‘ՀՔԱՎ.ՊՆ-ը շարունակում է առողջական խնդիրներով մարդկանց բանակ զորակոչել’

968

Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:

Վերստին ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ նրա համապատասխան ստորաբաժանումները շարունակում են անօրինական քայլեր իրականացնել զորակոչի գործընթացի ամբողջ ընթացքում՝ ՀՀ զինված ուժեր զորակոչելով լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձանց:

Ավելին, ամեն գնով փորձում են անուշադրության մատնել առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը, չտրամադրել ուղեգրեր կրկնակի բուժզննության ենթարկվելու համար եւ բոլոր ձեւական հիմնավորումներով երիտասարդներին ճանաչել պիտանի զինծառայությանը եւ ենթարկել զորակոչի: Ակնհայտ է զինկոմիսարիատների կողմից քաղաքացիների նկատմամբ զուտ չոր եւ բյուրոկրատական, անմարդկային վերաբերմունքը, որն ուղեկցվում է սպառնալիքով եւ ճնշումներով: Հաշվի չեն առնվում երիտասարդների մոտ առկա հիվանդությունների բնույթը, մի քանի հիվանդությունների զուգակցումը, դրանց հետագա բացասական զարգացումները եւ հետեւանքները, տարբեր բժշկական հաստատությունների կողմից տրամադրված իրարամերժ եզրակացությունները, զորակոչի տարիքի անձանց առողջության իրական վիճակից տարբերվող եւ մեղմ որոշումների ընդունումները՝ փորձելով ամեն կերպ հիմնավորել առողջական լուրջ խնդիրներով քաղաքացիների զորակոչը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ.

•          պաշտպանության նախարարությունը չի հրաժարվել առողջական խնդիրներ ունեցող եւ զինվորական ծառայության համար ոչ պիտանի քաղաքացիներին զորակոչելու գործելակերպից

•          զորակոչի կազմակերպման վերաբերյալ բարեփոխումները, որոնց մասին ժամանակ առ ժամանակ հայտարարվում է պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչների կողմից, իրականությանը չեն համապատասխանում

•          ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարությունը զինված ուժերի համալրման հույսը դրել է հիվանդ քաղաքացիների վրա եւ իրականում քաղաքական կամք չի դրսեւորում այս լրջագույն խնդիրը կարգավորելու ուղղությամբ

•          պաշտպանական գերատեսչությունը որեւէ կերպ չի ցուցաբերում ցանկություն վերացնելու զորակոչիկների մարդու իրավունքների խախտումների շարանը՝ ծնողներին եւ զորակոչիկներին թողնելով հուսալքման եւ անորոշության մեջ:

Առկա խնդիրների պարագայում կազմակերպություն դիմած բոլոր քաղաքացիներին զինվորական ծառայության զորակոչելը հարցականի տակ է դնում ոչ միայն բուժզննության օրինականությունը եւ հիմնավորվածությունը, այլև ամբողջ զորակոչի կազմակերպման օրիանականությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է պաշտպանության նախարարության զորակոչի կազմակերպման նման գործելակերպը, պահանջում է անհապաղ դադարեցնել այս արատավոր երեւույթը եւ նման խնդիրներ ունեցող բոլոր զորակոչիկների զորակոչը, իրականացնել պատշաճ բուժզննություն, եւ անդրադառնալ հատկապես մի քանի հիվանդություններ ունեցող զորակոչիկների՝ զինծառայությանը պիտանի լինելու հարցին եւ տրամադրել տարկետում, զորակոչի ընթացքում միայն հիմնվել հիվանդության լրջության աստիճանի եւ օրինականության, այլ ոչ թե կամային ցանկությունների վրա: Հակառակ դեպքում կունենանք զինվծառայողների առողջական վիճակի վհետագա վատթարացում ծառայության ընթացքում, և  կարող է իր հերթին հանդիսանալ նաև այլ բնույթի զինվորական հանցագործությունների առաջացման պատճառ:

Սա հերթական ահազանգն է՝ ուղղված եւ՛ պաշտպանական գերատեսչությանը, եւ՛ հանրությանը, եւ՛ այս հարցի նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» 30 մլն ֆունտով ձեռք է բերել Իլյարիմենդիին’
Հաջորդ հոդվածը‘Կնշվի ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձը ‘