‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անհանգստացած է Հայաստանում միասեռականների հանդեպ անհանդուրժողականության աճով ‘

875

Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը տարածել է հայտարարություն, որտեղ իր անհանգստությունն է արտահայտում Հայաստանոմ այլատյացության, մասնավորապես՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորումներով: Կազմակերպության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

Հայաստանի Հանրապետությունում լրջորեն վտանգված է ազատ արտահայտման իրավունքը, որի ապացույցն են հանդիսանում՝ «Պարադա» ֆիլմի ցուցադրման ձախողումը 2012 թ. հոկտեմբերի 17-ին Երևանում, ապրիլին՝ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության ձախողումը Գյումրիում և Վանաձորում, և մայիսին՝ DIY ակումբի հրկիզումը Երևանում:

Նմանատիպ դեպքերը որպես կանոն իրավապահ մարմինների կողմից չեն արժանանում համարժեք արձագանքի, թե՛ կանխարգելման, թե՛ խախտումներն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու տեսակետից:

Վերջին ժամանակները հատկապես մտահոգիչ են ոչ ավանդական սեռական կողմնորոշման նկատմամբ ատելության հիմքով իրականացված հանցագործությունները, որոնք կատարվում են ոստիկանության փաստացի անգործության մթնոլորտում: Դրա վառ օրինակ է այս տարվա մայիսին DIY ակումբի հրկիզումը և հետագա հարձակումները, որոնք այդպես էլ պատշաճ ուշադրության չարժանացան ոստիկանության կողմից և կազմակերպիչները չենթարկվեցին պատասխանատվության, ավելին՝ ակումբի սեփականատերը, չունենալով անվտանգության երաշխիքներ ստիպված եղավ լքել Հայաստանը:

Նույն կերպ ոստիկանությունը պատշաճ ուշադրության չի արժանացրել «Պարադա» ֆիլմի ցուցադրության համար անվտանգ պայմանների ստեղծմանը: Լրատվական միջոցների և առանձին կառույցների միջոցով տարվել է խիստ բացասական քարոզչություն ֆիլմի բովանդակության վերաբերյալ, ինչի պատճառով ստեղծվել է կանխակալ բացասական վերաբերմունք ֆիլմի և ցուցադրության կազմակերպիչների նկատմամբ:

2012թ. հուլիսի 25-ին՝ 105-րդ նստաշրջանի ժամանակ Մարդու իրավունքների կոմիտեի կողմից Հայաստանի երկրորդ պարբերական զեկույցի վերաբերյալ ընդունված եզրակացություններում նշվում է, որ պետությունը պետք է հստակ և պաշտոնապես հաստատի, որ այն չի հանդուրժում նույնասեռականության, բիսեքսուալության կամ տրանսեքսուալության որևէ սոցիալական խարանում, մարդկանց նկատմամբ ոտնձգություն, խտրականություն կամ բռնություն նրանց  սեռական  կողմնորոշման ու գենդերային ինքնության պատճառով: Պետությունը պետք է արգելի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության  հիմքով խտրականությունը և ապահովի արդյունավետ պաշտպանություն ԼԳԲՏ անձանց համար:

Գտնում ենք, որ ՀՀ իշխանությունները՝ հանձինս գործադիր իշխանության և  օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական ուժերի, հովանավորում են նման ոտնձգությունները և նույնիսկ բացառում են, որ դրանք խտրականության դրսևորում են հանդիսանում:  Գտնում ենք, որ նման հովանավորչությունն անթույլատրելի է և ուղղակիորեն խախտում է ՀՀ Սահմանադրությունը, մասնավորապես ՀՀ Սահմանադրության 14.1 Հոդվածը. որն է՝ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պահանջում է ապահովել վերոհիշյալ հոդվածով սահմանված իրավունքների ապահովումը և հայտնում է, որ պատրաստ է կազմակերպության տարածքը տրամադրել ֆիլմի ցուցադրության համար:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ,

17 հոկտեմբերի, 2012 թ.

 

Նախորդ հոդվածը‘Քոչարյանի փուչիկը` «Հանրապետության» համար փրկօղակ ‘
Հաջորդ հոդվածը‘Վահե Էնֆիաջյան. ՔԿՀ-ներում, մեղմ ասած՝ մտահոգիչ վիճակ է ‘