էլ իրենց ձեռն է, բնականաբար, «Աշտարակի բեսեդկան» ու մի քանի այլ անկախ ու կիսանկախ «բեսեդկաներ» որքան էլ փորձեն, չեն կարող նույն քանակով տեքստ արտադրեն: Արդյունքում այդ դիսկուրսը մտնում է դաշտ ու արդեն ինքնատարածվում է ազնիվ մարդկանց միջոցով:

Դրա համար քաղաքացիական հատվածը պետք է նվազագույն պատեկրացում ունենա քաղաքական գործընթացներից: Ի՞նչ է հիմա տեղի ունենում: Նախկին միասնական իշխանական համակարգն այս պահին բաժանված է թեւերի: Նախապատրաստվում է ենթադրաբար պայքար հանուն իշխանության եւ սեփականության: Այդ ամենը հեշտությամբ կարելի է անել «օլիգարխիայի» դեմ պայքարի կարգախոսով: Իհարկե, սա միայն ծրագիր է, այն կարող է չստացվի իրականացնել, կամ իրականացնելուց այնպիսի անկանխատեսելի հետեւանքներ լինեն, որ սցենարը վերահսկողությունից դուրս գա:

Այդ սեցնարի մեջ պիտի փորձեն օգտագործել քաղաքացիական եւ մասամբ քաղաքական շարժումները որպես ֆոն՝ անունով առաջադիմական ռեֆորմների անցկացման համար, որի արդյունքում կարող է լինել իշխանության էլ ավելի ուժեղ կենտրոնացում: Բայց միեւնույնն է՝ նույնիսկ այս ծրագրից հասարակությունը կարող է տեսականորեն օգտվել, միայն թե գիտակցված օգտվի, այլապես ոչ թե կօգտվի, այլ կօգտագործվի, իսկ հետո կզրկվի նույնիսկ այն նվազագույն հարթակներից, որ այսօր ունի: Ի դեպ հարթակների մասին: Այսօր արդեն այդ խնդիրը կա, եւ չնայած թվում է, որ մեդիա դաշտն ավելի ազատ է եւ բազմազան է, քան նախկինում, բայց իրականում շատ առումներով է՛լ ավելի կենտրոնացած է ու կոշտ բաժանված երկու-երեք խմբերի միջեւ՝ մեկի ճնշող առավելությամբ: «Օլիգարխիայի» դեմ հուժկու պայքարի արդյունքում կարող է այդ համեմատաբար ապակենտրոնացված վիճակն էլ վերանա, եւ մնան միայն ֆեյսբուքն ու բլոգները, ընդ որում այստեղ էլ կես-կես բաժանած՝ կամիրների ու սեւերի միջեւ:

Հիմա երկրորդ պահը՝ քաղաքացիականի օգտագործումը եւ «կոնտրաբանդային» քաղաքականացումը: Դրա ականատեսն էլ եղանք: Ամենավառ օրինակը Մաշտոցի պուրակի եւ Թռչկանի պայքարը Սերժի հոլովակում օգտագործելն էր: Սա փոքր բան չէ: Իրանք այսօր փորձում են ներկայանալ որպես առաջադեմներ, օգտագործում են ազնիվ պայքարն իրենց նպատակներով ու ստացվում է, որ քաղաքացիական դաշտը նախ ինքն իր կամքից անկախ քաղաքականանում է, այն էլ վատագույն տարբերակով՝ իշխանական քաղաքականության մասն է դառնում, ու արդունքում շատերն ինձ նման սկսում են կասկածանքով վերաբերվել ցանկացած քաղաքացիական գործընթացին: Այս ծուղակն էլ պետք է հաշվի առնել:

Քաղաքացիական պայքարը պետք է կարողանա հմտորեն մանեւրել, իր ինքնուրույնությունը պահել երկու ճակատով ու չտրվել պուպուշի գայթակղությանը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Աղբյուրը՝ http://ustahrant.blogspot.com/2013/03/vs.html#more

 

Նախորդ հոդվածը‘Իսկական ՀՀԿ-ական պատգամավոր. Արման Սահակյան. 0 ելույթ, 0 դեմ’
Հաջորդ հոդվածը‘Ա.Մանուկյան. Գործարարության վրա անմիջական ազդեցություն ունեցող հիմնական օրենքները անցած տարիներին 400 անգամ փոփոխությունների են ենթարկվել’