‘ՀՔԾ. Ոստիկանները պաշտոնատար անձին փորձել են զերծ պահել պատասխանատվությունից’

1159

2013 թվականի հոկտեմբերի 13-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի` կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել անչափահաս Դավիթ Հ.-ն, ով ավելի ուշ գիտակցության չգալով մահացել է: Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական գործողությունների արդյունքում սպանություն կատարելու կասկածանքով քաղաքացի Կարեն Կ.-ն ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի հատկանիշներով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կարեն Կ.-ն տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:

Կալանավոր Կարեն Կ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ սպանություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժին բերման ենթարկվելուց հետո հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք ծեծի են ենթարկել իրեն՝ ստիպելով ընդունել, որ հանցագործությունը ինքն է կատարել: 

Կարեն Կ.-ն հայտնել է, որ, իր տեղեկություններով, սպանության փորձը կատարել է այլ անձ, որի հայրը զբաղեցրած պաշտոնի բերումով մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել Լոռու մարզի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց հետ, սակայն վերջիններս նրան քրեական պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով հանցագործության կատարումը մեղսագրել են իրեն:

Բացի դրանից, Կարեն Կ.-ի հաղորդմամբ՝ վերը նշված հատուկ ծառայություն իրականացնող անձինք իրեն ստիպել են ստորագրել դատարկ ձևաթղթերի տակ, սակայն ինքը հրաժարվել է, ինչի արդյունքում վերջիններս շարունակել են իրեն ծեծի ենթարկել: 
Կալանավոր Կարեն Կ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը՝ 78-րդ հորիզոնականում’
Հաջորդ հոդվածը‘Reuters-ի անդրադարձը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմանը ‘