‘ՀՔԱՎ. Ոստիկանները բռնությունների միջոցով խոստովանություն են կորզել Ա. Ցվերիանովից ‘

1095

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է քաղաքացի Ալեքսանդր Ցվերիանովի գործով կատարված խախտումները:

«2012 թ. նոյեմբերի 30-ին, առավոտյան մոտ ժամը 07:30-ին, իր վարձակալած բնակարանից Ալեքսանդր Ցվերիանովը բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին: Նոյեմբերի 30-ին Ա. Ցվերիանովը խոստովանել է, որ 2012 թ. սեպտեմբերից մինչև նույն տարվա նոյեմբերի 30-ը կատարել է բնակարանային 16 գողություն: Ինչպես արձանագրել է նախաքննական մարմինը, նոյեմբերի 30-ին Ցվերիանովը ընդունել է մեղքը ոստիկանությանը հայտնի գողության 2 դեպքերի մեջ, և ևս 14 դեպքի վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ մանրամասնելով գողության դեպքերից յուրաքանչյուրի օրը, տեղը, հանգամանքները և հափշտակած իրերի ցանկը: Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ երևույթ չկա՝ ՀՀ ոստիկանությունը իր ՊԱՐՏՔՆ է կատարել ձերբակալելով բնակարանագողին:

Մինչդեռ իրականությունն ամբողջովին այլ է: Ոստիկանության աշխատակիցները նոյեմբերի 30-ին՝ առավոտյան գնացել են Ա. Ցվերիանովի վարձակալած բնակարան, բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին՝ առաջադրելով մեղադրանք Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած մի շարք գողություններում: Ոստիկանության բաժնում Ա. Ցվերիանովը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, նա հայտնել է, որ ոստիկանների նշած գողություններից և ոչ մեկի հետ կապ չունի:

Սակայն, ոստիկանների կիրառած բռնություններից, հոգեբանական ճնշումներից և խոշտագումներից, մասնավորապես էլեկտրաշոկերի օգտագործումից և այլ սպառնալիքներից հետո Ա. Ցվերիանովը ստիպված է եղել խոստովանել այնպիսի հանցագործությունների կատարումը, որոնք ինքն իրականում չի գործել: Հաջորդող օրերի ընթացքում ոստիկանների ուղեցությամբ Ա. Ցվերյանովը մատնանշել է այն բնակարանները, որտեղից նա իբր գողություն է կատարել կամ փորձել է կատարել:

Բարեբախտաբար, 2014 թ. մայիսի 30-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, ի տարբերություն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի, արդարացի գտնվեց: Լսելով վկաների, տուժողների և մեղադրյալի ցուցմունքները, ինչպես նաև ուսումնասիրելով նախաքննական մարմնի իրականացրած «քննության» նյութերը կայացրեց Ալեքսանդր Ցվերիանովին արդարացնելու վերաբերյալ որոշում, գտնելով, որ նախաքննական մարմինը քննությունը իրականացրել է ոչ պատշաճ կերպով:

Ի դեպ, հարկ է նշել, որ այս գործով ոստիկանություն տուժած քաղաքացիներից ոչ ոք հաղորդում չէր ներկայացրել և դատարանում նույնպես նրանք ամբաստանյալի նկատմամբ որևէ բողոք կամ գույքային պահանջ չներկայացրեցին: Այս գործը, սակայն այսքանով չէր կարող վերջանալ քանի որ, մինչև մայիսի 30-ի դատական ակտի հրապարակումը, Ա. Ցվերիանովը մայիսի 25-ին ՀՀ ՀՔԾ դիմում է ներկայացրել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետական հատուկ ծառայություն իրականցնող պաշտոնյաները 2012 թ. նոյեմբերի 30-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, իրեն բերման են ենթարկել բաժին, որտեղ բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ հարկադրել են խոստովանել տարբեր գողությունների կատարում, որոնց հետ իրականում առնչություն չի ունեցել: 2014 թ. հունիսի 4-ին ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Զ. Թադևոսյանը, վերանայելով Ա. Ցվերիանովի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերը, կայացրել է որոշում բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցել քրեական գործ: Այսպիսով, այս գործով Ա. Ցվերիանովը ճանաչվել է տուժով, իսկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը տուժողի ներկայացուցիչ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»:  

 

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը մեծ հույսեր է կապում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ ջանքերի հետ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ինչո՞վ ենք հիացել, որ հիմա էլ հիասթափվենք’