‘Ձախողակների կառավարությունն էլ հո երիտասա՞րդ է…’

1882

Այս Կառավարությունից սպասելիքները

շատ մեծ են, ու արդյունավետ

աշխատելու որեւէ

խոչընդոտ չեմ տեսնում

բայց աշխատանքը գնահատվելու

է միայն արդյունքներով, խիստ

որոշակի արդյունքներով:

Անցած տարի խնդիր էր դրվել

ապահովել նվազագույնը 7%

տնտեսական աճ, որը Կառավարությունը

լուծեց, այս տարի էլ նույնն է

դրված, բայց այսուհետ

ակնկալելու ենք

որակական ցուցանիշներ,

Կառավարության գործունեության

արդյունավետություն եւ սոցիալական

խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ:

Սերժ Սարգսյան

Փաստորեն, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ճշմարիտ էր. հարազատ ՀՀԿ-ում ոչ միայն նրա համար են երիտասարդացման էլիքսիր գտել, այլև շեֆի՛, ով, կորեական մամուլում հրապարակված մի նյութի համաձայն` սև սեդանների ու թիկնազորի ուղեկցությամբ ուղևորվել է կորեական Չաում կլինիկայում ցողունային բջիջների պատվաստման կուրս անցնելու: Արդյունքում նաև՝ երիտասարդանալու:

Երիտասարդանալը՝ երիտասարդանալ, բայց կառավարությունում էլ հո հիմնականում երիտասարդնե՞ր են հավաքված: Ընդ որում՝ գիտելիքահենք տնտեսությա՛ն կողմնակից երիտասարդներ: Նաև՝ գեղեցկախոս: Ոմանց ներկայացմամբ՝ հատկապես գիտակ:

Բայց թե ինչու, ի տարբերություն այս երիտասարդների՝ մեր տնտեսությունն էլ ի՛ր հերթին չի երիտասարդանում`Ազգային վիճակագրական ծառայությանն ստիպելով առկա բոլոր ցուցանիշներն առավել անմխիթար թարմությամբ ներկայացնել հանրությանը, անհայտ է…

Այստեղ այսօր հրապարակվել են, այսպես կոչված՝ շտապ հավաքագրված տվյալներ, համաձայն որոնց՝ չնայած այն բանին, որ նախորդ տարի Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալնաճել է , իբր, 6.8 տոկոսով,  գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 7.1, առևտրի շրջանառությունը՝ 1.2 և ծառայությունների ծավալը՝ 3.6 տոկոսով, այդուհանդերձ, ձախողակների կառավարությունն ապահովել է Սերժ Սարգսյանի հանձնարարած 7 տոկոսանոց տնտեսական աճի…ընդամենը կեսը:

Իհարկե, Տիգրան Սարգսյանը, ով փաստերը նենգափոխելու մեծ վարպետ է, առաջիկայում հանդես կգա ոչինչ չասող մի մեկնաբանությամբ, որի հիմնական մեխը կրկին շինարակական փուչիկը կլինի: Նա անպայման նախ կնկատի, որ շինարարության ոլորտում 2013-ին առաջին հայացքից անբարենպաստ 8.1 տոկոսի անկում, իսկ իրականում՝ փուչիկներից հրաժարվելու բարեբաստիկ իրողություն է արձանագրվել, գյուղացիների՝ իրենց շահը չհասկանալու և փայտ վառելու պատճառով մեջտեղ կբերի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալի անկումը, որ 4.1 տոկոս է կազմել, մի քանի անբարենպաստ միջազգային տվյալներ էլ մեջտեղ կբերի, և վերջ: Խնդիրը լուծված է:

Բայց դա, իհարկե, իրականում ոչինչ չի փոխի, որովհետև, նախ՝ վարչապետի ուղղությամբ արդեն այս երկրի երեխաներն էլ են անեկդոտներ շպրտում, և հետո՝ ի տարբերություն շինարարական փուչիկի, իրենք էլ այս տարիների ընթացքում հանքերի շահագործմա՛ն փուչիկն են փչել տեղը տեղին: Եւ եթե նույնիսկ այդ պայմաններում է ամեն բան այսքան վատացել, իսկ ներդրումներն էլ կրկին զրոյական են եղել, ուրեմն՝ հարցի ոչ թե «ցողունը», այլ արմատն է պետք փնտրել:

Ի վերջո, նույնիսկ 2012-ին,կառավարության իսկ ներկայացմամբ, մեր բնակչության գրեթե 37 տոկոսը ծայրահեղ աղքատության եզրին էր հայտնվել (իսկ իրականում՝ այս թիվը, նույն կառավարության խոստովանությամբ, հարկավոր է կրկնապատկել):

Եւ եթե հիմա՝ 3,5 տոկոս տնտեսական աճի ֆոնին, արձանագրվել է նաև 5,8 տոկոս գնաճ, հետաքրքիր է՝ ո՞վ է պատասխանատու բնակչության առավել աղքատացման համար:

Կամ՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանի վերադարձից անմիջապես հետո, նույնիսկ եթե մենք այն կարծիքին ենք, որ անձերի փոփոխությունից ավազակապետության էությունը չի փոխվում, Տիգրան Սարգսյանը կկատարի Սերժ Սարգսյանի հրահանգը և 7 տոկոսանոց տնտեսական աճ չապահովելու հիմքով հրաժարական կտա…

Ուղիղն ասած՝ այն կարծիքին ենք, որ ոչ մի բան էլ տեղի չի ունենա: Եւ եթե մեր հանրությունը վերջապես ոտքի չկանգնի, սրանք վերջում ամբողջ Հայաստանն են իբրև արոտավայր վարձակալության հանձնելու Իրանին՝ ոտքի տեղ թողնելով միայն ռուսական ռազմաբազայի համար…

Բայց մինչև այդ՝ Տիգրան Սարգսյանին մի հարց, այնուամենայնիվ, կարելի է հասցեագրել: Իսկ հարցը հետևյալն է. եթե իսկապես ձեր կառավարությունը որոշել էր հրաժարվել տարատեսակ փուչիկներից, դիվերսիֆիկացնել տնտեսությունը, նոր ներդրումներ ներգրավել, ավելին՝ եթե նաև լավ ցուցանիշեր էիք հրամցնում հանրությանը՝ Doing business-ի տեսանկյունից, այդ ինչպե՞ս պատահեց, որ իրականում ոչ միայն ցանկալի ներդրումները տեղ չհասան, այլև, Bloomberg-ի համաձայն, այս տարվա հունվարի 3-ի դրությամբ՝ Հայաստանը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 21 երկրների շարքում հանկարծ վերջին տեղում հայտնվեց՝ բիզնեսի վարման տեսանկյունից /տես հղումն այստեղ՝ http://media.bloomberg.com/bb/avfile/rvjXppUmHRWA/:

Ինչպես տեսնում ենք՝ մենք ոչ միայն բիզնեսի վարման, այլև տնտեսական ինտեգրման սանդղակում ենք ամենավատ կարգավիճակում հայտնվել: Ինչ վերաբերում է բիզնեսի ազատության աստիճանին, մեզանից վատ վիճակում մեկ էլ Ալբանիան և Բելառուսն են:

Հետևաբար՝ մի  հարց էլ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի համար է հասունանում:

Հարգելիներս, այդ ինչպե՞ս է պատահում, որ ձեր երկուսի կողմից կազմվող Doing Business -2014 վարկանիշային աղյուսակում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցնում՝ առաջ անցնելով այնպիսի երկրներից, ինչպիսիք են Կիպրոսը, Լեհաստանը, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Իտալիան, հայտնվելով Բելգիայի և Ֆրանսիայի մեջտեղում, իսկ ահա այս և էլի՛ շատ ու շատ այլ ճշմարտանման աղյուսակներում ստորին աստիճաններից ոտքի չի ելնում:

Չլինի՞ մի կոոպերատիվ Gallup էլ դուք եք հիմնել մեր երկրում:

Բայց այդ դեպքում՝ ձեր շա՞հը որն է, կբացատրե՞ք…

Գոհար Սիմոնյան

Հ.Գ. Այս պարագայում, անշուշտ, հասկանալի է, թե ենք ինչու ենք արդեն հինգերորդ տարին խուսափում մեկնել շվեյցարական Դավոս, որտեղ այս պահին էլ ընթացքի մեջ է Համաշխարհային տնտեսական համաժողովը:

Տնտեսություն ունե՞նք, որ Դավոս մեկնենք:

Կամ՝ Դավոս ենք գնում, որ ի՞նչ անենք…

Նախորդ հոդվածը‘Մանրամասներ 15-ամյա տղայի կողմից 80-ամյա կնոջը սպանելու դեպքի մասին’
Հաջորդ հոդվածը‘Մոմավառություն Ուկրաինայի դեսպանատան դիմաց՝ ի հիշատակ Մայդանում զոհված Ս. Նիգոյանի (Տեսանյութ)’