‘«Ձեռքը ձեռք է լվում». Ռուս իրավապաշտպանները վերապատրաստվում են Հայաստանի ՄԻՊ-ի աշխատակազմում’

830

Հայաստանի Օմբուդսմենի աշխատակազմում վերապատրաստվելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունից Երևան են ժամանել յոթ ճանաչված իրավապաշտպաններ: Ինչպես տեղեկացնում է ՄԻՊ-ի աշխատակազմը, փակ հաստատություններում Հայաստանի Օմբուդսմենի մոնիթորինգային փորձը համարելով օրինակելի` Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է փորձի փոխանակման այս ծրագիրը, որի նպատակն է ռուս իրավապաշտպաններին ծանոթացնել Հայաստանի Օմբուդսմենի ինստիտուտում գործող Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի արդյունավետ գործունեությանը:

Հայաստանում ռուս իրավապաշտպանների վերապատրաստման այս նախաձեռնությունն իրականացվում է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի և Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Լուկինի համագործակցության շրջանակներում՝ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և խտրականության դեմ պայքարի դիրեկտորիատի աջակցությամբ: Եռօրյա այցի ընթացքում ռուս իրավապաշտպաններն այցելել են բանտեր, ոստիկանության բաժանմունքներ, հատուկ դպրոցներ և հոգեբուժարաններ:  Այցերի ժամանակ Հայաստանի Օմբուդսմենի ինստիտուտում ձևավորված Բռնությունների կանխարգելման մեխանիզմի իրավապաշտպանները ռուս գործընկերներին ներկայացրել են փակ հաստատություններում մոնիթորինգ իրականացնելու իրենց փորձն ու հմտությունները, ինչպես նաև անցկացրել են գործնական աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Հայաստանում տաք ձմեռ է սպասվում’
Հաջորդ հոդվածը‘Դեմարշ ենք անելու, առջեւում ձմեռ է. Փոխադրող ընկերությունների միության նախագահ ‘