‘Հ. Սասունյան. «Հայաստան» հիմնադրամի մոտեցումները, ուղղությունը պետք է փոխվի ‘

932

The California Courier թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկատել է, որ վերջին շրջանում «Հայաստան» համահայկական հիմնադրամում որոշ ներքին կազմակերպչական հարցեր են ի հայտ եկել։ 

Նա դժվարացել է ասել` արդյոք դա ազդե՞ց Հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքի վրա, թե՞` ոչ. — «Եթե ազդեցին, ես ցավում եմ, որովհետեւ այս տարի մանավանդ, որ Հիմնադրամը պետք է իր միջոցների մի մասը հատկացներ Սիրիայի հայությանը, որ շատ կարեւոր, մահու-կենաց հարց կա այդտեղ մեր ժողովրդի մի համայնքի համար,  եւ ես կուզենայի, որ այս տարի շատ ավելի հաջող լիներ, քան անցյալ տարիներին»։

Ամերիկահայ լրագրողը չի ցանկացել շտապ եզրակացություններ անել այդ ուղղությամբ։ «Որոշ մարդիկ կարող են ասել, թե աշխարհի տնտեսությունը վատ է, բայց անցյալ տարի էլ վատ էր աշխարհի տնտեսությունը, թերեւս նույնիսկ ավելի վատ էր անցյալ տարի, քան թե այս տարի, եւ կարող ենք ասել, որ Մոսկվայում ավելի շատ փող հավաքվեց անցյալ տարի, քան թե այս տարի, եւ այլն, բայց ես կարծում եմ, որ միայն փողի քանակը չէ կարեւորը, այստեղ նաեւ կարեւոր են ընդհանուր կազմակերպության, մոտեցման, ուղղության հարցերը», — ընդգծեց նա։

Սասունյանի կարծիքով`  «Հիմնադրամի կենտրոնական մարմինը պետք է որ շտապ, առանց սպասելու հաջորդ մայիսի իրենց տարեկան հավաքին, հավաքվեն, խոսեն, վերլուծեն, թե ինչ պատահեց, ինչու պատահեց, ինչու այսպիսի հակասական հայտարարություններ կատարվեցին, ում արտոնությամբ»։ «Օրինակ, սկզբում հայտարարեցին [որ սիրիահայությանը հատկացվելու է «Հեռուստամարաթոն 2012»-ի ընթացքում հանգանակված գումարի] 10 տոկոս, հետո ասացին` չէ, 10 տոկոս չէ, այլ` մի մասը կհատկացնենք` անորոշ մի գումար, իսկ նրանք, որ զանգում են ասում են` իմ գումարը ում պետք է հատկացվի` սիրիահայությանը, այն ժամանակ այդ նվիրատուի 100 տոկոսը կհատկացվի… », — նշել է The California Courier-ի խմբագիրը։

Հարութ Սասունյանը տարակուսանք է հայտնել Հիմնադրամի Ֆրանսիայի շրջանի պատասխանատու Պետրոս Թերզյանի հայտարարության կապակցությամբ, «թե գումարները պետք է հատկացվեն Սիրիային, երբ պատերազմը ավարտվի Սիրիայում, եւ պիտի կառուցվեն ճանապարհներ եւ բնակարաններ»։ «Զարմանալի է, որովհետեւ Սիրիայի պատերազմը կարող է տեւել 5, 10, 15, 20 տարի, մինչ այդ Սիրիայի հայությունը այսօ՛ր պետք ունի շտապ օգնության` դեղորայքի, փողերի, սննդի, հագուստի, եւ երկրորդ` եթե տարիներ հետո այդ փողը պիտի հատկացվի Սիրիային, եթե այդտեղ համայնք չլինի այդ ժամանակ, մենք ի՞նչ պիտի անենք` Սիրիայի ինչ-որ մի իշխանությունների համար ճանապա՞րհ պիտի կառուցենք», — շեշտել է ամերիկահայ  լրագրողը։

«Մանավանդ որ միաժամանակ գոյություն ունեին զանազան համայնքային միավորումներ, որոնք համախմբում էին զանազան գլխավոր ռազմավարություններ, եւ իրենք փող էին հավաքում Սիրիայի համար, եւ իրենց փողերը 100 տոկոս պետք է հատկացվեր Սիրիային։ Մանավանդ որ այն բոլոր մարդիկ, որ ուզում էին իրենց փողը Սիրիային տալ, չուզեցին այդ բանը անել Հիմնադրամի միջոցով, որովհետեւ միայն 10 տոկոս կամ անորոշ մի տոկոս պիտի գնար այդ տեղը` դա էլ հավանաբար ազդեց», — նշեց Սասունյանը։

The California Courier-ի խմբագրի համոզմամբ` Հայաստանի եւ Սփյուռքի ղեկավարները պետք է կարողանան «ճիշտ ձեւով ըմբռնել, բացատրել, մոտենալ այս հարցին ճիշտ ժամանակին»,  ոչ թե ժողովրդին շփոթեցնեն զանազան հայտարարություններով. — «Այնպիսի բաներ ասացին, որ ժողովուրդն էլ շփոթվեց, թե ճիշտ ինչ պիտի անեն, եւ հավանաբար ավելի դժկամ էր իր փողերը հատկացնում Հիմնադրամին»։

Անցած հինգշաբթի օրը անցկացված «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում ստացվել է 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում։ Դրանց կեսից ավելին՝ ավելի քան 12 միլիոն դոլար հատկացրել են ռուսաստանաբնակ հայերը: 

Նախորդ հոդվածը‘Սարգսյանը հանդիպել է Լիբանանի նախագահ Սուլեյմանին ‘
Հաջորդ հոդվածը‘Սարգսյանն այցելել է Բեյրութի Նահատակների հրապարակ’