‘Ձեռնասերժության հետևանքները’

3045

Թե ինչ տեղի ունեցավ Հայաստանի հետ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ռազմական հեղաշրջման միջոցով դարձավ երկիր նախագահ՝ բոլորին է հայտնի, և ՀՀ ցանկացած քաղաքացի իր կաշվի վրա է զգում դրա հետևանքները: Սակայն այդ ամենի ընդհանրական անունը դեռ չէր գտնվել, երբ Սերժ Սարգսյանն իր ձեռքը հավաքեց Հայաստանի բոլոր  ժամանակների ծախված ու փչացած գործիչներին և նրանց հետ միասին փորձում է երկիրը շարժել դեպի «լուսավոր ապագա»: Պատկերավոր ասած՝ «ձեռնասերժությամբ» զբաղվել, ինչը հստակ արտահայտվում է Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացներում:

Ամիս չկա, որ սահմանի վրա սպանություններ տեղի չունենան, ու ադրբեջանցիներն էլ, դրանից ոգևորված՝ ավելի են լարում սահմանամերձ շրջանների իրավիճակը: Ու որն է այս ոտնձգությունների հայկական կողմի պատասխա՞նը: Իհարկե՝ ձեռնասերժությունը: Երբ բանակում չծառայած Տարոն Մարգարյանը, զինվորական համազգեստը հագած՝ ֆլեշմոբ է անում խրամատում և ոգևորում հայ հասարակությանը: Ինչ խոսք, ընդդիմախոսները կարող են հակաճառել, թե ծիծաղն էլ է մարդկանց ոգևորելու միջոց: Սակայն թաղման ժամանակ մարդկանց ծիծաղեցնելու փորձերը մի քիչ ցինիկ են: Չնայած՝ ձեռնասերժության պայմաններում լրիվ ցրում են երկրում տիրող գաղջը:

Կամ՝ մեկ այլ օրինակ. այս նույն ժամանակ, երբ ադրբեջանական դիվերսիոն խումբ է մտնում Քարվաճառի շրջան, մի խումբ ՀՀԿ-ական պատգամավորներ մեկնում են Բրազիլիա՝ ըմբոշխնելու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերը: Դե իհարկե, ձեռնասերժության տրամաբանության մեջ այս գործողությունը կարելի է գնահատել որպես հայրենասիրական քայլ, որը ցրում է խուճապը և հանդարտեցնում է երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը, որովհետև մարդիկ հասկանում են, որ բացի իրենց առօրյա կյանքի-մահու պայքարից՝ այս աշխարհում այլ հետաքրքրություններ էլ կան: Իսկ ո՞վ կարող էր մտածել դրանց մասին, եթե չլինեին մեր փառապանծ իշխանավորները:

Ձեռնասերժության արտաքին քաղաքականության պատճառով մեզ ո՛չ Եվրամիության ասոցացված անդամ են ուզում ընդունել, ո՛չ էլ Մաքսային միության: Բայց դա հոգ չէ, կարևորը՝ այս նեղ մաջալին Սերժ Սարգսյանը մեկնի լատինաամերիկյան երկրներ շրջագայության ու ձեռնասերժության սկզբունքները պատշաճ պաշտպանի լատինաամերիկյան երկրներում:

Կրկին հոգ չէ, որ նրան չեն ընդունում լատինաամերիկյան երկրների նախագահները, կամ էլ նրան հյուրընկալելիս չեն պահպանվում արարողակարգերը, կարևորը արդյունքն է, որը կարելի է ձևակերպել մեկ բառով՝ ձեռնասերժություն…

Այստեղից կարելի է մի եզրակացություն անել՝ հայ ժողովրդի փրկությունը ձեռնասերժության մեջ է: Միայն թե Հայաստանի «լավը» չուզող այլ երկրների ոստիկանությունները չիմանան այս մասին ու մարդասպաններին ու ավազակներին հայտնաբերելու փոխարեն՝ հանկարծ լատինաամերիկյան թփերի տակ չձերբակալեն ու հեռուստատեսությամբ ցույց չտան ձեռնասերժությամբ զբաղվող մեր պաշտոնյաներին: Թեև՝ դրան էլ հակավակցինա կա. դրա համար էլ ժամանակ առ ժամանակ մեր պաշտոնյաները ցողունաբուժության կուրսեր են անցնում:

Սանասար Հավասարյան

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ն կհաստատի 2015 թ. ռուսական նավթամթերքի՝ առանց մաքսատուրքի մատակարարումների նոր ինդիկատիվ բալանսը’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր վթար Մոսկվայի մետրոյում. զոհերի թիվը հասել է 14-ի (լրացվում է)’