‘Ղազախստանը Մաքսային միության` Հայաստանով անցնող սահմանների վերաբերյալ հատուկ կարծիք կարտահայտի’

1182

Ղազախստանը պատրաստ է ստորագրել Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզը», սակայն` հատուկ կարծիքով հանդերձ, քանի որ պահանջում է ճշտել Մաքսային միության սահմանները ԼՂ հիմնախնդրի հետ կապված: Այս մասին, ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության, հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:

«Հայաստանի վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» ամբողջովին համաձայնեցված է, կարծում եմ, որ կարելի է այն ընդունել: Այնուհանդերձ, Մաքսային միության սահմանի հարցը, թե որտեղով պետք է այն անցնի Հայաստանում, կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, բաց է մնում: Այդ պատճառով էլ մենք գործընկերների հետ կստորագրենք «ճանապարհային քարտեզները», բայց հատուկ կարծիքով հանդերձ», — ասել է Նազարբաեւը:

Նա հույս է հայտնել, որ փաստաթղթի համաձայնեցման ընթացքում փորձագետները այս հարցի որոշումը կգտնեն: 

Նշենք, որ աշխատանքային այցով Մոսկվայում է գտնվում Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է, որ այս այցի ընթացքում կստորագրվի Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ «ճանապարհային քարտեզը»: 

Նախորդ հոդվածը‘iLur Բլոգ. Խուսափիլ Դատարկ կրակոցներէն (Նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի վերջին ելոյթին առթիւ)’
Հաջորդ հոդվածը‘Ցավակցություն Վանո Սիրադեղյանին’