‘Հրաչյա Հարությունյանին ազատ արձակելու լուրը ապատեղեկատվություն է. ՄԻՊ խորհրդական’

982

Ռուսաստանում անցած տարվա հուլիսի 13-ին վթարի ենթարկված «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանին ոչ թե ազատ են արձակել, այլ ընդամենը խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ դատարանի դեկտեմբերին կայացրած որոշումը համարել են անօրինական: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը:

«Իրականում ազատ արձակում չի եղել, սխալ տեղեկատվություն է տարածվել: Այսօր կայացած նիստին արձանագրվել է, որ դեռեւս դեկտեմբերին խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ որոշումը եղել է անօրինական: Փաստաբաններն այդ անօրինական որոշման հարցը դեռեւս այդ ժամանակ էին բարձրացրել, սակայն չէին ընդունել: Եթե նախաքննությունը շարունակվեր, ապա տրամաբանական կլիներ, որ նրան ազատ արձակեին, սակայն հիմա դատաքննության փուլում ենք եւ բնականաբար, այս որոշումը չգիտենք ինչքանով կարող է օգնել Հրաչյա Հարությունյանին: Այսօր ընդամենը արձանագրվել է Հրաչյա Հարությունյանի իրավունքի խախտումը, որն այս փուլում հիմք չէ ազատ արձակելու համար»,- ասաց նա:

Նշենք, որ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» այսօր՝ հունիսի 20-ին, հաղորդել էր, որ Հրաչյա Հարությունյանին ազատ են արձակել:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ: Ինքը Հարությունյանը հրաշքով էր ողջ մնացել: Հարությունյանը լիովին խոստովանել էր իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում էր կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել: Նրան  մեղադրանքներ էին ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Այժմ վարորդին սպասվում է մինչեւ յոթ տարի ազատազրկում՝ Ռուսաստանում վթարի համար դա առավելագույն ժամկետ է, եթե կա երկու եւ ավելի զոհ, իսկ մեղավորը վթարի պահին սթափ է եղել:

Նախորդ հոդվածը‘Արծվիկ Մինասյանը ՀՀԿ-ականներին կոչ արեց կրթվել և կարդալ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության նախկին աշխատակիցը քաղաքացուց հափշտակել է 7800 ԱՄՆ դոլար’