‘Ձվեր՝ նախագահի համար, կամ ինչ առարկաներ կարելի է նետել քաղաքական գործիչների վրա (տեսագրություններ)’

1370

Քաղաքականությունը ոչ միայն շատ ծանր ու պատասխանատու գործ է, այլև հաճախ՝ շատ վտանգավոր: «Անշնորհակալ» ընտրողները, մե՛կ  էլ տեսար՝ «այս աշխարհի հզորների» վրա կոշիկ շպրտեցին կամ էլ նույնիսկ ապխտած ձուկ: Գերմանիայի նախագահ Յոհախիմ Գաուկին, օրինակ, չեխ ընտրողներից բաժին հասավ ձու: Ճիշտ է, այն նախատեսված էր իրենց նախագահի՝ Միլոշ Զեմանի համար, բայց երևի ձուն նետողը լավ չէր հաշվարկել թռիչքի շառավիղը:

Նորագույն պատմության մի քանի ուշագրավ դեպքեր ներկայացնում է Лента.ру-ն:

2008 թ. դեկտեմբերի 14-ին եգիպտացի լրագրող Մունտազար ալ-Զեյդին կատարեց պատմության մեջ հայտնի՝ կոշիկի նետումը. Բաղդադում մամլո ասուլիսի ժամանակ «Ալ-Բաղդադիա» հեռուստաալիքի թղթակիցը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի վրա նետեց, նախ, մի կոշիկը, ապա՝ երկրորդը: Բուշը ճարպկորեն խույս տվեց երկուսից էլ: Լրագրողին, իհարկե, ձերբակալեցին, և նա դատապարտվեց 3 տարի ազատազրկման, թեպետ Բուշն ասել էր, որ չարացած չէ լրագրողի վրա:

Իրաքում «Բուշի կոշիկները» միանգամից դարձան հակաամերիկյան քաղաքականության խորհրդանիշ: Մարդիկ կոշիկները ձեռքներին դուրս էին գալիս փողոց՝ ընդդեմ երկրում ամերիկյան ռազմական ներկայության: Իսկ Baydan Shoes  ֆիրման, որի արտադրած կոշիկներով էր եղել ալ-Զեյդին, ստիպված էր 100 հոգով ավելացնել իր աշխատակազմը, որպեսզի կարողանա գլուխ հանել ՝ «Բուշի կոշիկներ» անունն ստացած «271 մոդելի» պատվերների հսկայական քանակից:

2010 թ. դրությամբ արդեն կոշիկների նետումից տուժել էին՝ Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոն, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սամարայի քաղաքապետ Վիկտոր Տարխովը, Շվեդիայում Իսրայելի դեսպան Բենի Դագանը և այլ քաղաքական գործիչներ:

2009 թ. դեկտեմբերի 13-ին, երբ  Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Միլանի Դուոմո տաճարի մոտ շփվում էր ժողովրդի և լրագրողների հետ, շատ մոտ տարածությունից քաղաքի 42-ամյա բնակիչ Մասիմո Տարտալյան նրա վրա նետեց Դուոմո տաճարի բավական ծանր արձանիկը: Հարվածն այնքան ուժեղ ստացվեց, որ կոտրվեցին Բեռլուսկոնիի քիթը, մի քանի ատամներ, շրթունքը պատռվեց: Նրան տեղափոխեցին հիվանդանոց, իսկ հարձակվողին՝ հոգեբուժարան. պարզվեց, որ նա արդեն 10 տարի տառապում է հոգեկան խանգարումով:

Քաղաքական գործիչների վրա նետվող առարկաների մեջ  առաջատարը, իհարկե, ձուն է:

2010 թ. Դոնի Ռոստովում ձու նետեցին Ռուսաստանի այն ժամանակվա կրթության նախարար Անդրեյ Ֆուրսենկոյի վրա: «Դիպուկահար»-ուսանողը վրիպեց, և ձուն կպավ մեկ ուրիշ ուսանողի, որն էլ, ի պատասխան, առանց հապաղելու կոտրեց ձախողակի քիթը:

Ձվից տուժել են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, դերասան Առնոլդ Շվարցենեգերը (երբ Կալիֆոռնիայի նահանգապետն էր), ինչպես նաև՝ Ուկրաինայի նախագահներ Վիկտոր Յուշչենկոն և Վիկտոր Յանուկովիչը: Ի դեպ, ֆիզիկոսները խորհուրդ են տալիս ցուցարարներին և առհասարակ՝ ընդդիմադիրներին՝ քաղաքական գործիչների վրա նետել պինդ եփած ձվեր, քանի որ դրանց թռիչքի հետագիծը ավելի կայուն է՝ պնդացած դեղնուցի շնորհիվ:

Այլ ուտելիքներ նետել ֆիզիկոսները խորհուրդ չեն տալիս՝ ոչ ճիշտ ձևերի և նետելու համար այնքան էլ որ հարմար տեսքի պատճառով, բայց դա, իհարկե, դժգոհ քաղաքացիներին այնքան էլ չի հետաքրքրում:

Համենայն դեպս՝ 2013 թ. Ուկրաինայի մի քաղաքացուհի այնքան էլ բանի տեղ չէր դրել այդ խորհուրդը, երբ կաղամբ նետեց ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վրա: Վերջինս դրանից չտուժեց:

Իր նպատակակետին չհասավ նաև Նիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի վրա նետված լոլիկը՝ Մոսկվա կատարած նրա այցի ժամանակ:

Հարձակվողների զինանոցում պատահել են նաև ավելի էկզոտիկ «արկեր»: Այսպես, 2011 թ. կոմունիստ Սերգեյ Կովանի վրա ապխտած ձուկ՝ սելյոդկա են նետել, 2004 թ. Նիժնի Նովգորոդի քաղաքապետ Վադիմ Բուլավինովի վրա՝ տորթ, իսկ Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոցին 2012 թ. բաժին է ընկել պինդ յոգուրտ: Սակայն նման հարձակումներից միակ վնասը կրում են կոստյումները, և քաղաքական գործիչները կարող են հաշտվել այդ կորուստի հետ. չէ՞ որ նրանք այնքան էլ աղքատ մարդիկ չեն:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Ինչո՞ւ եք ուղարկել այս հակասահմանադրական նախագիծը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ստրկության համաշխարհային վարկանիշում Հայաստանը 81-րդն է ‘