‘«Հրապարակ». Երևանի քաղաքապետարանն օրական 45 գրիչ է սպառում’

1295

Հայաստանի հանրապետության ֆինանսների նախարարության Պետական գնումների պաշտոնական ինտերնետային կայքն ավետում է, որ «Կայքում Դուք կարող եք համապարփակ տեղեկատվություն ստանալ Հայաստանի Հանրապետության գնումների համակարգի վերաբերյալ: Հուսով ենք, որ կայքը Ձեզ համար օգտակար կլինի և կնպաստի հանրային միջոցների ծախսման գործընթացի բարելավմանը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա Հայաստանի Հանրապետության զարգացման գործում»:

Համապարփակ և հարուստ տեղեկություններից «Հրապարակ»-ին գրավեց հատկապես մեկը՝ «Գնումների պլաններ» բաժնում «Երևանի քաղաքապետարանի 2012 թվականի գնումների փոփոխված պլան» տեղեկությունը: Ըստ այդ տեղեկության, Երևանի քաղաքապետարանն առանց վարչական շրջանների 2012 թվականին տեղական ինքնակառավարման մարմնի` ասել է թե նաև երևանցիների վճարած հարկերից գոյացած բյուջեից ծախսելու է 38 351 787,8 հազար դրամ՝ 38.3 միլիարդ դրամ: Այս գումարից քաղաքապետարանը երեք տեսակի 9000 հատ գրիչի համար առանձնացրել է 1.12 միլիոն դրամ: Եվս 120 հազարով քաղաքապետարանը գնել է 2000 հատ մատիտ, իսկ 5 400 դրամով` մատիտի միջուկի 20 տուփ: Մի խոսքով, գրագրության, գծագրության և նման բաներ անելու համար քաղաքապետարանը ծախսել է մոտ 1.2 միլիոն դրամ և իրեն ապահովել գրելու առնվազն 11 հազար միջոցով: Եթե այս «զինանոցը» բաժանենք տարվա մոտ 240-250 աշխատանքային օրվա վրա, կստացվի, որ միայն Երևանի քաղաքապետարանում` առանց վարչական շրջանների, օրական 44-46 գրիչ են օգտագործում, սպառում, դեն նետում: Կարելի էր չզարմանալ, եթե նույն «Երևանի քաղաքապետարանի 2012 թվականի գնումների փոփոխված պլան» տեղեկությունն այլ գնումներ չներառեր: 2012 թվականին քաղաքապետարանը գնել է A4 ֆորմատի թուղթ 15 տոննա` 11.7 միլիոն դրամ, 23 քարթրիջ` 1.7 միլիարդ դրամ:

Քաղաքապետարանը էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության մի մասնիկ է, պաշտոնական կայք ունի ու թվայնացրել է «Մեկ պատուհանը», կարելի է քաղաքապետարանին առցանց դիմում գրել ու առցանց էլ պատասխան ստանալ, կարելի է առցանց վճարել գույքի և հողի հարկը: Այս ամենում ոչ գրիչ է պետք, ոչ մատիտ, ոչ էլ մատիտի միջուկ: Բայց քաղաքապետարանը 1.2 միլիոն ծախսել է հենց դրանց վրա: Ու այնքան էլ հասկանալի չէ, թե տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվող քաղաքապետարանի ինչին է պետք 11 հազար հատ գրելու միջոցը: Կամ` ինչպե՞ս հասկանալ, որ քաղաքը տեսքից գցող ինքնակամ կառույցները քանդելուն քաղաքապետարանը ոչ մի դրամ չի տրամադրել, փոխարենը 20 միլիոն է առանձնացրել այդ նույն քաղաքում ներդրումային բուկլետների (15 հազար հատ, 6 միլիոն), ներդրումային-տեղեկատվական գրքույկների (4 հազար հատ, 6 միլիոն), ներդրումային կատալոգների (4 հազար հատ, 8 միլիոն) տպագրության համար: Ո՞վ ներդրում կանի անտեսք քաղաքում, որտեղ մի կողմից ծառ են տնկում, հակառակ կողմից` կտրում, որտեղ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության են անցել, բայց օրական 45 գրիչ են օգտագործում, սպառում, դեն նետում:

Նախորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». Տարոնի երազը’
Հաջորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». ՀՀ-ում գնաճն արդեն հանգեցրել է թերսնման’