‘Ձերբակալվել է Վլադիսլավ Մանգասարյանը, ում ամերիկահայ գործարարը մեղադրում է իրեն $10 մլն վնաս պատճառելու մեջ’

1228

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները հունվարի 17-ին՝ ժամը 00.05-ին, Հանրապետության փողոցի 76/2 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1955թ. ծնված Վլադիսլավ Մանգասարյանին, որը հունվարի 16-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, այս մասին Tert.am–ին հայտնեցին Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վլադիսլավ Մանգասարյանին ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում է իր հիմնադրված «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունից (Մաշտոցի 33) 8,5 մլն ԱՄՆ դոլարի անշարժ գույք և 1,5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարներ յուրացնելու մեջ:

«Այդ խմբի կողմից հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով և ընկերությանը կանխամտածված սնանկության տանելու վերաբերյալ 2010թ-ի նոյեմբերին դիմել եմ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին` հույս ունենալով, որ գոնե չվճարված հարկերը գանձելու նպատակով պետական կառույցը միջոցներ կձեռնարկի քրեական գործ հարուցելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Շուրջ 5 ամիս ոչինչ չէր արվում, սակայն իմ հետևողական աշխատանքի շնորհիվ հարցը հանրային հնչեղություն ստացավ և 2011թ. մայիսի 03-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվեց թիվ 83159711 քրեական գործը»,-ԱԺ պատգամավորներին ուղղված նամակում նշել էր Էդմոն Խուդոյանը:

Նա Վլադիսլավ Մանգասարյանի դեմ մեղադրանքներով հանդես էր եկել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված բաց նամակով:

Վլադիսլավ Մանգասարյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Նախորդ հոդվածը‘Կոն, Լատեկ, Վան Գալ, այժմ արդեն նաեւ Գվարդիոլա’
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլի-Սարգսյան համատեղ ասուլիսը տապալվել է թարգմանության պատճառով’