‘Ղարաբաղցի իրավապաշտպան. ԼՂՀ նախագահը պետք է հրապարակավ ներողություն խնդրի հայ ժողովրդից’

1749

«Նրանք, ովքեր շահարկում են Ադրբեջանի` իրավիճակից օգտվելու վտանգը՝ կապված Լեռնային Ղարաբաղում ներքաղաքական իրավիճակի ու ղարաբաղյան իշխանությունների նկատմամբ քննադատության հետ, նրանք բացառապես մեկ նպատակ են հետապնդում` երկարաձգել սեփական իշխանավարումը կամ իշխանություններին են աջակցում` սեփական օրակարգն իրականացնելով, որն ամենեւին էլ կապված չէ մեր պետության ո՛չ ազգային գաղափարների, ո՛չ էլ մեր երկրի բարեկեցության հետ»,- այդ մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեի նախագահ Կարեն Օհանջանյանը` անդրադառնալով ԼՂՀ Բերձորում Հիմնադիր խորհրդարանի կողմից կազմակերպված ավտոերթի մասնակիցների դեմ իրականացված բռնություննրերին:

Նա նշել է, որ «ընդհակառակը` քննադատությամբ հզորանում եւ զարգանում է պետականությունը»:

«Այն, ինչ տեղի ունեցավ, անողոք քննադատության է արժանի, քանի որ հսկայական վնաս հասցվեց Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգությանը, գործնականում ստեղծվել է անհաղթահարելի մի ջրբաժան մեր պետությունների բնակչության միջեւ եւ ոտնահարվել է Լեռնային Ղարաբաղի իմիջը միջազգային հարթակում` որպես կիսաժողովրդավարական պետություն: Այս ամենի համար մեղավոր է Լեռնային Ղարաբաղի կոռումպացված եւ ոչ ժողովրդավարական իշխանությունը: Ես պահանջում եմ իշխանություններից, որպեսզի անկողմնակալ քննություն իրականացնեն տեղի ունեցածի առնչությամբ` հասարակության լայն եւ անաչառ շերտերի ներգրավմամբ, իսկ քննության արդյունքում պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին` Լեռնային Ղարաբաղի օրենքներին համապատասխան: Լեռնային Ղարաբաղի նախագահը պետք է Լեռնային Ղարաբաղի անունից հրապարակավ ներողություն խնդրի հայ ժողովրդից` իր խնամակալության տակ գտնվող պետական մարմինների պահվածքի համար»,- ասել է Օհանջանյանը:

 

Անդրադառնալով ավտոերթի կազմակերպիչներին` Օհանջանյանը նշել է. «Այն համատեքստում, ինչ տեղի ունեցավ, կարծում եմ, որ ավտոերթի կազմակերպիչները նույնպես ունեին իրենց թաքնված օրակարգը` ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ապակայունացնելու համար, եւ օգտվելով դրանից՝ ստանալ մաքսիմալ քաղաքական շահ: Կարճաժամկետ կտրվածքով նրանք հասան իրենց նպատակին, երկու հանրապետությունների հասարակ քաղաքացիների միջեւ անբարյացակամության մակարդակը հասել է մաքսիմալի` առավել քան երբեւէ մեր պետությունների գոյության ընթացքում: Սրա համար, իհարկե, մեղավոր են նաեւ երկու հանրապետությունների իշխանությունները, որոնք մեր անկախության ընթացքում չեն կանխել կենցաղային մակարդակում նման խոսակցություններն ու նախազգուշացումները: Ավելին՝ քաղաքացիական հասարակության, ինտելեկտուալների եւ վերնախավի ներկայացուցիչների մեղքը նույնպես չափազանց մեծ է: Դրա հիմքում ժողովրդավարության բավական ցածր մակարդակն է մեր երկրներում, իրական պետականության գաղափարի ընկալման եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջանների միջեւ փոխհարաբերությունների մշակույթի բացակայությունը: Հիմա անհրաժեշտ է, որ երկու կողմերը բարի կամք դրսեւորեն, որպեսզի շտկեն իրավիճակը` ծայրահեղ ծանր եւ թշնամական վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Առաջին քայլը կարող էր լինել ԼՂՀ նախագահի կոչը կատարվածի առիթով` ուղղված ողջ հայ ժողովրդին: Դա, անվիճելիորեն, կմեղմացներ լարվածությունը: Հայերը պետք է համբերություն եւ բարի կամք դրսեւորեն: Մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջեւ եւ միայն միասին կարող ենք դրանք հաղթահարել»: 

Նախորդ հոդվածը‘Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի թվակազմը կլինի 30 հազար մարդ’
Հաջորդ հոդվածը‘Գնդակոծության արդյունքում Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ է զոհվել ‘