‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երկրորդ դատական նիստի մասին’

1197

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել կապված երեկ՝ հունվարի 18-ին Գյումրի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցած Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հերթական արտագնա դատական նիստի հետ կապված: Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը դատական նիստին ներկայացնում է տուժողի իրավահաջորդի շահերը:

 Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև՝

2016 թվականի հունվարի 18-ին տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հերթական արտագնա դատական նիստը (դատավոր Հ. Մովսեսյանի նախագահությամբ) ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Չնայած նրան, որ նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցի կողմից՝ ռուս զինվորականներին դատարանի դահլիճից հեռացնելու վերաբերյալ ներկայացրած միջնորդությունը մերժվել էր Դատարանի կողմից, այս դատական նիստին ռուս զինվորականներ դատարանի դահլիճում չկային:

2016 թվականի հունվարի 18-ի դատական նիստին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին միջնորդություններ, նախ՝ դատական նիստը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում անցկացնելու վերաբերյալ, որը քննարկելու համար դատավորը կեսժամյա ընդմիջում հայտարարեց, ապա՝ մերժեց այն:

Այնուհետև միջնորդություն ներկայացվեց՝ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ, որը ևս մեկժամյա ընդմիջումից հետո Դատարանը մերժեց:

Վ. Պերմյակովի արդար դատաքննության իրավունքի իրացման վերաբերյալ ևս միջնորդություն ներկայացվեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից, մասնավորապես՝ նրանք պահանջեցին՝ հանել ձեռնաշղթաները ամբաստանյալի ձեռքերից և վերացնել ապակեպատ վանդակը, որում գտնվում է նա: Միջնորդությունը բավարարվեց մասնակիորեն. կեսժամյա ընդմիջումից հետո հանվեցին Վ. Պերմյակովի ձեռնաշղթաները:

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները պատրաստվում են, մինչ դատաքննության  սկսելը, ևս մեկ միջնորդություն ներկայացնել Դատարան, ինչի պատճառով էլ դատական նիստը հետաձգվեց:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաջորդ արտագնա դատական նիստը նշանակված է 2016 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին:

Նախորդ հոդվածը‘Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը կառավարությունն առաջարկում է արգելել օրենքով’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ-ում 28 քրեական գործ է քննվում ընտրախախտումների հետ կապված’