Հրթիռակոծվել է Կրեմենչուգի առևտրի կենտրոնը, կան տասնյակ անհետ կորածներ

361

Վերջին տվյալներով՝ Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։ Բուժօգնության է դիմել 59 հոգի, նրանց կեսը ծանր վիճակում է, 40 մարդ համարվում է անհետ կորած։

Առևտրի կենտրոնի համալիրը երկաթուղու կայարանից 300 մետր հեռավորության վրա է։ Այնտեղ շարունակվում են հրդեհը մարելու և փլատակները մաքրելու աշխատանքները։

Ուկրաինացի զինվորականների հայտարարությունների համաձայն՝ ռուսաստանյան ռմբարկուները երկու թևավոր հրթիռ են արձակել Կուրսկի արվարձաններից։ Դրանցից մեկը խոցել է Կրեմենչուգի առևտրի կենտրոնը, մյուսը՝ մարզադաշտը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առևտրի կենտրոնում մոտավորապես հազար մարդ է եղել, բայց շատերը տագնապի ազդանշանից հետո հասցրել են դուրս գալ այնտեղից։

Մոսկվայի գործողությունները դատապարտել են ԱՄՆ պետքարտուղարությունը և Մեծ Բրիտանիայի վարչապետը։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, թե տեղի ունեցածը «նման է սադրանքի»։  Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ հարվածները հասցվել են նավթամշակման օբյեկտներին և վառելիքի պահեստներին։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՄեդվեդև․ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել երրորդ համաշխարհայինի
Հաջորդ հոդվածըԹոմաս Մյուլերը՝ «Բավարիայի» լավագույն խաղացող