‘Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստին մտերիմները չեն մասնակցի, որովհետև ԱԳՆ-ում դիվանագետներ են, ոչ թե շոումեններ’

845

Նոր Մոսկվայում խոշոր վթարի առնչությամբ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի` դեկտեմբերի 14-ին նշանակված առաջին դատական նիստին ընտանիքի անդամները ներկա չեն գտնվի: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը, զարգացումների մասին ընտանիքի անդամները կտեղեկանան փաստաբանից, ում հետ մշտապես կապի մեջ են: «Այդ օրվա հետ կապված՝ մեծ հույսեր ունենք, և կարծում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է Լիլիթը:

Հարությունյանի դուստրն անդրադարձել է նաև հոր առողջական վիճակին: Նա նշել է, որ հայրն իրեն արդեն շատ լավ է զգում: Բուժումը ստանալուց հետո հիվանդանոցից կրկին տեղափոխվել է կալանավայր: «Մանրամասների մասին չգիտեմ, սակայն փաստաբանից տեղեկացել ենք, որ առողջական վիճակն արդեն լավ է»,- նշել է նա:

Հրաչյա Հարությունյանը կալանավորվել էր Նոր Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած ավտովթարում իր մասնակցության առնչությամբ: Ավտովթարի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, 30-ը վիրավորվել էին:   

Tert.am-ի հարցին, թե թե ըստ իրեն՝ բավարա՞ր է արդյոք Հարությունյանի նկատմամբ տարվող պետական աջակցությունը Լիլիթ Հարությունյանը՝ երկար դադար տալուց հետո պատասխանել է. «Չգիտեմ, չեմ կարող ասել»։ Նա հույս է հայտնել, որ ինչ-որ աշխատանքներ, այդուհանդերձ, տարվում են, ինչի մասին իրենք գուցե տեղյակ չեն։ «Դե կոնկրետ տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ, որ տարվում են»,- ասել է նա։

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը անհրաժեշտ չի համարել կայքին մանրամասնել, թե իրականում իրենք ինչ աշխատանքներ են տանում։ «Դեսպանության և Արտաքին գործերի նախարարության աշխատանքները հիմնական մասով հրապարակման ենթակա չեն, մենք դիվանագետներ ենք, ոչ թե շոումեններ»,- նշել է նա։

Կարելի է ենաթադրել, որ Հարությունյանի հարազատները հենց այն պատճառով էլ չեն մասնակցելու դատավարությանը, որովհետև ԱԳՆ-ում փայլուն դիվանագետներ են աշխատում:

Նախորդ հոդվածը‘Երևան-Մոսկվա չվերթն անորոշ ժամանակով հետաձգվել է. «Զվարթնոցում» լարված իրավիճակ է ‘
Հաջորդ հոդվածը‘Արտգործնախարարը հանդիպել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ’