‘Հ. Չարչարենց. Անմեղության վերջը’

2562

Ճիշտն ասած՝ վաղուց ուզում եմ հասկանալ, թե մարդիկ, որոնց թվում՝ նաեւ նախկին ընկերներս, որոնք պարբերաբար քաղաքական կամ քաղաքացիական թեմաներով հարցազրույցներ են տալիս կամ նույնիսկ հոդվածներ գրում Լրագիր.ամ կամ Առաջին լրատվական կայքերում, ի՞նչ, ինչո՞վ եւ ինչպե՞ս են մտածում այդ առիթով: Թյուրըմբռնումներից խուսափելու համար միանգամից շեշտեմ, որ խոսքը հե՛նց պարբերաբար (այսինքն՝ ոչ թե մեկ-երկու անգամ՝ անկապ, այլ աչքի զարնող հաճախականությամբ) եւ հե՛նց ընդդիմադիր քաղաքական կամ քաղաքացիական ընդհանուր թեմաներից խոսողների ու գրողների մասին է (այլ ոչ թե, ասենք, մի երկու  անգամ բնապահպանությունից կամ տնտեսությունից մի բան ասածների): Նաեւ շեշտեմ, որ խոսքն այդ կայքերում մշտական հիմունքներով գրողների (այլ կերպ ասած՝ այնտեղ աշխատողների) մասին չէ, որովհետեւ նրանք իրենց ընտրությունը հաստատ կատարել են եւ արել են դա գիտակցաբար: Հարցս պարապ չէ, այլ շատ կարեւոր՝ մեր հասարակական գիտակցության որոշ անհասկանալի ծալքեր հասկանալու համար: Բացեմ խնդիրը:

Ինձ հետաքրքրում են հետեւյալ հարցերի պատասխանները. 1. Արդյո՞ք վերոբերյալ նկարագրությանը համապատասխանող անձինք գիտակցում են, որ գործ ունեն իշխանության մեջ դիրք ունեցող որոշ անձանց (Միքայել Մինասյան, Տիգրան Սարգսյան, Վովա Գասպարյան եւ այլն) ուղղակի ազդցեւթյան տակ գտնվող ԶԼՄ-ների հետ: 2. Ավելի հստակ՝ արդյո՞ք գիտակցում են, որ գործ ունեն իշխանական ողջախոհ «թեւի» քարոզչական առաջատարների, ֆլագմանների հետ, 3. Է՛լ ավելի ճշտեմ՝ արդյո՞ք գիտակցում են, որ խոսքը ոչ թե ԶԼՄ դաշտի համար բնորոշ՝ սովորական գրդոնի, մուտիտի, այսինքն՝ այս կամ այն ազդեցիկ դեմքի հետ այս կամ այն առիթով գործարքի մեջ մտնելու, այլ մշտական հիմունքներով իշխանական երիտթեւի գրեթե պաշտոնաթերթեր լինելու մասին է: Այսինքն՝ սա տարբեր է այն վիճակից, երբ որեւէ ԶԼՄ աջ ու ձախ փող է վերցնում սրանից-նրանից, ձեռի հետ էլ իր խմբագրի պատկերացրած գիծը կամ գծիկն է առաջ տանում: Ո՛չ, խոսքը կենտրոնացված համակարգի մասին է, գաղափարախոսական, քաղաքական հստակ գծի մասին է, որը ոչ թե խմբագրինն է կամ ԶԼՄ-ինը, այլ «երիտթեւինը»: 4. Եթե հիշյալ անձինք այսքանը ամբողջությամբ կամ գոնե մասամբ գիտակցում են, ապա ո՞րն է նրանց նպատակը, արդյո՞ք նրանք չեն գիտակցում, որ իրենց խոսքը, որն ինքնին, ենթադրենք թե՝ ազնիվ եւ անկեղծ է, մտնում է մի շրջարկի մեջ, որի իրական նպատակներն ամենեւին էլ անկեղծ չեն եւ կոչված են սպասարկել իշխանական թեւերից մեկի շահերը: Տեսականորեն՝ կարող է լինել մի քանի տարբերակ:

4.1. Նրանք, գիտակցելով, որ փաստացի համագործակցում են (պարբերաբար գրելը կամ հարցազրույց տալը հենց փաստացի համագործակցություն է) իշխանական քարոզչամեքենայի հետ, համաձայն են դրա գծին, բայց այդ դեպքում նրանք զբաղված են նույն ստորագույն կեղծիքով, ինչ խնդրո առարկա ԶԼՄ-ները, քանզի հանդես գալով քննադատական, ընդդիմադիր դիրքերից՝ հասարակությանը տեղյակ չեն պահում, որ իրականում կողմնակից են իշխանական թեւերից մեկի՝ իշխանությունը մենաշնորհելու ծրագրին: 4.2. Մյուս տարբերակը. հիշյալ անձինք ենթադրում են, որ կարող են սատանի մայլում քյանդրբազություն անել, այսինքն՝ կարծում են, թե չնայած երտիթեւի քարոզչամեքենաների ստեղծած աննախադեպ կեղծիքի շրջարկի, չնայած նրան, որ այդ ԶԼՄ-ների կողմից տրվող գրեթե ամեն հարց պատահական չէ, այլ ենթատեքստային եւ քարոզչական նպատակներ ունեցող՝ իրենք, այնուամենայնիվ, կարող են ավելի շուստրի դուրս գալ, քան պարոնայք Մինասյանը, Գասպարյանը, զույգ Սարգսյանները եւ այլք: Այսպիսի հույսեր ունեցող մարդիկ, իհարկե, մեղմ ասած՝ միամիտ են, եթե որոշ՝ առավել ծանր դեպքերի համար չասենք՝ անմեղսունակ, եւ պետք է իրենց հեռու պահեն հրապարակային խոսքից, քանզի անկախ իրենց նպատակներից՝ ամրացնում են ռեժիմը եւ նպաստում, որպեսզի Հայաստանը վերածվի է՛լ ավելի կատարյալ բռնապետության, քան նույնիսկ այսօր նա է՛:

5. Եթե նշյալ անձինք չեն գիտակցում, տեղյակ չեն կամ չեն ուզում տեղյակ լինել այն փաստից, որ իրենց թեկուզ խիստ ընդդիմադիր, իշխանությանը դեմ ուղղված նյութերն ու հարցազրույցները տպագրում են իշխանական երիտթեւի քարոզչական ֆլագման ԶԼՄ-ներում, եւ որ իրենց խոսքը ծառայեցվում է խիստ որոշակի՝ երիտթեւի քարոզչական տեխնոլոգիաների մեջ տեղավորվող նպատակների շրջարկում, այլապես չէր տպվելու այդ նյութերից եւ ո՛չ մեկը, եթե, ուրեմն, այդ անձինք այն աստիճան անտեղյակ են մեր հասարակական կյանքի այս տարրական փաստից, եթե այդ աստիճան չեն կարողանում վերլուծել եւ հասկանալ ԶԼՄ դաշտում տեղի ունեցող գործընթացները, ուրեմն՝ նրանց հավակնոտ եւ ընդհանրացնող վերլուծությունները մեր հասարակական եւ քաղաքական կյանքի մասին ոչ թե երկու, այլ մինուս երկու կոպեկ իսկ չարժեն: 

Նախորդ հոդվածը‘Այսօր «Ոսկե Ծիրանի» շրջանակներում ցուցադրվող ֆիլմերի ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Հաղթանակ և վարկանիշային միավորներ’