‘Ձեր ռեալ պոլիտիկը մեր պայքարին վնաս չի’

1654

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսում հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է աջակցել ուկրաինացի ժողովրդի՝ խաղաղ բողոք արտահայտելու իրավունքին:

Ու միանգամից շատերը հայտնվեցին միաժամանակյա էքստազի ու հիասթափության մեջ: Մի կողմից` այո՜, Օբաման աջակցում է ժողովրդին, արդարությունը հաղթեց, բարին` չարին, լույսը` խավարին, մյուս կողմից էլ`  2008-ին էլ Հայաստանի գրեթե ողջ ժողովուրդը հրապարակում էր, մի գիշերվա մեջ էլ` իշխանությունն ավելի շատ քաղաքացու կյանք խլեց, քան` այս ողջ ընթացքում Ուկրաինայում, ինչո՞ւ ժողովրդավարության ֆլագման ԱՄՆ-ն չաջակցեց Հայաստանի ժողովրդին:

Ուկրաինայում, փաստորեն ժողովուրդը խաղաղ բողոք արտահայտելու իրավունք ունի, իսկ ՀՀ քաղաքացիներին 2008-ից հետո նույն ԱՄՆ-ն (Եվրոպան էլ, բնականաբար, վրադիր), համոզում էր, թե բա՝ դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ հրաշալի առաջնորդ ունեք: ՀՀ քաղաքացիների վրա, փաստորեն, կարելի էր կրակել, քանի որ ոչ մի խիստ զգուշացում ու պատժամիջոց 2008-ին չեղավ (մի քանի մանր-մունր հայտարարությունները չհաշված), իսկ Մայդանի ցուցարարներին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նուլանդն իր ձեռքով պետք է բլիթներ բաժանի, որովհետև, ինչպես արդեն գիտենք, Ուկրաինայի ժողովուրդը խաղաղ բողոք արտահայտելու իրավունք ունի:

Ու հարցը, թե ինչո՞ւ ԱՄՆ-ն այն ժամանակ Հայաստանին հետևում էր լայն փակված աչքերով, նոր չէ: Մայդանի ձևավորումից հետո` ամերիկյան աջակցության նկատվող աճին զուգահեռ՝ այստեղ` Հայաստանում, հարցն սկսեց քննարկվել: Եւ նրանք, ովքեր իրենց ինչ-որ պահից սկսած արևմտամետ էին հռչակել, գտան հարցի «պատասխանը»` հայտարարելով, թե մենք լավ չենք թափահարել ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի դրոշը, կամ` ընդհանրապես չենք թափահարել այն, ա՛յ, եթե ԵՄ դրոշով գնայինք հրապարակ, մեզ հաստատ կաջակցեին:

Սակայն խնդիրն այն է, թերևս, որ ո՛չ որևէ անսպասելի բան է տեղի ունեցել, ո՛չ էլ այդ պատճառով պետք է առանձնապես դարդոտվել կամ հիասթափվել: Պետք է ընդամենը առանց հույզերի արձանագրել այս իրողությունները` հետագայի համար, ու անցնել առաջ:

Եթե ի սկզբանե մեծ քաղաքականությունը դիտարկում ենք ընդամենը ռեալ պոլիտիկի դիտանկյունից, և ոչ թե` չարի ու բարու, լույսի ու խավարի, արդարության, ճշտի հաղթանակի զգայական, բայց քաղաքականության հետ որևէ աղերս չունեցող հարթությունից, ամեն ինչ շատ ավելի պարզ ու պակաս ցավոտ է դառնում: Չկան (այլ երկրների համար) ամբողջությամբ բարի ու չար պետություններ, չկան անարդար ու արդարության մարտիկ պետություններ` այլոց համար: Բոլոր պերությունները, նախևառաջ, ունեն իրենց շահերը, և արդարություն կամ անարդարություն գործում են՝ ելնելով բացառապես իրենց քաղաքական ու պետական շահերից: Երբեմն այդ շահերը կարող են համընկնել արդարության համար մղվող պայքարներին, երբեմն` ոչ: Առաջին դեպքում, անկասակած, պետությունները հրապարակավ ավելի շատ գործում են զգայական դաշտում (օրինակ` բլիթներ բաժանել ցուցարարներին), իսկ երկրորդ դեպքում ավելի շատ գործում է անտարբերության ու իրադարձություններին աչքերի` Կուբրիկյան տարբերակով նայելու սկզբունքը, բայց դրանից կուլիսային շահերը չեն անհետանում, և մենք դա պարտավոր ենք հաշվի առնել:

Եթե 2008-ին մեզ չեն ցուցաբերել այն աջակցությունը, ինչն այսօր` Մայդանին, ապա դա ամենևին չի նշանակում, որ այն ժամանակ գերտերությունները «չար» էին, իսկ այժմ արդար ու բարի են: Նրանք նույնն են այնքան, որքան որ նույնն են մնացել իրենց շահերը: Սեփական շահը վեր է ամեն ինչից, և զգայական զեղումների մեջ ընկնելու կարիք չկա:

2008-ին ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրոպայի քաղաքական շահերից չէր բխում Հայաստանում ժողովրդավարության համար պայքարի դուրս եկած քաղաքացիներին ոչ միայն «աջակցելն» ու բլիթ բաժանելը, այլև` գոնե նրանց նկատմամբ բռնի ուժ կիրառելուց իշխանություններին հնարավորինս հետ պահելը: 2008-ին Արևմուտքի սիրտը Սերժ Սարգսյան էր ուզում, որովհետև Սարգսյանն, իրենց լեզվով ասած՝ քաղաքական հարցերում ավելի ճկուն էր, ասել կուզի` զիջումների պատրաստ, քան ընդդիմությունը, որ, էլի՛ նրանց լեզվով ասած՝ կարծր էր, ասել կուզի` հանուն իշխանության գալու՝ զիջումներ չէր խոստանում այն հարցերում, որ հետաքրքրում էին Արևմուտքին: Իսկ դրանք հիմնականում երկու կարևոր հարցեր էին` հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ հիմնախնդրի կարգավորումը, որոնց հետագայում պետք է ավելանար նաև երրորդ մի կարևոր գերխնդիր` կառավարելի (հե՛նց կառավարելի, և ոչ օրինական ճանապարհով ընտրված ու ինքնուրույն) իշխանության օգնությամբ Հայաստանը, իբր, դեպի Եվրոպա տանելը, իսկ իրականում` Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելու փորձ կատարելը: Փորձ, որովհետև հարյուր տոկոսանոց երաշխիք չկար, որ կառավարելի իշխանությունը կառավարելի է ո՛չ միայն Արևմուտքի կողմից, և, բացի այդ, ակնհայտ էր, որ եթե Արևմուտք-կառավարելի իշխանություն զույգի այդ փորձը ձախողվեր, ինչպես որ եղավ սեպտեմբերի 3-ին, դրանից նախ տուժելու էին Հայաստանն ու ՀՀ քաղաքացիները, և այդ ժամանակ նրանցից և ոչ մեկը չէր կանգնելու ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ` ՀՀ քաղաքացիների թիկունքին:

Իսկ այսօր` Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները հետարքրքում են ԱՄՆ-ին (նորից` ոչ թե արդարության, ոչ թե չարի դեմ բարու հաղթանակի, ոչ թե այն պատճառով, որ ընդդիմությունն այնտեղ ավելի զիջումներ է խոստացել, այլ հենց քաղաքական հաշվարկների տեսանկյունից), այդ պատճառով էլ Վիկտորյա Նուլանդը մեկնում է Մայդան՝ բլիթ բաժանելու:

Եւ սա ամենևին էլ չի նշանակում, թե մենք ավելի վատ էինք պայքարում, քան Մայդանցիները, ոչ էլ այն` թե մենք բողոքող մայդանցիների հաղթանակը չենք ցանկանում (ամենևին, ավելին` զուտ արդարության, չարի ու բարու, զգայական տեսանկյունից`լավ էլ ցանկանում ենք), ուղղակի այս պարագայում մենք պարզապես փաստերն ենք արձանագրում: Չենք նեղվում, չենք ջղայնանում, չենք անիծում անարդար աշխարհին և հնարավորինս զերծ ենք մնում հնդկական կինո խաղարկելուց, ուղղակի արձանագրում ենք, որ միշտ չէ, որ իրենց` աշխարհում ժողովրդավարության ջատագովներ հռչակած պետություններին ձեռնտու են ժողովրդավարական շարժումները:

Ուղղակի ինքներս մեզ համար ֆիքսում ենք` Արևմուտքի քաղաքական շահը 2008-ին պահանջում էր, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում գա իշխանության: Ինչ գնով` կարևոր չէր: Ավելի ճիշտ՝ կարևոր էր, բայց ոչ պարտադիր: Ու եթե ցանկալի տարբերակը չէր գործում, ապա կարող էր գործել նաև պլան B-ն: Ընտրկեղծիքներ, քաղբանտարկյալներ, առնվազն տասը զոհեր, արտակարգ դրություն, տնտեսական հալածանքներ, թխված քրեական գործեր, համընդհանուր տեռոր: Չարի ու բարու տեսանկյունից` ոչ մի «բարի» պետություն այս ամենին անտարբեր չէր կարող նայել: Սակայն, ինչպես գիտենք, հիմնական վերաբերմունքն այս ամենին` անտարբերությունն էր. Հայաստանցի ոչ մի պաշտոնյայի հաշվեհամար չսառեցվեց, ոչ մեկին ոչ մի սանկցիանով չսպառնացին, բանաձևերն ու զեկույցներն ընդունվեցին, անցան- գնացին: Սրանք շատ կարևոր փաստեր են, որոնք անընդհատ պետք է հիշել ու արձանագրել, բայց ոչ երբեք ընկնել հիասթափության գիրկը:  Ի վերջո, ռեալ պոլիտիկը՝ ռեալ պոլիտիկ, բայց նրանց ռեալ պոլիտիկը մեր պայքարին վնաս չի:

Հ.Գ. Ի դեպ, Կոնգրեսի վարչության վերջին նիստում նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթը հենց այս փաստերի արձանագրումն էր: Նախագահը, որ շատ ավելի թրծված է քաղաքականության մեջ, և շատ ավելի լավ գիտե, թե երբ ու ինչպես են գերտերությունները արձագանքում այս կամ այն իրավիճակում, ոչ թե փնովեց, ոչ թե պահանջեց կամ հիասթափության նշույլներ ցուցադրեց, (ինչը հաճախ են անում այսօր հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչները` մեկ՝ «բադասխան» պահանջելով, մեկ` նեղացած փնովելով), այլ արձանագրեց բոլոր իրողությունները: Բայց և չմոռանանք, որ վերջում նախագահը  մեկ այլ արձանագրում էլ կատարեց. մենք մեր պայքարից չենք շեղվելու, և  շուտով գալու է իշխանության պատախան տալու ժամանակը: Անկախ այն հանգամանքից, թե որ գերտերության շահերին դա կհակասի, որ գերտերությանը` հակառակը: Կարևորը Հայաստանի պետական շահն է, իսկ Հայաստանի պետական շահը պահանջում է հնարավորինս արագ ազատվել այս իշխանություններից: Քանի դեռ կա Հայաստանի պետականությունը:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը պատժամիջոցներ է նախապատրաստում ուկրաինական իշխանությունների և ընդդիմության դեմ’
Հաջորդ հոդվածը‘Անհայտ անձինք Ուկրաինայում տապալել են Լենինի հուշարձանը’