‘ՀՔԾ. Ըստ հաղորդման՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները ‘

37917

ՀՔԾ-ն փոխանցում է, որ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Ջ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Արթուր Ջ.-ն հայտնել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում հիշյալ հիմնարկում պատիժը կրող մեկ այլ դատապարտյալ իր պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել, ինչի արդյունքում ինքը 2015 թվականի նոյեմբերի 5-ին կախվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել, որը կանխել են նույն հիմնարկի ծառայողները, սակայն իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարել և դեպքին օրինական ընթացք չեն տվել:

Դատապարտյալ Արթուր Ջ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նախորդ հոդվածը‘Պլանային դիտարկում ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Երկիրը երկիր է ամեն դեպքում ու միշտ ‘