‘Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագիծ Կալիֆորնիայի խորհրդարանում’

974

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր Մայք Գաթոն օրինագիծ է ներկայացրել, որը ճանաչում և Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ը՝ հղում անելով Ամերիկայի հայկական խորհրդին:

Հաղորդագրության համաձայն, AJR 32 օրինագիծը, մասնավորապես, հիշեցնում է Միացյալ Նահանգների պատմությունը՝ կապված «ինքնորոշման և ժողովրդավարական անկախության» ժողովրդի իրավունքի հետ:

Երեք հայկական կազմակերպություններ՝ Ամերիկայի հայկական խորհուրդը, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը և Միավորված երիտասարդ հայերը արդեն իրենց աջակցությունն են հայտնել նախագծին:

Մայք Գաթոն հայտնել է, որ օրինագծի մշակման ժամանակ աշխատել է հայ համայնքի և նրա ակնառու ներկայացուցիչների հետ, ապա հավելել է․ — «Ես հատկապես պատիվ ունեմ ներկայացնել այս օրենսդրությունը այն օրը, երբ աշխարհի հայերը իրենց ընտանիքների և սիրելիների հետ տոնում են Սուրբ Ծնունդը»:

Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից ընդունվելու դեպքում օրինագծի պատճենը կփոխանցվի Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի քարտուղարություններին, ամերիկյան Կոնգրեսում Կալիֆորնիայի պատվիրակության բոլոր անդամներին, նշում է Ամերիկայի հայկական խորհուրդը:

Նախորդ հոդվածը‘Եվս 4 հանգստյան օր հունվարին’
Հաջորդ հոդվածը‘ Լևոն Զուրաբյան. Քաղաքական կոնսոլիդացիան կայացել է (տեսանյութ)’