‘«Ղարաբաղյան հակամարտությունում ժամանակն աշխատում է հօգուտ Ռուսաստանի, այլ ոչ թե` Հայաստանի կամ Ադրբեջանի»’

1321

Ադրբեջանցի քաղաքական տեսաբան Ռաուֆ Միրկադիրովի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

— Ինչպիսի՞ն է, Ձեր կարծիքով, Ադրբեջանի և Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ընտրությունների վերջին փուլից հետո…

Դիտարկելով Հայաստանի և Ադրբեջանի ներքաղաքական իրադարձությունները` ամենից առաջ աչք է զարնում դրանց կտրուկ տարբերությունը Վրաստանից, որի հասարակությունը մշտական ակտիվ վիճակում է գտնվում: Լավ է դա, թե՞ ոչ` այլ հարց է: Ադրբեջանի ներքաղաքական տարածությունը սկսել է վերաֆորմատավորվել` ընդհուպ մինչ այդ գոյություն ունեցող ինֆորմացիայի մաքրումը: Այդ պատճառով չի կարելի ասել, թե Ադրբեջանի վերջին նախագահական ընտրություններից հետո ինչ-որ բան փոխվել է: Այո, ընտրությունների նախաշեմին ինչ-որ կերպ հասարակությունն ակտիվացնելու, վերջեպես ինչ-որ քաղաքական տարածություն ստեղծելու փորձ արվեց, սակայն դա հաջողությամբ չպսակվեց: Հայաստանում, ի տարաբերություն Ադրբեջանի, այնուամենայնիվ, ներքին գործընթացներ տեղի են ունենում: Սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակը դրա լավագույն վկայությունն է: Եվրաինտեգրման կողմնակիցները Հայաստանում ավելի շատ են, քան այն մի քանի հարյուր մարդը, ովքեր փողոց են դուրս եկել` բողոքելով Մաքսային միությանն անդամակցելու նախագահի որոշման դեմ: Հայաստանի ներքին գործընթացների վերաֆորմատավորման մասին է վկայում նաև խորհրդարանական վերջին ընտրություններում ընդհանուր առմամբ ձայների գրեթե կեսը ստացած ընդդիմության` նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարվելը: Դա բոլորովին անհասկանալի է: Եվ դրա պատճառները բազում են, օրինակ` դրսից որոշ կուսակցությունների կառավարումը: Լևոն Տեր-Պետրոսյանին ճնշեցին 2008 թ. մարտի իրադարձությունները, և նա վախենում էր դրանց կրկնման պատասխանատվությունից: Կոպտագույն սխալը` Գագիկ Ծառուկյանի հետ վերջինիս միության տեսքով, հանգեցրեց նրա գլխավորած բողոքական շարժման անկմանը:

— Արդյո՞ք որևէ լավատեսություն եք տածում գրեթե երկամյա ընդմիջումից հետո Վիեննայում նախագահների հանդիպմնան առնչությամբ:

Կարծում եմ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում դրական միտում, պայմանավորված որոշակի գործընթացներով, այնուամենայնիվ, նկատվում է: Սակայն, կա նաև բացասական միտում`պայմանավորված նույն իրադարձություններով: Ես երկու միտումներն էլ կապում եմ սեպտեմբերի 3-ի հետ:

Մինչ այդ թե’ հայերը, թե’ ադրբեջանցիները բանակցային գործընթացում ելնում էին այն բանից, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին. ադրբեջանցիները` տնտեսության ուժեղացմամբ, շնորհիվ նավթի ու գազի, Հայաստանի մասնակի մեկուսացվածության և այլն, հայերը` տարածքներ տնօրինելու փաստով, ինչը վաղ թե ուշ իր ձևակերպումը կստանա միջազգային իրավական տարածությունում:  Սակայն, վստահ եմ, որ ժամանակն աշխատում է հօգուտ Ռուսաստանի, այլ ոչ թե` Հայաստանի կամ Ադրբեջանի: Եվ սեպտեմբերի 3-ը հերթական անգամ ապացուցեց դա:

— Եկեք այդ մասին ավելի մանրամասն խոսենք

Մի կողմ թողնելով վերլուծական և փորձագիտական հանրության բոլոր գնահատականները` վկայակոչեմ Սերժ Սարգսյանի խոսքերը, ով Մոսկվայից վերադառնալուց հետո հայտարարեց, որ Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել մեկ ռազմաքաղաքական և մեկ այլ տնտեսական տարածությունում: Այսպիսով, պարզ է դառնում, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը բացահայտ խոստովանել է, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության որոշման վրա որոշակի ներգործություն է ունեցել հենց անվտանգությունը: Սակայն, Հայաստանը դեռ մի փոքր ժամանակ ունի: Եթե դիրքորոշումը փոխվել է մեկ օրում, հավանաբար, այն կարելի է փոխել նաև 6 ամսում:

— Իսկ ի՞նչ է դա տալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Սեպտեմբերի 3-ից հետո դասավորվող իրավիճակը դրդում է կարգավորման թե’ Հայաստանին, թե’ ինչ-որ իմաստով Ադրբեջանին: Քանի որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական մեծ շահեր ունեցող Ռուսաստանի գերակայություններից խիստ կախված Հայաստանն իր հերթին հակասում է Ադրբեջանի շահերին: ՄՄ անդամ Հայաստանը զրկում է Բաքվին Ռուսաստանի հետ խաղում մանևրելու հնարավորություններից` համապատասխանաբար, վտանգ ներկայացնելով իր համար: Այս հանգամանքը, կարծես, Ղարաբաղի շուրջ  պայմանավորվածության  հանգելու որոշակի խթան է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար մինչև ՄՄ-ին անդամակցությունը մնացած այս ամիսների ընթացքում, թեև ժամանակը շատ քիչ է: Ռուսաստանին պատկանող 102-րդ ռազմակայան այցելությամբ մեկնարկած Պուտինի Հայաստան այցը հասցեագրված էր Արևմուտքին: Այլ կերպ ասած`Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ միայն չի պատրաստվում հեռանալ, այլ նաև մտադիր է ամրապնդվել Հարավային Կովկասում: Հայտարարությունը բավականին ամբիցիոզ է`հաշվի առնելով, որ Վրաստանը վաղուց է կողմնորոշվել, իսկ Ադրբեջանն ակնհայտորեն նույնպես չի պատրաստվում անդամակցել ՄՄ-ին: Այդ պատճառով Հայաստանում ամրապնդված Ռուսաստանն ամեն կերպ կտորպեդահարի Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը:

— Ներքին մեծ խնդիրներ ունեցող Ռուսաստանի ինչի՞ն է պետք կենտրոնանալ ԽՍՀՄ վերականգնման վրա:

Դժվար է բացատրել, թե ներքին մեծ խնդիրներ ունեցող Ռուսաստանը ինչու է կենտրոնացել ԽՍՀՄ վերականգնման վրա, քանի որ Ռուսաստանն առանձնապես թե’ Հայաստանի, թե’ Ադրբեջանի կարիքը չունի: Տնտեսական առումով Ռուսաստանը նույնիսկ Ուկրաինայի կարիքը չունի`չնայած այդ ուղղությամբ վերջինիս ողջ հետաքրքրությանը: Հետխորհրդային երկրների հետ ռուսական արտաքին առևտրաշրջանառության բաժինը `ներառյալ ՄՄ երկրները, չի գերազանցում ընդհանուր շրջանառության 15%-ը: Հիմնական շրջանառությունը ձևավորվում է Արևմուտքին վաճառվող էներգառեսուրսների հաշվին: Հետևաբար`խնդիրն այլ է: Յուրաքանչյուր մայրցամաքային կայսրություն, ի տարբերություն ծովային կայսրությունների, դժվարությամբ է հաշտվում ցանկացած տարածքի կորստի հետ: Ռուսաստանի և Թուրքիայի նման երկրները սովոր են քաղաքական-հոգեբանական մակարդակով ցանկացած տարածք սեփականը համարել: Մինչդեռ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ժամանակին համեմատաբար հեշտ հրաժարվեցին իրենց անդրծովյան տարածքներից, քանի որ դրանք որպես գաղութ էին ընկալում: Պուտինն այսօր ոչինչ չունի տալու ռուս հասարակությանը, իսկ այս կամ այն տեսքով ԽՍՀՄ վերակագնումը Կրեմլ Պուտինի երկրորդ գալստի այցեքարտն է:

— Վերջին ժամանակներս Մոսկվան, դեռևս փորձագիտական մակարդակով, ակտիվորեն հրավիրում է Թեհրանին տարածաշրջանում «անվտանգության նոր արտադաշինքային համակարգ», որն իր մեջ ներառում է Հարավային Կովկասը: Ինչո՞վ է դա հիմնավորված և ի՞նչ դեր են դրանում խաղում ԻԻՀ առնչությամբ ժնևյան պայմանավորվածությունները:

Իրականում Իրանի շուրջ իրավիճակը, համենայն դեպս վերջինիս դերն աշխարհաքաղաքական կոորդինատների համակարգում, գործնականում չի փոխվել: Կարծում եմ, որ Ժնևում Իրանի շուրջ ձեռքբերված բոլոր նախնական պայմանավորվածությունները թայմ-աութ էին Ռուսաստանի, Արևմուտքի և Իրանի համար:

— Այսինքն, ԱՄՆ նկատմամբ «նոր Իրանի» լոյալության վերաբերյալ բոլոր խոսակցություններն անհի՞մն են:

Այդ դեպքում որևէ արտադաշինքային միություն տարածաշրջանում, ըստ էության, չի կարող լինել: Իրանի` լոյալ պետություն վերածվելու համար անհրաժեշտ է ԻԻՀ ներքաղաքական տարածության լիակատար վերաֆորմատավորում, ինչպես տեղի ունեցավ 1978 թվականին: Իրանում Իսլամական հեղափոխությունից հետո 35 տարում ստեղծվել է արմատապես նոր քաղաքական տարածություն`հիմնված այն բանի վրա, որ «ԱՄՆ-ը չարի կայսրություն է», և 6 ամսում փոխել այդ տարածությունն անհնար է: Ռուսաստանն ամերիկյան շահերին հակասող իր շահերն ունի այդ տարածաշրջանում: Եվ եթե Թեհրանը հանկարծ յոյալ դառնա ԱՄՆ հանդեպ, այդ հակասությունները կտարածվեն նաև Իրանի վրա: Ըստ որում, ժնևյան գործընթացի շարունակումը տորպեդահարելու հարցում ամենից շատ շահագրգռված է վերջինիս նախաձեռնողներից մեկը հանդիսացող Ռուսաստանը: Այսպիսով, այսօր ԱՄՆ միակ դաշնակիցները տարածաշրջանում Թուրքիան է, որի ծառայություններից Վաշինգտոնը ոչ մի կերպ չի կարող հրաժարվել, և Իրանի ջանքերով հարևաններից մեկուսացած Իսրայելը: Բացի այդ, հիշեցնեմ ռուսական տնտեսության մասին: Եթե իրանական նավթը համաշխարհային շուկա դուրս գա, ռուսական նավթի գինը մեկ բարելի դիմաց 100 դոլարից ցածր կլինի, առնվազն`մեկ տարով: Իսկ դա լավ չի անդրադառնա ռուսական բյուջեի վրա:  Այսպիսով, Իրանի և ԱՄՆ-Արևմուտքի միջև հարաբերությունների կտրուկ փոփոխման շանսերը մոտ ապագայում նվազագույն եմ գնահատում:  

Նախորդ հոդվածը‘250 մլն դրամ պետբյուջեից՝ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամին. Հիմնավորումը ցնցող է’
Հաջորդ հոդվածը‘Նորություններ ապառնի ժամանակով. Գյումրու օրինակով տեխնոլոգիական կենտրոն կստեղծվի նաև Վանաձորում’