‘Հրաչյա Հարությունյանի բեռնատարը գերբեռնված է եղել’

1513

Ռուսաստանում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ գրանցված խոշոր վթարի հետաքննության արդյունքում մասնագետները պարզել են, որ Հարությունյանի բեռնատարի հետին սռնիների ծանրաբեռնվածությունը կազմել է 9040 և 9120 կգ, տեղեկացնում է ԳԱԼԱՆ: Այս ամենը պարզելու համար աշխատողները ստիպված են եղել հավաքել ողջ թափված խիճն ու բեռնել բեռնատարը և կշռել բեռնասայլը: Նշենք, որ «Կամազ» բեռնատարի հետին սռնիների բեռնվածությունը չպետք է գերազանցի 8000 կգ: Ստացվում է, որ բեռնատարը 2160 կգ գերբռնված է եղել: Իսկ նման դեպքում բեռնատարի շահագործումն արգելված է: Այժմ քննիչները սպասում են ավտոտեխնիկական փորձաքննության արդյունքներին: Այն ցույց կտա, թե արգելակները եղել են սարքին, թե ոչ:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը պնդում է, որ արգելակները խափանվել են:

Մինչ այդ, Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մալցևի խոսքերով, գործում նոր մարդիկ կարող են հայտնվել: «Կամազ» բեռնատարի սեփականատիրոջը կարող են մեղադրել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու մեջ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ փաստաթղթերով բեռնատարը պատկանում է Գագիկ Գրիգորյանցին: Սակայն փաստացիորեն մեքենայի սեփականատերը եղել է նրա բարեկամ Մովսես Մաիլյանը: Նա էլ բեռնատարը տրամադրել է Հարությունյանին ժամանակավոր օգտագործման համար:

Մոտ օրերս կկայանա Հարությունյանի հարցաքննությունը: Հիշեցնենք, որ Հարությունյանը հրաժարվել է իր փաստաբանների ծառայություններից, և հետայսու նրա շահերը կներկայացնեն Ռուբեն Մարգարյանն ու Վլադիմիր Անիսկինը:

 

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստներն առաջարկում են դասընթաց՝ «ինչպես վարվել ոստիկանի հետ» թեմայով’
Հաջորդ հոդվածը‘Կապանցին ընկել է գետը’