‘Ձեռներեցների բոլոր առաջարկները մանրամասն կքննարկվեն. Կառավարություն’

843

Ինչպես արդեն հաղորդել էինք, Շրջանառության հարկի մասին նոր օրենքի դեմ բողոքող ՓՄՁ ներկայացուցիչների պատվիրակությունն այսօր հանդիպել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:  Ձեռներեցները հանդիպումից հետո հայտարարել էին, որ հանդիպման ժամանակ Աբրահամյանը իրենց ասել է, որ երկուշաբթի կտա խնդրահարույց օրենքի վերաբերյալ իր նոր պատասխանը: Քիչ առաջ Կառավարության լրատվական ծառայությունը տարածել է հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ նշվում է, որ Հովիկ Աբրահամյանը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ կառավարության նպատակն է, որպեսզի ՓՄՁ-ներն աշխատեն, արարեն ու այդպիսով նպաստեն նաև տնտեսության զարգացմանը: Հովիկ Աբրահամյանն նշել է, որ կառավարությունը հասարակության շահերից չբխող որևէ քայլ չի կատարելու: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը փաստել է, որ օրենքի առնչությամբ դեռևս նախորդ տարվա ընթացքում ՓՄՁ-ների ներկայացրած առաջարկությունների հիման վրա ընդունվել են կառավարության համապատասխան որոշումներ, որոնք էլ ավելի դյուրին են դարձրել և պարզեցրել օրենքի կիրառելիությունը:

Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում պատկան գերատեսչությունների ներկայացուցիչները պատասխանել են տնտեսվարողների հարցերին և ներկայացրել իրենց փաստարկները:

Հանդիպման ընթացքում տնտեսվարողները ներկայացրել են «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ նոր առաջարկություններ: Մասնավորապես, ՓՄՁ ներկայացուցիչներն առաջարկել են, որպեսզի օրենքը կիրառվի կամավորության սկզբունքով, բարձրացվի ՓՄՁ-ների շրջանառության առավելագույն շեմը և հարկային մարմինների ստուգումները սահմանափակվեն: Միաժամանակ, վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների նախարարությանն առանձին քննարկման առարկա դարձնել ոսկու առևտրով զբաղվող տնտեսվարողների խնդիրները, գտնել համապատասխան լուծումներ՝ հաշվի առնելով նաև նրանց առաջարկությունները:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բոլոր առաջարկները մանրամասն կքննարկվեն կառավարությունում և առաջիկայում կներկայացվեն հանրությանը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ. Եռյակը արտահերթ նախաձեռնություններ կներկայացնի (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Թուրք քաղաքական գործիչը սպառնացել է «արտաքսել ապօրինաբար Թուրքիայի տարածքում ապրող 100 հազար հայերին»’