‘Ձորակապում քաղաքական ճգնաժամ է. Մամուլ’

926

 

            Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչները, որոնք ակտիվ են եղել բոլոր ընտրությունների ժամանակ, այս անգամ որոշել են չմասնակցել քվեարկությանը: Այս գյուղը հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով, նրանով, որ միակ համայնքն էր 2003 թվականի ընտրությունների ժամանակ, որտեղից Ռոբերտ Քոչարյանը ոչ մի ձայն չկարողացավ ստանալ:

«Հրապարակը» գրում է, որ Ձորակապի գյուղապետ Զարզանդ Սահակյանը կառավարում է արդեն մոտ 22 տարի: Նախկինում նա լևոնական էր, բայց 2008 թվականի ընտրություններից հետո դարձավ հանրապետական և այդ օրից կորցրեց վստահությունը համագյուղացիների մոտ: Այնուամենայնիվ, սեպտեմբերին նա գյուղապետ ընտրվեց 4 ձայնի տարբերությամբ: Ձորակապում պատմում են, որ Սահակյանը ախալքալաքցիների է բերել գազելներով, գրանցել իրենց տների վրա, որպեսզի կարողանա «զոռով-շառով» գյուղապետ ընտրվել: «Տղես տեսավ ընտրացուցակում, որ երեք հոգի ավել մարդ էին գրանցել մեր տան վրա, միլիցայություն դիմեց, հանել տվեց դրանց»,- պատմում է գյուղի բնակիչ Մարտին Մնացականյանը: Ինքը` գյուղապետ Սահակյանը վստահեցնում է, որ այդ խոսակցությունները սուտ են, և ինքն արդար ընտրության արդյունքում է անցել: Ըստ նրա, իրականությանը չեն համապատասխանում նաև ընտրությունները բոյկոտելու վերաբերյալ կանխատեսումները: «Օրը կգա` կտեսնեք, բոլորը հանգիստ կգնան-կընտրեն»,- ասում է նա:

Սեպտեմբերի 9-ից հետո, երբ Զարզանդ Սահակյանը նստեց գյուղապետի աթոռին, Ձորակապում երկիշխանություն ձևավորվեց: Ավագանու 5 անդամներից երեքն ընդդիմադիր հայացքներ ունեն, այդ թվում նաև Հովհաննես Հակոբյանը, որն ընտրական հանձնաժողովի նախագահն է և նախկին քաղբանտարկյալ, կալանավայրերի նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի ազգականը: Մյուս երկու անդամները Հանրապետական կուսակցության համակիրներ են: Ավագանու նիստերի ժամանակ թեժ քննարկումներ են լինում, որոնք, որպես կանոն, արդյունք չեն տալիս: Մինչև հիմա նույնիսկ համայնքի բյուջեն չենք հաստատել: «Եթե այսպես շարունակվի, ավագանին անվստահություն է հայտնելու գյուղապետին,- ասում է Հովհաննես Հակոբյանը,- 3 մլն-ից մի քիչ է ավելի, բայց գյուղապետն ուզում է 11 հոգի աշխատող պահի: Իրեն 195 հազար դրամ աշխատավարձ նշանակի, հավաքարարին, որը մի ժամ գալու է մաքրի-գնա, մի 50 հազար»: Բայց համայնքում անգամ աղբ թափողի հաստիք չկա: Ամենուրեք` գերեզմանոցի մոտ, մայրուղու վրա, աղբակույտեր են:

Այս օրերին գյուղում ուշադիր հետևում են Հ1-ով հեռարձակվող քարոզարշավին: Այլ ալիք այստեղ չի բռնում: Ընդդիմադիր ձորակապցիները որոշել են. իրենք կմասնակցեն ընտրությանը միայն այն դեպքում, եթե ընդդիմադիր թեկնածուները միավորվեն: Թեկնածուներ ոչ Ձորակապում, ոչ հարևան Մարալիկում չեն երևացել: Միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է բուկլետներ ուղարկել Ձորակապ:

Բոլորից շատ նրանց զարմացրել է Անդրիաս Ղուկասյանը: Անասնապահ Մանվել Հակոբյանը, որը 2008 թվականի միտինգների ակտիվ մասնակիցն է եղել, օր ու գիշեր անցկացրել վրաններում և նույնիսկ 4 օր հացադուլ է արել, չի հավատում, որ Անդրիասը սոված է: «Էդիկ ո՞նց է հելնում-ֆռֆռում: 4-րդ օրը պառկածս տեղը պետքս չէր: Որ հելնում-կանգնում էի, խելքս մաղում էր: Որ մարդ էր գալիս թերթից, հելնում-նստում էի, աչքերիս դեմը մի հոգին 2 հատ էր երևում»,- պատմում է փորձառու հացադուլավորը: Հավատացնում է, որ դեղ կա, մի կոճակ դնում ես լեզվիդ տակ, ամբողջ օրը կարող ես հաց չուտել: «Ուրեմն դու դրել ես լիզվիդ տակը, որ քեզի պահել է»,- կատակում են շիրակցիք:

Նախորդ հոդվածը‘Ալլա Հովհաննիսյան. «Ձայն մի՛ տվեք Սերժ Սարգսյանին, մի՛ ուրացեք արյունը». Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’