‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Ոստիկանության, ազգային անվտանգության և դատախազության մարմինների կողմից սեփական նապաձեռնությամբ որևէ դեպք չի բացահայտվել’

911

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է ընտրությունների ընթացքում ոստիկանության իրականացրած աշխատանքներին: 

«2013 թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների թե՛ նախընտրական քարոզչության, և թե՛ քվեարկության օրվա վերաբերյալ կազմակերպության դիտորդներն արձանագրել են բազմաթիվ խախտումներ, մտահոգություններ, որոնց վերաբերյալ տարածվել են հայտարարություններ և հաշվետվություններ՝ ԶԼՄ-ների և կազմակերպության կայքէջի միջոցով:

Տեղեկատվության մեծ մասը վերաբերել է ընտրակաշառքների վերաբերյալ ահազանգերին, վարչական ռեսուրսների չարաշահմանը, տեղական հեղինակությունների կողմից ընտրական տեղամասերի շրջակայքում  իրավիճակը կառավարելի և քաղաքացիների վարքագիծը ենթարկեցնելու դեպքերին, քաղաքացիների ազատ կամքի վրա ճնշումներին, որոնք արտահայտվել են քաղաքացիների պարտադրված մասնակցությամբ թե՛ նախընտրական հանդիպումներին և թե՛ քվեարկությանը, որոնց արդյունքում ձևավորվել է վախի, անվստահության և անազատության մթնոլորտ:

Չնայած իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ ահազանգերին, արձանագրում ենք, որ

  1. ոստիկանության, ազգային անվտանգության և դատախազության մարմինների կողմից սեփական նապաձեռնությամբ որևէ դեպք չի բացահայտվել,
  2. ԶԼՄ-ներով հրապարակված խախտումների վերաբերյալ արձագանքները եղել են խիստ ընտրողական
  3. ընտրական գործընթացների բնականոն ընթացքը խաթարողները դրսևորել են ակնհայտ ցինիկ և անպատժելի վարքագիծ

Նման իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իրավապահ մարմինների վրա, որոնք այդպես էլ չիրականացրեցին ՀՀ օրենսդրությամբ և սահմանադրությամբ սահմանված իրենց պատավորությունները կանխարգելելու ընտրական խախտումները, բացահայտելու ընտրախախտումները և պատասխանատվության ենթարկելու ընտրախախտումներ կատարողներին:

Կրկին անգամ նման դիտավորյալ անգործության հետևանքով ամրապնդվեց ընտրողների անվստահությունը ընտրական ինստիտուտի ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու հնարավորության նկատմամբ»:

Նախորդ հոդվածը‘ԱՊՀ առաջնության հաղթողը կստանա 92 միլիոն դոլար’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Մուկուչյանին առաջարկում են հավաքել Անգլիայից ներկրած թանկարժեք ամբողջ թանաքն ու խմել’