‘Հ. Ուլոյան. Քոչարյանը կհավակնի արդեն մանիպուլյացիայի բնագավառում Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն’

4505

Քաղաքացի Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրում է. 

«Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը ցանկացած հարցազրույցի ժամանակ գերազանցում է ինքն իրեն` ստերի և մանիպուլյացիաների չափաբաժնով: Չկա նրա կողմից արտահայտված մի նախադասություն կամ միտք, որը ձևակերպված չլինի ստի կամ մանիպուլյացիայի հիման վրա:

1. Մեղադրյալ Քոչարյանը նախ հայտարարում է, թե «90-ական թվերն են եղել իսկական թալանի, ստվերային տնտեսության հսկայական ծավալի տարիներ», ապա պնդում է, որ ճիշտ է վարվել և չի փոշմանում, որ այդ ժամանակաշրջանի վերաբերյալ, իբր, չի տվել քաղաքական գնահատականներ:

Ընդամենը երկու փաստ.

ա) 19.09.1996թ., Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին.
«Ես կուզեի շեշտել ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներդրումը մեր բոլոր հաջողություններում: Առանց նրա հստակ դիրքորոշման, առանց փոխհամաձայնեցված քաղաքական քայլերի, մենք դժվար թե կարողանայինք ունենալ այն, ինչ ունենք: Դա Ղարաբաղում հասկանում են բոլորը, եւ ինձ թվում է, որ Հայաստանում և Սփյուռքում՝ նույնպես»:

բ) 30.11.1999թ., Քոչարյանի կողմից վավերացված ՀՀ կառավարության N 722 որոշում.
«Անկախություն ձեռք բերելուց հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ունի մի շարք կարևոր ձեռքբերումներ`
— ֆինանսական կայունություն, վերահսկվող և ցածր մակարդակ ունեցող սղաճ, բաց տնտեսության արտաքին տնտեսական քաղաքականություն,
— միջազգային, այդ թվում` ֆինանսական կառույցներին անդամակցություն, այդ կազմակերպություններից արտոնյալ վարկեր ստանալու լայն հնարավորություններ ու այդ կազմակերպություններում Հայաստանի դրական համբավ,
— տարբեր պետություններից 1992 թվականից ի վեր ստացվող նշանակալի օգնություն, որը նույնպես վկայում է Հայաստանին աշխարհում վստահելի գործընկեր ճանաչելու մասին,
— էներգետիկ ճգնաժամի հաղթահարում, 
— 1994 թվականից մինչ այժմ շարունակվող, իհարկե ոչ բավարար տնտեսական աճ,
— մարտունակ բանակի կայացում, հաղթանակը Ղարաբաղում և 1994 թվականից պահպանվող զինադադար,
— ժողովրդավարական պետության և շուկայական տնտեսության համար անհրաժեշտ հիմնական կառույցների առկայություն ու կանոնակարգված աշխատանք,
— Սահմանադրության ընդունում և դրանում ամրագրված համակարգերի աստիճանական ձևավորում,
— խոսքի և մամուլի ազատություն,
— այլակարծության վրա խարսխված բազմակուսակցական քաղաքական համակարգ,
— բոլոր մակարդակների ընտրությունների ավելի ու ավելի ժողովրդավարական բնույթ,
— Հայաստանը ներգրավված է և ակտիվ մասնակցություն է ցուցաբերում միջազգային, եվրոպական, ԱՊՀ և տարածաշրջանային կառույցներին: Հայաստանը կարևորել է տարածաշրջանային համագործակցության զուգակցումը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներին: Մենք հետևողական ենք մեր հարևանների հետ խաղաղ, տնտեսական փոխշահավետ միջպետական կապերի ձևավորման գործում»:

Ինչպես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր արձանագրել դեռևս 2007 թվականին` «Հետո ասում են, թե ներկա իշխանությունները չեն տվել նախկինների քաղաքական գնահատականը։ Սրանից ավելի լավ քաղաքական գնահատական չէր կարող երազել ոչ մի նախկին իշխանություն։ Քոչարյանին մնում է մեկ բան՝ անիծել շումերներին, փյունիկեցիներին ու Մեսրոպ Մաշտոցին, որ գիր են ստեղծել եւ իրեն դրել այսպիսի անհարմար վիճակի մեջ։ Գիրն, ի դժբախտություն Քոչարյանի, արձան է՝ հավերժական ու անջնջելի»:

2. Խոսելով Արցախի հարցից, Քոչարյանը հայտարարում է. «Մենք միշտ ընդգծում ենք Ղարաբաղի անկախությունը, մենք միշտ ասում ենք, որ Ղարաբաղն անկախ է… որևէ վերջնական որոշում չի կարող պարտադրվել Ղարաբաղին` առանց ղարաբաղցիների մասնակցության և առանց այն հանգամանքի, որ իրենք պետք է ընդունեն այդ որոշումը, որովհետև իրականացնողն իրենք են լինելու»:

Ըստ էության` ի՞նչ է սա, եթե ոչ այն նույն միտքը, ինչի համար Քոչարյանն արդեն 20 տարի է «մեղադրում» է Լևոն Տեր-Պետրոսյանին: Տեր-Պետրոսյանը 90-ականներից, Արցախի անկախությունն ու ինքնորոշման իրավունքը շեշտելու համար, մշտապես պնդում էր, որ «մեզ համար ընդունելի է ցանկացած լուծում, որը կբավարարի Ղարաբաղին», իսկ Քոչարյանն այնընդունելի էր համարում այդ դիրքորոշումը, այն ներկայացնելով որպես «Ղարաբաղի հարցը միայն ղարաբաղցիների հարցն է»: Ավելին, Քոչարյանը նույնիսկ ամիսներ առաջ էր այդ դիրքորոշումն անընդունելի համարում, հայտարարելով, որ «Ամենից մեծ վտանգը կլինի այն, եթե [ներկայիս] իշխանությունները վերադառնան այն թեզին, որը ժամանակին կիրառել է Տեր-Պետրոսյանը: … Այդ մոտեցումն Արցախին մեն-մենակ է թողնում բանակցային գործընթացում»:

Ու հիմա Քոչարյանը, «հանկարծ», խոսում է այն մասին, որ «որևէ վերջնական որոշում չի կարող պարտադրվել Ղարաբաղին` առանց ղարաբաղցիների մասնակցության», որովհետև որոշման «իրականացնողն իրենք են լինելու»: Եվ այդ ի՞նչ «հանգամանքներով» բացատրել Քոչարյանի դիրքորոշման նման շեշտակի փոփոխությունը, եթե ոչ կոնկրետ Քոչարյանի սեփական շահերից բխող նպատակահարմարությամբ:

Քանի դեռ Արցախի իշխանավորների կողմից հայաստանյան իշխանությունների դեմ իրականացվող արշավը չէր սկսվել, Քոչարյանի համար Արցախին, Հայաստանի տեսանկյունից, ինքնորոշվելու իրավունք «շնորհելն» անընդունելի էր, քանի որ դա Արցախին «մեն-մենակ» թողնել էր, իբր, նշանակում, իսկ այժմ, երբ Արցախի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ոչ միայն ձեռնոց են նետում Հայաստանի իշխանություններին, այլև` հանդես են գալիս Քոչարյանին պաշտպանող տարբեր նախաձեռնություններով, այս իրավիճակում, արդեն, Քոչարյանը պնդում է, որ արցախցիներն իրենք պիտի վերջնական որոշում կայացնեն: Սրանից ավելի լավ ապացույց, որ Արցախի հարցը Քոչարյանի համար ինչպես հանդիսացել, այնպես էլ շարունակում է հանդիսանալ բացառապես սեփական շահերին ծառայեցնելու գործիք, դժվար է պատկերացնել:

Այսպես շարունակելու դեպքում, համապատասխան մեխանիզմների առկայության պայմաններում, անկասկած, Քոչարյանը կհավակնի արդեն մանիպուլյացիայի բնագավառում Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն»:

Նախորդ հոդվածը‘Քոչարյան՝ Արցախն իր ազատության համար վահան դարձրածը’
Հաջորդ հոդվածը‘Միլանն ընտրվել է 2026 թ. Ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք’