‘ՀՔԾ-ի բացահայտումները «Մարտի 1-ի» գործով. «Առավոտ»’

1515

Հաճախակի առանձին քաղաքական եւ հասարակական գործիչներ հրապարակավ հայտարարում են, որ ՀՔԾ-ն եւ նրա ղեկավարը տապալել են մարտի մեկի գործի քննությունը, իսկ ոստիկանությունը թույլ է (Դավիթ Շահնազարյան եւ այլք):

Փորձենք դիտարկել՝ այդ մեղադրանքները ճիշտ են, թե ոչ:

Ա.ՀՔԾ-ն բացահայտել է, որ մարտի 1-ի լուսադեմին ուժայինների կողմից Ազատության հրապարակում կատարված տեղազննությամբ զենք եւ հանցագործություն կատարելու հարմարեցված միջոցների հայտնաբերելը եւ առգրավումը եղել է շինծու: Բացահայտումն ապացուցում է, որ հիշյալ շինծու հանգամանքը առիթ է ծառայեցվել խաղաղ քաղաքական բողոքը բռնությամբ ճշնելու համար, ինչը համարվում է պետական իշխանությունը բռնությամբ զավթելու հանցագործության կազմի օբյեկտիվ կողմը բնորոշող գործողություն:

Բ.ՀՔԾ-ն պարզել է, որ մարտի 1-ին եւ 2-ին Մյասնիկյան հրապարակում եւ նրա շրջակայքում տեղի ունեցած դեպքերի վայրի տեղազննությամբ հայտնաբերված հրազենից կրակված ավելի քան 1000 պարկուճները, այդ թվում 32-ը՝ ատրճանակից, այսինքն՝ իրեղեն ապացույցները, քրեական գործի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավարը՝ Վահագն Հարությունյանը նախապես հանցավոր համաձայնության գալով Ներքին գործերի նախարարության փորձագիտական ստորաբաժանման փորձագետի հետ, ոչնչացրել են եւ տեղը դրել բանակի ստորաբաժանումներից մեկում այլ զենքերից փորձնական կրակված նույնքան պարկուճներ: Նկատենք, որ հիշյալ նենգափոխումը դատաքննչական պրակտիկայում եզակի է եւ հանցավոր խումբն այդ գործողությամբ նպատակ է հետապնդել անհնարինություն ստեղծել ձգաբանական փորձաքննությամբ հրազենն անհատականացնելուն, եւ դրանով հրազենի պատկանելությունը պարզելու հնարավորությունները: Հիշյալ բացահայտումը կամ ապացույցը վկայում է, որ ուժային ողջ համակարգը լծված է եղել մարտի 1-ի դեպքերի հանգամանքները կոծկելու ու ապացույցները կեղծելու գործին: Կարդացեք նաև «Մենք կարող ենք ներկայացնել վկաներ՝ մեր տեսակետը հաստատելու համար». Զեյնալյանը՝ Քոչարյանին տեսակցելու ու մերժվելու մասին «Քոչարյանը մշտապես լավ տրամադրություն ունի, որովհետեւ համոզված է՝ արդարացվելու է». Արամ Օրբելյան Քոչարյանի պաշտպան. «Երբ Սասուն Խաչատրյանին կկանչեն բացատրություններ տալու որպես քննիչ, այն ժամանակ հարցը կքննարկենք»:

Գ. Պարզվել է, որ բանակի պարագլխի բանավոր կարգադրությամբ իշխանամետ մի շարք կրիմինալ օլիգարխների թիկնազորի ծառայողներին բաժանել են զինվորական համազգեստ: Այս փաստական տվյալը հիմնավորում է, որ մարտի 1-ի դեպքերի ընթացքում տեղի ունեցած անկարգությունները, ջարդերը, հրկիզումները, գույքը վնասելը եւ այլն, օրվա իշխանությունները ծրագրել են նախօրոք, եւ դրանք անմիջական իրականացնողները եւ կատարողները եղել են հիշյալ օլիգարխների անվտանգության ծառայողները եւ այլ հրահանգավորված անձինք՝ զինվորական եւ ոստիկանական համազգեստով:

Դ. Քննությամբ պարզվել է, որ Տիգրան Աբգարյանին դիտավորյալ կյանքից զրկել են Ներքին գործերի նախարարության հատուկ ջոկատայինները, այն բանի համար, որպեսզի հավաստի դառնա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, իբր բողոքի մասնակիցները հրազենից կրակել են ոստիկանների վրա: Իմիջիայլոց, այս ալիբին արտակարգ դրություն սահմանելու հիմքերից մեկն էր:

Ե. Պարզվել է, որ բանակի տարբեր ստորաբաժանումներից Երեւան քաղաքի զինվորական կայազոր տեղափոխված զինծառայողներին օլիգարխների հաշվին պարգեւավճարներ են բաժանվել, այսինքն՝ նրանց խրախուսել են քաղաքական բողոքը ճնշելու, իսկ անհրաժեշտության դեպքում օլիգարխների ունեցվածքը պաշտպանելու համար: Այս բացահայտումները հրապարակված են մամուլում, եւ անկասկած գործով կան այլ բացահայտումներ, որոնք քննության շահերից ելնելով դեռեւս չեն հրապարակվել, իսկ նախաքննությունը շարունակվում է: Հետեւաբար, ՀՔԾ-ն եւ նրա ղեկավարը ոչ թե տապալել են «Մարտի 1-ի գործի» քննությունը, այլեւ արհեստավարժ եւ հմուտ կարգով վերականգնել են ավելի քան տասը տարի ձեւական, քննությունը երկարաձգված գործի նենգափոխված հանգամանքները:

Իսկ ինչ վերաբերում է ոստիկանության թուլությանը, դա նույնպես արդար չէ, քանզի ոստիկանությունը քաղաքական բողոքները ճնշելու ժանդարմի դերից այժմ անցել է օրենքով վերապահված հիմնական ֆունկցիաների՝ հանցագործությունների նախականխման, բացահայտման եւ այլն, կատարմանը:

 

Փորձենք դիտարկել նաեւ վարույթն իրականացնող մարմնի բացթողումները

 

Թվարկված բացահայտումներն ակնհայտորեն վկայում են, որ մարտի մեկի դեպքերով գրեթե բոլոր ապօրինի գործողությունները, այդ թվում՝ դեպքի հանգամանքների նենգափոխումները, իրեղեն ապացույցների կեղծումն ու ոչնչացումը, շինծու ապացույցների հիմքերով խաղաղ քաղաքական բողոքը բռնությամբ ճնշելը, սարքված ապացույցներով հաղթած քաղաքական կուսակցության ղեկավարներին եւ հավաքի մասնակիցներին քրեական տեռորի ենթարկելը, եւ այլն, ղեկավարվել եւ կատարվել են Ներքին գործերի նախարարության համակարգի ստորաբաժանումներում, իսկ գլխավոր դատախազությունը հովանավորել է դրանք եւ ուղղորդել:

Նկատենք, որ հիշյալ համակարգի պարագլուխների կատարած չարաշահումները եւ ապօրինությունները դեռեւս լիարժեք չեն հետաքննվել եւ նրանց պատասխանատվության չեն կանչել: Հաջորդը. ՀՔԾ-ն քրեական գործից անջատել է Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործի մասը եւ մեղադրական եզրակացություն կազմելուց առաջ գործի նյութերը ներկայացրել է կողմերին ծանոթացմանը: Նախկին նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելը, Քրեական օրենսգրքի 300.1, եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը, Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մաս, արարքները կատարելու մեջ:

«Կաշառք ստանալը» արարքի քրեաիրավական էությունը

Հանցագործության առարկան նյութական արժեքն է եւ կարող են հանդես գալ փողը (ՀՀ դրամ, արտերկրի արժույթները եւ այլն), այլ արժեքները, ինչպես նաեւ ապօրինի ծառայությունները եւ այլ գույքային իրավունքները: Արարքի օբյեկտիվ կողմը կատարվում է հիշյալ գործողություններով.

1. կաշառք ստանալն անձամբ

2. կաշառք ստանալը միջնորդի միջոցով Միջնորդն այն անձն է, ով նյութական արժեքի առարկան կամ այլ առարկան կաշառատուի անունից հանձնում է կամ դրանք ստանում կաշառքը ստացողի հետ միասին: Ինչպես հայտնի է, մեղադրանքի հիմքը գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարությունն է, որ Սամվել Մայրապետյանի ընկերությանը փոխանցել է 6 միլիոն դոլար՝ երկրորդ նախագահին կաշառք տալու համար, որպեսզի վերջինս հովանավորի իր ընկերության բիզնես գործարքները: Այս պարագայում նկատելի է, որ «Ռոբերտ Քոչարյանի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը» մեղադրանքի ապացույցները բավարար չեն եւ բացակայում է այդ հանցագործության կազմի օբյեկտիվ կողմը:

Պարզաբանված չէ նաեւ Սամվել Մայրապետյանի գործողությունները՝ նա կաշառքը ստանալու միջնո՞րդ է, թե՝ «կարծեցյալ միջնորդ»: «Կարծեցյալ միջնորդն» այն անձն է, ով փողը եւ այլ արժեքը պաշտոնատար անձին տալու մտադրություն չունենալով, խաբում է կաշառատուին: Նման արարքները որակվում են խարդախություն, Քրեական օրենսգրքի 178 (իսկ ի՞նչ է արվել Ս. Մայրապետյանի ընկերությանը փոխանցված 6 միլիոն դրամը-Ա.Մ): Ինչ վերաբերում է «սահմանադրական կարգը տապալելը» մեղադրանքին, ապա այդ արարքը որակելը բարդ եւ կազուսային խնդիր է, քանզի օրվա իշխանությունները Քրեական օրենսգրքում 2009 թվականին փոփոխություններ կատարելու պատրվակով նենգափոխել են նաեւ քրեական օրենսգրքի 300 հոդվածի նկարագրական մասը՝ «իշխանությունը զավթելը», որով փակուղային վիճակ են տարել, «սահմանադրության խախտմամբ, պետական իշխանությունը բռնությամբ զավթելը կամ բռնությամբ տապալելը» արարքներ կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիրը:

Այս թեման մենք դիտարկել ենք «Առավոտի» 2018թ. հոկտեմբերին:  

 

Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ 

Նախորդ հոդվածը‘2006. Օսկանյանը «սաստում է» ԼՂՀ նախագահին՝ բանակցությունների երկկողմ ֆորմատը քննադատելու համար’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն’